Ֆրանսիացիների 72 տոկոսը դժգոհ է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Նիկոլա Սարկոզիի աշխատանքի առաջին տարվա արդյունքներից: Սոցիոլոգիական հետազոտության այս արդյունքները հինգշաբթի օրը հրապարակվելու են «Paris-March» ամսագրում: Միեւնույն ժամանակ Սարկոզիի քաղաքականությունից գոհ է միայն ֆրանսիացիների 48 տոկոսը: Այսպիսով, Ֆրանսիայի նախագահը կառավարման առաջին տարում շատ ավելի համեստ արդյունքների է հասել, քան նրա նախորդը` Ժակ Շիրակը: Համեմատության համար նշենք, որ 2003թ.` ընտրություններում հաղթելուց մեկ տարի անց, նախորդ նախագահի գործունեությանը հավանություն է տվել ֆրանսիացիների 58 տոկոսը: Ֆրանսիայի քաղաքացիների 65 տոկոսը գտնում է, որ Սարկոզին չի կատարել իր նախագահական խոստումները, այն դեպքում, երբ հակառակ կարծիքին է ընդամենը 35 տոկոսը: Ֆրանսիացիների մոտ մեկ երրորդն այն կարծիքին է, որ Սարկոզին կառավարման ոճով զիջում է Շիրակին: Հարցման մասնակիցների 48 տոկոսի կարծիքով` Ֆրանսիայի տնտեսական դրությունը վերջին մեկ տարվա ընթացքում վատացել է, իսկ 46 տոկոսը գտնում է, որ այն չի փոփոխվել: Ֆրանսիացիների միայն 6 տոկոսն է նշում, որ նախագահի պաշտոնում Սարկոզիի գտնվելը դրականորեն է ազդել երկրի էկոնոմիկայի վրա: Նախագահ Սարկոզիին չի վստահում ֆրանսիացիների 58 տոկոսը: Ավելի քիչ են (միայն 42 տոկոս) նրանք, ովքեր շարունակում են հավատալ, որ Ֆրանսիայի ղեկավարին կհաջողվի ավարտին հասցնել սկսված բարեփոխումները: Ի դեպ, այս սոցիոլոգիական հետազոտությունն ապրիլի 17-18-ն անցկացրել է «Ifop-Fiducial» կենտրոնը, որին մասնակցել է 956 մարդ: