ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի երեկվա նիստում քննարկվեց ««Լեռնատուն» առողջարանային համալիր» ընկերության կողմից ներկայացված դիմումը: Ըստ դիմումի` շուկայում հայտնվել է կասկածելի ծագման, որակի եւ արտադրության «Ածիկ» անվանմամբ սննդամթերք, որի տուփի վրա առկա չեն «Սննդամթերքի մասին» ՀՀ օրենքով սահմանված մակնշման տարրերը, ինչից հնարավոր կլիներ պարզել սննդամթերքի զտաքաշը կամ ծավալը, հիմնական բաղադրիչները, արտադրության տարեթիվը, պահպանման պայմանները եւ պիտանելիության ժամկետը: Ըստ դիմումի` նշված հանգամանքը կարող է առաջացնել հասարակության «մոլորեցում» «Լեռնատուն» առողջարանային համալիրի» կողմից արտադրվող «Ածիկի» նկատմամբ:
Հանձնաժողովի նիստում առանց մակնշման «Ածիկ» արտադրող, անհատ ձեռնարկատեր Ա. Իսահակյանը նշեց, որ իր արտադրությունն իրականացրել է շատ փոքր ծավալով, արտադրանքն իրացվել է շատ նեղ շուկաներում` Կոտայքի մարզի Եղվարդ ու Նոր Հաճըն բնակավայրերում, իսկ մակնշման բացակայությունը եղել է «չիմացության» արդյունք: Հանձնաժողովն այս գործունեությունը եւս բնորոշեց որպես անբարեխիղճ մրցակցության գործողություն, սակայն, հաշվի առնելով, որ Ա. Իսահակյանն արդեն դադարեցրել է առանց մակնշման ածիկի արտադրությունը եւ օրենքով սահմանված կարգով ձեռք է բերել հետագա արտադրության համար անհրաժեշտ համապատասխան փաստաթղթերը, նրա հանդեպ հայտարարեց միայն նախազգուշացում (առանց տուգանքների) եւ հանձնարարեց խախտումները հետագայում բացառել: Հանձնաժողովի նիստում երեկ որոշում կայացվեց նաեւ 4 տնտեսվարող սուբյեկտների հանդեպ կիրառել 500.000-ական դրամի տուգանք, քանի որ նրանք 2007թ. իրենց գործունեության մասին չեն տրամադրել հանձնաժողովի կողմից պահանջված տեղեկությունները եւ չեն ներկայացել նիստին: Հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանի տեղեկացմամբ` տուգանվում են անհատ ձեռնարկատերեր Սվետլանա Ճաղարյանը եւ Անահիտ Դոդոզյանը, ովքեր գործունեություն են ծավալել «լվացքի փոշի» ապրանքային շուկայում, ինչպես նաեւ՝ «Զանգափ» եւ «Թերո» ընկերությունները, որոնք գործել են «հավի ձու» շուկայում:
Ի դեպ, հանձնաժողովը երեկվա նիստում քննարկեց հանձնաժողովի 2007թ. տարեկան գործունեության հաշվետվության նախագիծը: Ըստ Ա. Շահնազարյանի` չնայած մի շարք թերություններին եւ բացերին, հանձնաժողովն աշխատել է «առաջանցիկ» տեմպերով, լուծումներ են տրվել մի շարք լուրջ մոտեցում պահանջող հարցերի: Նրա փոխանցմամբ` հանձնաժողովի կողմից նշանակված տուգանքների արդյունքում հաջողվել է «զգաստացնել» կարագի, ձեթի եւ մի շարք այլ շուկաներում գործող տնտեսվարող սուբյեկտների, որոնք միմյանց հետ համաձայնության գալով՝ անօրինական կերպով բարձրացրել էին նշված ապրանքների գները: