Գերմանիայի Քյոլն քաղաքում երեկ բացվել է «Ֆեմինալե» միջազգային կինոփառատոնը: Այն կանանց կինոփառատոների շրջանում ամենահայտնիներից եւ ամենածավալուններից մեկն է, որտեղ 20 տարի ամբողջ աշխարհի կին ռեժիսորները ներկայացնում են իրենց աշխատանքները: Միջազգային փառատոնը կշարունակվի մինչեւ ապրիլի 27-ը: Գերմանական DW-WORLD.DE ինտերնետային կայքի հաղորդմամբ, այս տարի փառատոնին ներկայացված է 30 երկրների կին ռեժիսորների ավելի քան 95 կինոնկար: Դեբյուտային ֆիլմերի անվանակարգում ներկայացված են 8 ֆիլմեր Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Չեխիայից: Այս կինոնկարների ռեժիսորները վիճարկում են 10.000 եվրո եւ «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում տրվող 1000 եվրո մրցանակներ: Հնգօրյա փառատոնի բացման պատիվը տրված է ֆրանս-արգենտինական «XXY» ֆիլմին: «Ֆեմինալեի» առանցքային թեման է` «Ինչպես է երեխան դառնում դեռահաս»: Կինոփառատոնի կազմակերպման պատասխանատու Զիլկե Ռեբիգերը նշել է, որ 20 տարիների ընթացքում կանայք ամրապնդում են իրենց դիրքերը կինոյի ասպարեզում, սակայն ավանդույթները դեռ շարունակվում են` կանանց թիվն առայժմ զիջում է տղամարդկանց թվին: Կին օպերատորները դեռ 19 տոկոս են, ֆիլմերի համար երաժշտություն գրող կանանց թիվն ավելի պակաս է: Կին ռեժիսորներն ավելի շատ զբաղվում են կարճամետրաժ եւ վավերագրական ֆիլմերով: Փառատոնում գերակշռում են վավերագրական կինոնկարները: