Երեկ դպրոցականներն ու հանրակրթական համակարգում աշխատող մեծահասակները փորձեցին համաշխարհային ռեկորդ սահմանել` աշխարհի տարբեր անկյուններում միաժամանակյա դաս անցկացնելով: 100 երկրների դպրոցներում կես ժամ տեւողությամբ դաս կազմակերպելու գաղափարը պատկանում էր «Համընդհանուր կոչ հանուն կրթության» քարոզարշավի կազմակերպիչներին՝«Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն» հ/կ-ին։ Ռեկորդը (հայերեն` մրցանիշը) պետք է գրանցվի Գինեսի գրքում՝ որպես ամենամասսայական դաս:
«Կարդալ, գրել կամ համրել չիմանալով` մարդիկ չեն կարողանում պաշտպանել իրենց իրավունքները եւ հաճախ ողջ կյանքի ընթացքում մնում են աղքատության ճիրանների մեջ»,- այսպիսի ուղերձ ուներ դասը, որը պետք է մանուկներին տեղեկացներ ուսումի հնարավորություն չունեցող ու անգրագետ մնացած 750 մլն մարդու մասին:
Երեւանի Ն.Աղբալյանի անվան դպրոցի երրորդ դասարանցիները համընդհանուր որակյալ ու անվճար կրթություն ստանալու իրավունքների մասին գուցեեւ շատ բան չգիտեին, բայց անմիջական հարցադրումներով այդ ծայրաստիճան գաղափարախոսական դասը «կենդանի» դարձրեցին: Ուշագրավ է, որ 7-8-ամյա Հայաստանի ապագա քաղաքացիների դեռեւս չկաղապարված ուղեղն, ակտիվ հասարակություն ձեւավորելու համար շատ կարեւոր հենարան է: Որը, սակայն, հարմարվելով գոյություն ունեցող հայաստանյան կրթական համակարգին` վաղ թե ուշ անպայման դադարում է գլոբալ հարցադրումների պատասխաններ որոնել ու այլեւս չի կարեւորում դրանք: «Ձեր կարծիքով, ինչո՞ւ մարդիկ չեն կարողանում գրել ու կարդալ սովորել»՝ ուսուցչի հարցին երեխաները պատասխանում էին, որ երեխան լավ ծնող կամ լավ ուսուցիչ չի ունենում, որ պատերազմն է խանգարում կամ էլ` հենց սովորել չցանկացող մարդու ծուլությունն է տգիտության պատճառը:
8-ամյա Աշոտն ասաց. «Եթե մարդն անգրագետ լինի, մուրացկան կդառնա ու նույնիսկ չի կարողանա ձի քշել, որովհետեւ նրան ձի չեն տա: Անգրագետը չի կարող վարորդ աշխատել, որովհետեւ նրան մեքենա չեն տա: Ախր, դա շատ պարզ է»: Իսկ երեխաներից մեկն էլ ավելացրեց, որ անգրագետը կարող է միայն «աղբատար» աշխատել: Գրեթե բոլոր երեխաների մոտ կայուն պատկերացում կա, որ առանց կրթության իրենք չեն կարող փող աշխատել ու «սովից կմեռնեն»: «Ամեն մարդ պետք է դպրոցում, հետո՝ ինստիտուտում, հետո էլ՝ բիզնես-դպրոցներում սովորի: Այդ ժամանակ նա կարող է ասել` վերջ, ես արդեն սովորելու բան չունեմ»,- ասաց Ռոմանը: Իսկ գիրք կարդալու մասին մեր երեխաները գեղեցիկ են խոսում. «Եթե կարդալ չիմանամ, հեքիաթ չեմ կարողանա կարդալ: Դա սարսափելի է»,- նշեց Աննան:
Ներկայիս մեր կրթական համակարգն այսօր այնքան անկատար է, որ այս նույն` սրամիտ, մտածել ու վերլուծել կարողացող երեխաները շուտով սկսելու են քամահրանքով խոսել գրքեր կարդալու, նաեւ՝ գրքեր գրելու մասին, ազատ մտածելու ու սեփական մտքերին կարեւորություն տալու մասին: Դպրոցը որպես երեւայակայություն ու գիտելիքների պաշարներ հավաքելու դրդող համակարգ՝ զարմանալի օրինաչափությամբ վերանում է` վերածվելով սոսկ որպես հանձնարարությունները կատարելու ու հարմարվելու մի վայրի, որը պարտադիր է անցնել:
Հ.Գ. Հետաքրքիր զուգադիպությամբ այս ակցիան հետեւեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի` «սովորելու» մասին նախարարներին ուղղված կոչին: