«Միր» միջպետական հեռուստառադիոընկերությունը օրական 22 ժամ հեռուստատեսային սփռում է ապահովում Հայաստանում, Բելառուսում, Վրաստանում, Ղազախստանում, Ղրղըզստանում եւ Մոլդովայում: Հաճախականությունների հաստատման խնդրի լուծման փուլում են Ադրբեջանն ու Տաջիկստանը: Միջպետական հեռուստառադիոընկերության նախագահ Ռադիկ Բատիրշինը երեկ «Միր» հեռուստատեսության Հայաստանի ստուդիայում կազմակերպված հեռուստակամուրջի ընթացքում նշել է, որ սփռման տիրույթում «Միրը» 50 միլիոն հեռուստադիտող ունի: Եթերային եւ մալուխային սփռման օպերատորների միջոցով «Միրի» հաղորդումները դիտում են ՌԴ սուբյեկտներում, ավելի քան 350 քաղաքներում եւ բնակավայրերում: Մայիսի 15-ից «Միրի» լրատվական ծրագրերը եթեր դուրս կգան ժամը մեկ անգամ, իսկ 2009թ. հունվարի 1-ից ընկերությունը կանցնի 24-ժամյա հեռարձակման: Հեռուստաընկերությունը տարբեր ժանրերի 32 հաղորդում ունի: Հեռուստառադիոընկերության նախագահի խոսքերով` կանցկացվեն նաեւ մոնիտորինգներ` պարզելու պահանջարկ վայելող հաղորդումները: Ռ.Բատիրշինի խոսքերով` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը (ինչպես մյուս երկրների ղեկավարների հետ) իր առջեւ խնդիր է դրվել հետաքրքիր հեռուստատեսություն դարձնել «Միրը», եւ հեռուստադիտողին հետաքրքիր հաղորդումներ մատուցել, ինչը եւ փորձ է արվում իրագործել:
Հեռուստառադիոընկերության կառավարող մարմինը Մոսկվայում է, ազգային մասնաճյուղեր եւ ներկայացուցչություններ ունի 9 երկրներում: Հեռուստառադիոհաղորդակցության կենտրոնի տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս կազմակերպել հեռուստա եւ ռադիոսփռում DVB MPEG2 ֆորմատով, հեռուստակամուրջներ, ուղիղ հեռարձակում աշխարհի ցանկացած կետից, տեսակոնֆերանսներ: Ընկերությունը ռադիոսփռում ունի Բելառուսում եւ Ղրղըզստանում, բանակցություններ են տարվում Հայաստանում, Մոլդովայում, Տաջիկստանում եւ Ղազախստանում: Նշենք, որ «Միր» հեռուստաընկերությունը հիմնադրվել է 1992թ. հոկտեմբերին` ԱՊՀ անդամ-պետությունների ղեկավարների համաձայնագրով, նպատակ ունենալով լուսաբանել երկրների քաղաքական, տնտեսական, հումանիտար համագործակցությունը, ստեղծել ընդհանուր տեղեկատվական դաշտ, հիմնադրել տեղեկատվության միջազգային փոխանակման փորձ: Հիմնադիրներն են Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը: