Ավելացնելու է

28/04/2008

ՕՊԷՔ-ի գլխավոր քարտուղար Աբդալա ալ Բադրիին «ՖրանսՊրես» գործակալությանը տեղեկացրել է, որ նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԷՔ) մտադիր է մինչեւ 2012թ. նավթի արտադրությունն ավելացնել 5 մլն բարելով, իսկ մինչեւ 2020թ.` 9 մլն բարելով: Նա նաեւ հայտարարել է այն մասին, որ արտադրական ծախքերի աճի պատճառով «նավթի բարձր գներն իրականում շահույթ չեն ներկայացնում արտադրողների համար»: Ներկայումս, ըստ նրա` ՕՊԷՔ-ն օրական արտադրում է 32 միլիոն բարել նավթ եւ 150-ից մինչեւ 160 միլիարդ դոլար է ներդնում 120 նախագծերում: Այս տարվա ապրիլին ՕՊԷՔ-ը սկսել է նվազեցնել հանույթը` չնայած այն բանին, որ ԱՄՆ-ը եւ Եվրոպան կոչ էին անում գների կայունացման համար ավելացնել դրա արտադրությունը: Ըստ Միջազգային էներգետիկական գործակալության (ՄԷԳ) տվյալների` կարտելի 13 անդամ երկրների կողմից նավթի օրական հանույթի ծավալները մարտ ամսին նվազել են մինչեւ 27,3 մլն բարել, ինչը 0,3 մլն բարելով քիչ է փետրվարի ցուցանիշից եւ 0,5 մլն բարելով՝ հունվարի տվյալներից: Փորձագետները հանույթի անկումը կապում էին նորոգման աշխատանքների եւ Նիգերիայում եւ Իրաքում հանքավայրերի հետ կապված խնդիրների հետ: Հաշվետվության մեջ նաեւ ճշտվել է, որ Սաուդյան Արաբիայի՝ ՕՊԷՔ-ի խոշորագույն անդամի ցուցանիշները հունվարից զգալիորեն նվազել են, իսկ փետրվարին օրական ծավալը գտնվել է 9,2 մլն բարել նշագծի վրա: