ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ կառավարությանն առընթեր Հարկային պետական ծառայության ղեկավար կազմի հետ:
«Ես չէի ցանկանա նման խորհրդակցությունները, որպիսիք հաճախ են տեղի ունենալու նախագահի նստավայրում, ընկալվեն որպես որեւէ մեկին վիրավորելու կամ աշխատանքից ազատելու առիթ»,- հանդիպման ժամանակ ասել է
Ս. Սարգսյանը` հավելելով, թե այդ հանդիպման նպատակը վերջին մեկ տարվա ընթացքում երկրում տեղի ունեցած ԱԺ եւ նախագահական ընտրությունների ժամանակ հանրությանը ներկայացված նախընտրական ծրագրերն են: «Այսօր արդեն ժամանակն է, որ այդ ծրագրերը դառնան իրականություն: Դրանց հիմնական գաղափարը, մեխն այն է, որ անցած 7 տարիների ընթացքում կուտակվել է ներուժ, որը մեզ հնարավորություն է տալիս անցնել երկրորդ սերնդի բարեփոխումներին»,- ասել է Ս. Սարգսյանը:
«Մենք իրավունք չունենք ասել՝ սիրելի ժողովուրդ, ձգեք ձեր գոտիները, սպասեք մի երեք, չորս, հինգ տարի, մինչեւ մենք իրականացնենք երկրորդ սերնդի բարեփոխումները, հետո դուք լավ կապրեք»,- նկատել է նա` հավելելով, որ այդ աշխատանքը պետք է սկսել հենց Հարկային եւ Մաքսային մարմիններից, քանի որ «ցանկացած բարեփոխում պետք է ուղեկցվի տնտեսական աճով եւ մեր ժողովրդի կենսամակարդակի բարձրացմամբ»: Ս. Սարգսյանի համոզմամբ, «խնդիրը, որը պետք է լուծենք, այն է, որ Հարկային պետական ծառայությունը պետք է համապատասխանի իր անվանն ու էությանը, բոլորս պետք է գիտակցենք, որ Հարկային պետական ծառայությունը կոչված է ծառայություն մատուցել մեր հասարակությանը, ծառայություն մատուցել պետական մարմիններին եւ բիզնեսին: Եթե մենք կարողանանք սա կատարել, կարծում եմ, մեր հիմնական խնդիրները լուծած կլինենք: Պետք է գիտակցենք, որ հարկահավաքությունն արդեն միգուցե ոչ թե նույնիսկ 20-րդ, այլ` 19-րդ դարի երեւույթ է: Չպետք է առաջնորդվենք այն գիտակցությամբ, թե բոլորն ուզում են հարկերը թաքցնել, իսկ մենք` իշխանության ներկայացուցիչներս, եկել ու ասում ենք, թե՝ ինչո՞ւ հարկերը չեք վճարում: Մենք պետք է հասկանանք, որ բիզնեսի գործընկեր ենք, եթե կոպիտ ասելու լինենք` փայատեր ենք, եւ մեր բաժինը հարկերն են: Պետք է շահագրգռված լինենք, որպեսզի բիզնեսն աճի, եւ դրան զուգահեռ՝ մեր բաժինն արժեւորվի, ինչը հնարավորություն կտա պետական բյուջեն վերաբաշխել: Մնացածը բխում է սրանից, եթե կարողացանք հասնել սրան, փառք ու պատիվ մեզ, եթե ոչ, ապա ստիպված պետք է փորձենք ուրիշների ուժերը»,- ասել է Ս. Սարգսյանը:
ՀՀ նախագահի Հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն` Հարկային ծառայության պետ Վահրամ Բարսեղյանը եւ առանձին ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են ստվերային շրջանառության կրճատման, կոռուպցիայի դեմ պայքարի, հարկային վարչարարության խստացման ուղղությամբ ծրագրված անելիքները` ընդգծելով, որ այդ աշխատանքները նախատեսում են անել եւ՛ համապատասխան օրենսդրական փոփոխությունների, եւ՛ ընթացակարգերի բարելավման միջոցով: