ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը լայն սպառման 33 ապրանքատեսակների, մասնավորապես` կարագի, ձեթի, բրնձի, հացի, ալյուրի, շաքարավազի եւ մի շարք այլ շուկաներում շարունակում է իրականացնել ամենօրյա մոնիտորինգ: Այդ մասին երեկ կայացած ճեպազրույցում հայտարարել է հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը` ավելացնելով, որ մոնիտորինգի մանրամասն արդյունքները կներկայացվեն առաջիկայում: Դրանց ընդհանուր պատկերը վկայում է այն մասին, որ նշված ապրանքատեսակների շուկաներում գների անօրինական բարձրացումներ առկա չեն: Նրա տեղեկացմամբ` վերջին շրջանում ամենաբարձր գնաճն արձանագրվել է խոզի մսի շուկայում` կապված մի շարք օբյեկտիվ պատճառների` աֆրիկյան ժանտախտի հետեւանքով հանրապետությունում խոզերի գլխաքանակի անկման եւ խոզի մսի օգտագործման ծավալների ավելացման հետ: Վերջինս էլ պայմանավորված է հանրապետությունում այս հիվանդության հետ կապված իրավիճակի կայունացմամբ: Ինչ վերաբերում է ձեթի եւ կարագի շուկաներին, ապա այստեղ, Ա. Շահնազարյանի տեղեկացմամբ, նկատելի են գների 1-2 տոկոսի չափով բարձրացումներ, ինչը, սակայն, արդեն հիմնավորված է` կապված համաշխարհային շուկայում արձանագրվող գների տատանումների հետ: Գների բարձրացումներով հանդերձ, ըստ նրա, Հայաստանում շատ բարձր գնաճ չկա, եւ գնաճի ցուցանիշով հանրապետությունն առաջատար երկրների շարքում չէ: Հացի գների բարձրացումները, Ա. Շահնազարյանի վստահեցմամբ, եւս անօրինական չեն, ոչ էլ` այս շուկայում գործող տնտեսվարող սուբյեկտների կողմից հակամրցակցային համաձայնության արդյունք, եւ դա՝ նաեւ այն դեպքում, երբ Հայաստան ներկրվող ցորենի համար մաքսային արժեքի փոփոխություններ չեն եղել: Դրանք, ըստ հանձնաժողովի նախագահի, ունեն որոշակի օբյեկտիվ պատճառներ` կապված միջազգային շուկաներից ցորենի ձեռքբերման գնի հետ: Դրանց մասին եւս կներկայացվի ավելի ուշ, երբ մոնիտորինգի արդյունքները հստակեցված լինեն: Անդրադառնալով բրնձի շուկայում գրանցվող գնային փոփոխություններին` հանձնաժողովի նախագահը նշել է, որ դրանք տարբեր են բրնձի առանձին տեսակների հարցում. որոշ տեսակների համար գրանցվել է մոտ 11 տոկոս նվազում, մի քանի այլ տեսակների համար` շուրջ 22 տոկոս աճ: Այս շուկան, նրա խոսքերով, ազատականացված է, ուստի գների բարձրացումները կարող են հիմնավորված լինել: Ա. Շահնազարյանը տեղեկացրել է նաեւ, որ հանձնաժողովն առաջիկայում կսկսի ուսումնասիրել նաեւ հեղուկ գազի շուկան, որտեղ եւս նկատելի են գնաճի միտումներ: Այս դեպքում առկա են նաեւ ներկրման մաքսային արժեքի փոփոխություններ, սակայն գների բարձրացման բուն պատճառները կներկայացվեն մինչեւ ամառ: Ակնհայտ է, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի վերը նշված «ուսումնասիրությունները» գրեթե աղերս չունեն իրականության հետ: Իսկ իրականությունն այն է, որ Հայաստանում` որպես կանոն, կամայականորեն թանկանում են լայն սպառման գրեթե բոլոր ապրանքները եւ, որպես կանոն, այս հանձնաժողովն իր պարտքն է համարում հայտարարել, որ թանկացումներն օբյեկտիվ հիմքեր ունեն: Իհարկե, հանձնաժողովին առանձնապես պետք չէ մեղադրել` մարդիկ ասում են այն, ինչ իրենց ասում են, որ ասեն: Պարզապես պետք է ազնիվ լինել եւ իրերը կոչել իրենց անուններով: Այդ դեպքում ընդամենը կփոխվի Տնտեսական մրցակցության պաշտպանության անունը` ասենք, կդառնա «Խոշոր ներմուծողների շահերի պաշտպանության հանձնաժողով», եւ ամեն ինչ իր տեղը կընկնի: