Իմ ցուցակը քո ցուցակին վնաս չէ

28/04/2008

Հարկային պետական ծառայությունը երեկ հրապարակել է 2008թ. առաջին եռամսյակի 300 խոշոր հարկատուների ցուցակը։ Առաջին տեղում 6.8 միլիարդ դրամով «Ղ-Տելեկոմն է», որը նախորդ տարվա առաջին եռամսյակի տվյալներով՝ 4-րդ տեղում էր։ Առաջին տեղն անցյալ տարի զբաղեցնում էր «ՀայՌուսգազարդը», որն այս տարվա առաջին եռամսյակում վճարել է 6.7 միլիարդ եւ զբաղեցրել երկրորդ տեղը։ Այս ընկերություններին հաջորդում են «ԱրմենՏելը» (3.1 միլիարդ), Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (3 միլիարդ) եւ «Ֆլեշը» (2.4 միլիարդ)։ Մյուս ընկերությունների ամբողջական ցանկը երեկ տպագրվել է մամուլում, այնպես որ, կարիք չկա դրան անդրադառնալ։

Մաքսային պետական կոմիտեն որոշել է ետ չմնալ եւ նույնպես հրապարակել է նման ցանկ՝ մաքսային կառույցներին 100 ամենախոշոր վճարումներ կատարողների մասին։ Իհարկե, ՀՊԾ հրապարակած ցանկում առանձին սյունակով նշվում են նաեւ Մաքսային մարմինների կողմից հավաքագրված վճարումները՝ այնպես որ, ինֆորմացիան այս երկու ցանկերում կրկնվում է։ Սակայն դա խնդիր չէ՝ կրկնողությունը գիտության մայրն է։

Մաքսային ցուցակը հարմար է նաեւ այնքանով, որ այնտեղ «հիթ-շքերթը» կազմված է միայն մաքսային վճարումների հիման վրա։ Իսկ այդ «հիթ-շքերթի» առաջատարը Բարսեղ Բեգլարյանին պատկանող եւ բեզնինի ներմուծմամբ զբաղվող «Ֆլեշն» է՝ 2.3 միլիարդ դրամով։ Մաքսային վճարումների ցուցակի երկրորդ տեղում կրկին վառելանյութ ներկրող «Քաղ Պետրոլ Սերվիսն» է՝ 2.2 միլիարդ դրամ։ Աղյուսակում ներկայացված են մաքսային վճարումների գծով առաջին 5 ընկերությունները եւ Մաքսային մարմիններին նրանց կատարած վճարումներն անցյալ տարվա առաջին եռամսյակում (տվյալները վերցված են նախորդ տարվա առաջին եռամսյակի խոշոր հարկատուների ցուցակից)։

Ամբողջ ցանկն այս անգամ չենք ներկայացնի, դրան կանդրադառնանք առաջիկա համարներից մեկում։ Թեեւ առաջին հինգ հորիզոնականների համեմատությունից էլ կարելի է բավական հետաքրքիր եզրակացությունների հանգել։ «Ֆլեշի» եւ «ՔՊՍ»-ի դեպքում կարծես ամեն ինչ նորմալ է՝ վառելիք են ներմուծում եւ նախորդ տարվա համեմատ մեծացրել են Մաքսային մարմիններին կատարվող մուծումները։ «Phillip Morris»-ի ծխախոտների ներմուծմամբ զբաղվող «Պարես Արմենիան» այս տարվա առաջին եռամսյակում ավելի քիչ է վճարել, սակայն պատճառը հայտնի է. ընկերության 50%-ի սեփականատերը Սուքիասյաններն են, որոնց ներմուծած ծխախոտը հայտնի պատճառներով չի մաքսազերծվում։ Անցած տարվա համեմատ քիչ է վճարել նաեւ «Ղ-Տելեկոմը», սակայն ընկերությունը ներմուծող չէ, եւ կարող է իր կարիքների համար՝ բիզնեսից ելնելով, մեծացնել կամ փոքրացնել իրեն անհրաժեշտ ներմուծվող ապրանքների ծավալը։ Ամենաանհասկանալին շաքարավազ ներմուծող «Սալեքս գրուպն» է։ Ո՛չ շաքարավազի գներն են բարձրացել, ո՛չ էլ (որքան մեզ հայտնի է) հանրապետությունից արտագաղթ է եղել։ Այսինքն՝ սպառման ծավալները չպետք է որ փոքրացած լինեին։ Այս պարագայում պարզ չէ՝ ո՞րն է պատճառը, որ «Սալեքս գրուպը» նախորդ տարվա 2.1 միլիարդի փոխարեն՝ այս տարի պետբյուջե (Մաքսայինի մասով) վճարել է ընդամենը 1.19 միլիարդ դրամ։ Միակ բացատրությունը կարող է լինել այն, որ հայերը կորցրել են սերը քաղցրի նկատմամբ, կամ էլ հայաստանաբնակների 50 տոկոսը, ընտրությունների ժամանակ իրենց քաղաքացիական պարտքը կատարելուց հետո, գաղտնի ճանապարհով, գիշերով հեռացել է Հայաստանից՝ առանց պատկան մարմիններին տեղյակ պահելու։ Ի դեպ, բավական հետաքրքիր կլինի այս տվյալները համեմատել հաջորդ եռամսյակների տվյալների հետ։ Այդ դեպքում կերեւա՝ արդյո՞ք Մաքսային մարմինները որոշել են պայքարել մաքսանենգության դեմ՝ նաեւ խոշոր գործարարների մասով, թե՞ այս ամենը պարզապես իմիտացիա է։