Նպատակը վրեժն ու թշնամանքը չէ

28/04/2008

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ուղերձ է հղել ապրիլի 24-ի ցեղասպանության զոհերի կապակցությամբ: «Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Օսմանյան Թուրքիայում պետականորեն ծրագրված եւ իրականացված եղեռնի արդյունքում հայ ժողովրդի մի հսկայական հատված բնաջնջվեց իր բնօրրանում եւ զրկվեց իր կենսատարածքից։ Ոչնչացվեցին եւ այսօր էլ շարունակում են ոչնչացվել քաղաքակրթական, մշակութային եւ նյութական բազում արժեքներ, որ հայ ժողովուրդն արարել է հազարամյակներ շարունակ,- ասված է ուղերձում,- Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման խնդիրը Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի օրինաչափ եւ անխուսափելի մասն է։ Համայն հայության հայրենիք Հայաստանն իր ջանքերը պատմական արդարության վերականգնման ուղղությամբ պետք է շարունակի բազմապատկված փութաջանությամբ: Ցեղասպանության դատապարտման հարցում մերժողականությունն ապագա չունի. հատկապես՝ այսօր, երբ աշխարհի բազմաթիվ երկրներ իրենց ձայնն են միացրել ճշմարտության ձայնին։ Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը հայ ժողովրդի նեղ ազգային հարցը չէ։ Մարդկության դեմ կատարված ոճիրն ունի համամարդկային նշանակություն եւ հնչեղություն. ուրեմն եւ՝ պետք է ստանա համամարդկային արձագանք։ Մեր նպատակներն ընդհանուր ոչինչ չունեն վրեժի եւ թշնամանքի հետ։ Անմեղ զոհերի սուրբ հիշատակը վառ պահելով հանդերձ` մենք պատրաստ ենք հենց վաղը բնականոն հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ առանց որեւէ նախապայմանի»։