Պատանի գործարարները` Ավստրիայում

28/04/2008 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Յուրաքանչյուր տարի աշխարհի տարբեր երկրներում պատանիների տաղանդն ու գործարար ներուժը բացահայտելու նպատակով կազմակերպվում է «Եվրոպական աշակերտական տոնավաճառ-փառատոն» խորագրով միջոցառումը:

Այս տարի փառատոնը կայացել է Ավստրիայի Լինց քաղաքում, որին մասնակցել են եվրոպական 17 երկրների ավելի քան 47 աշակերտական ընկերությունների ներկայացուցիչներ: Հայաստանից փառատոնին մասնակցել է «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության երկու սան: «Պատանեկան նվաճումներ» կազմակերպության նախագահ Արմինե Հովհաննիսյանի հավաստմամբ` փառատոնին մասնակցած պատանիները շուրջ մեկ տարի ուսումնասիրել են տնտեսագիտության տեսություն եւ կարողացել են գործնականում կիրառել իրենց գիտելիքները` գործարար ընկերություններ ստեղծելու միջոցով: Գործարար ընկերությունների ստեղծման ճանապարհին աշակերտները նախ կատարել են շուկայի հետազոտություն եւ վերլուծություն, անհրաժեշտ դրամական միջոցներ ձեռք բերելու նպատակով թողարկել են իրենց ընկերության բաժնետոմսերը, ապա դրանք հանել են վաճառքի, որից հետո կազմակերպել են իրենց նախընտրած արտադրանքի արտադրությունը, ինչպես նաեւ՝ մշակել են շուկայավարման իրենց ռազմավարությունը: Ավստրիայում Հայաստանի երկու ներկայացուցիչները, ըստ տիկին Հովհաննիսյանի, իրենց գիտելիքներով զարմացրել են շուրջ 17 երկրների մասնակիցներին: Փառատոնին մասնակցած «Պատանեկան նվաճումներ» կազմակերպության անդամ Նարեկ Աղամիրյանն ասում է` «Մենք ոչ միայն գիտելիքներ ձեռք բերեցինք գործարարության վերաբերյալ, այլ նաեւ՝ պատկերացում կազմեցինք գործարար բարոյագիտության եւ բարոյագիտական երկընտրանքների վերաբերյալ»: Փառատոնի երկրորդ մասնակիցն էլ վստահեցնում է, որ առաջին անգամ միջազգային շուկայում իրենց արտադրանքն առաջարկելով` փառատոնի մասնակիցները շատ բան են սովորել եվրոպացի սպառողների եւ նրանց ճաշակի վերաբերյալ: