Մինչ իշխող կուսակցությունը կենտրոնանում է կյանքը բարեփոխելու խոստումների վրա, նրա ընդդիմադիրներին չի հաջողվում առաջ ընթանալ, մասամբ ընտրական համակարգի` իրենց կարծիքով՝ անարդար փոփոխությունների պատճառով:
Խանութների ցուցափեղկերը հազիվ էին մաքրվել հունվարյան նախագահական ընտրություններից մնացած Միխայիլ Սահակաշվիլիի դիմանկարով պաստառներից, երբ Վրաստանը կրկին հայտնվեց ընտրական գործընթացներում: Վրաստանի վերլուծաբաններից, ինչպես նաեւ՝ միջազգային դիտորդներից ոմանք, մայիսի 21-ի խորհրդարանական ընտրությունները համարում են ոչ պակաս կարեւոր, քան նոյեմբերյան զանգվածային բողոքի ցույցերից հետո Սահակաշվիլիի կողմից հայտարարված արտահերթ ընտրությունները, որոնցում նա պատշաճ կերպով հաղթանակ տարավ:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցությունների ցանկը, եւ այժմ պարզ է, որ խորհրդարանի 150 տեղերի համար պայքարելու են ընտրական երեք միավորում եւ 9 առանձին կուսակցություններ:
Հիմնական թեկնածուներն են Սահակաշվիլիի «Միացյալ ազգային շարժումը»` ՄԱՇ-ը, որը գերիշխում է ներկա խորհրդարանում, եւ նրա գլխավոր մրցակից, ութ անդամներից բաղկացած «Ընդդիմություն»-«Ազգային խորհուրդ»-«Նոր իրավունքներ» միավորումը: Նոյեմբերյան բողոքի ցույցերը, եւ հատկապես բռնությունը, որին դիմեց Ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար, թուլացրեցին ՄԱՇ-ի` սովորաբար ամուր դիրքերը, նրա կողմնակիցներից ոմանք հիասթափվեցին կատարվածից եւ լքեցին կուսակցությունը: Ներկայումս կուսակցությունը ջանքեր է գործադրում, որպեսզի ցույց տա, որ վերականգնել է իր դիրքերը, իր շարքերից հեռացնելով հեղինակություն չվայելող քաղաքական գործիչներին եւ ընտրարշավից առաջ հայտնի գործարարների, մարզիկների եւ մշակութային գործիչների ներգրավելով: Ինչպես եւ նախագահական ընտրարշավի ժամանակ, ՄԱՇ-ի ռազմավարությունը հետեւյալն է. խուսափել քաղաքական հակառակորդների վրա հարձակվելուց եւ ջանքերը կենտրոնացնել սոցիալական եւ տնտեսական բարեփոխումների վրա: Շարժման նախընտրական հիմնական խոստումը Վրաստանում աղքատությունը եւ գործազրկությունը վերացնելն է: Եթե այս նախընտրական պայքարում Սահակաշվիլիի ճամբարը թիրախ ունի, ապա դա արտաքին թիրախ է` Ռուսաստանը: Այս երկիրը դիտվում է որպես Աբխազիայի եւ Հարավային Օսիայի աջակից, եւ երկու անջատողական տարածքների վերաբերյալ վերջերս Մոսկվայի հնչեցրած նախաձեռնությունները, ինչպես նաեւ ՌԴ-ի բացահայտ թշնամանքը Վրաստանի` ՆԱՏՕ-ի անդամակցությանն ուղղված ջանքերի հասցեին՝ մտահոգել են Վրաստանին: Նախագահի արտաքին քաղաքականությունը մեծ աջակցություն է գտնում հանրության շրջանում: Միացյալ ընդդիմադիր բլոկը ձեւավորվել էր նախագահական ընտրություններից քիչ առաջ, սակայն նրա կողմից առաջադրված թեկնածու Լեւան Գաչեչիլաձեին հաջողվեց ստանալ քվեների 30 տոկոսից ավելին: Այս զգալի արդյունքից կարելի է ենթադրել, որ միավորումը հաջողության հասնելու լավ հնարավորություններ ունի նաեւ մայիսին կայանալիք ընտրություններին: Միեւնույն ժամանակ, հունվարից հետո տեղի ունեցած զարգացումների պատճառով ընդդիմության հնարավորությունները նվազ հեռանկարային են թվում: Նախեւառաջ, այն ժամանակ այն ավելի միավորված էր, քան այսօր. այն կորցրել է իր անդամներից մեկին` «Հանրապետական» կուսակցությանը: Վերջինս այնքան էլ չի ընդդիմանում Սահակաշվիլիի վարչակարգին, ինչպես միավորման մյուս անդամները, եւ որոշել է ինքնուրույն մասնակցել ընտրություններին: Այս հեռացումը թուլացրել է Միացյալ ընդդիմության դիրքերը հավանական ընտրողների շրջանում: Նախագահի վրա հարձակվելուց բացի, ընդդիմադիր խմբերը սկսել են նաեւ միմյանց հասցեին հեգնական ակնարկներ անել, օրինակ` միմյանց մեղադրել կառավարությանը ծախվելու համար: Սա հակասում է հունվարյան ընտրություններից առաջ նրանց ցուցաբերած համերաշխությանը: «Վրաստանի քաղաքական կուսակցությունների քարոզարշավը հիմնվում է կառավարության քննադատության, այլ ոչ թե քաղաքական ծրագրերի կամ գաղափարների վրա: Նման փորձ ունեցող քաղաքական կուսակցություններին ուրիշ ոչինչ չի մնում, քան մեղադրել միմյանց կառավարության հետ դաշինք կապելու համար»,- ասում է քաղաքական մեկնաբան Ռամազ Սակվարելիձեն: Սակվարելիձեն կարծում է, որ ընդդիմությունը «շատ սխալներ» է գործել հունվարից հետո եւ ճիշտ մարտավարություն չի որդեգրել գալիք ընտրություններում հաջողության հասնելու համար:
Ընդդիմությանը մտահոգող մեկ այլ հարց է ընտրությունների անցկացումը: Մարտի 12-ին ՄԱՇ-ի կողմից գլխավորվող խորհրդարանը փոփոխություններ մտցրեց Ընտրական օրենսգրքում, վերացնելով 2005թ. ընդունված մեծ ընտրատարածքների վրա հիմնված համամասնական ներկայացուցչության ձեւը, փոխարենը՝ վերականգնելով հին կանոնները, որոնց համաձայն՝ 150 տեղերից կեսը լրացվում էին 75 ընտրատարածքներում պարզ մեծամասնության համակարգով, իսկ մնացած մասն ընտրվում էր համամասնական համակարգով: Պնդելով, թե նման փոփոխությունը կխաթարի ընտրությունների ընթացքն ի օգուտ ՄԱՇ-ի, Վրաստանի ընդդիմությունը դիմեց 18-օրյա հացադուլի` ի նշան բողոքի: Սակայն բողոքի այս ցույցն ավարտվեց` իշխանությունների կողմից որեւէ զիջումների չհանգեցնելով: Այդուհանդերձ, ընդդիմության ղեկավարները մարտական տրամադրություն ունեն: Ցույցերից մեկի ժամանակ քաղաքական գործիչ Կոբա Դավիթաշվիլին իր կողմնակիցներին ասել է. «Սահակաշվիլին մեզ պատերազմ է հայտարարել, եւ մենք ընդունել ենք նրա մարտահրավերը: Եթե մայիսի 21-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները կեղծվեն նույն կերպ, ինչ հունվարի 5-ի նախագահական ընտրություններինը, մենք մարդկանց ըմբոստության կտանենք եւ սա այլեւս թավշյա հեղափոխություն չի լինի»: Այս ընտրությունների անցկացման վերաբերյալ մտահոգություն են հայտնել նաեւ օտարերկրյա դիտորդները: Մարտին Վրաստան կատարած փաստահավաք այցից հետո ԵԽ ԽՎ խումբն ասել է, թե հունվարյան ընտրություններից հետո ընդհանուր քաղաքական միջավայրում «գրեթե բարելավում» չի արձանագրվել: «Քաղաքական մթնոլորտում դեռեւս գերիշխում է վստահության պակասը եւ իշխանությունների, եւ ընդդիմության միջեւ կառուցողական երկխոսության բացակայությունը: Ոչ ցանկալի զարգացման պայմաններում վիճաբանությունը խիստ անձնավորված բնույթ է ստացել»,- ասված է զեկույցում:
Սահակաշվիլին խոստացել է, որ ընտրություններն ազատ եւ արդար կլինեն, հայտնելով օտարերկրյա դիվանագետներին, որ ինքը հանդես կգա որպես «անձնական երաշխավոր»` դրա իրականացումն ապահովելու համար:
Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների հիմնադրամի խոսնակ Արչիլ Գեգեշիձեն ասել է, թե կարեւոր է, որ ընտրական գործընթացն անթերի լինի, այն ժամանակ, երբ Վրաստանը ՆԱՏՕ-ին մոտենալու եզակի հնարավորություն ունի: Մեկ այլ վերլուծաբան` Սոսո Ցիսկարիշվիլին, համաձայնում է, որ ներկա միջավայրը «բարենպաստ չէ նորմալ ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար»: «Վրաստանը չի հետեւում նախագահական ընտրություններից հետո միջազգային դիտորդների հրապարակած հանձնարարականներին,- պնդում է նա,- Կարծում եմ` իշխող կուսակցությունը կհաղթի, հաշվի առնելով առկա ընտրական օրենսդրությունը, ինչպես նաեւ՝ այն փաստը, որ «Իմեդի» հեռուստաընկերությունը դեռեւս չի գործում, իսկ (մնացած) լրատվամիջոցները ճնշման տակ են»: Ցիսկարիշվիլիի կանխատեսումների համաձայն, եթե նույնիսկ ընտրություններն անարդար համարվեն, ԱՄՆ կառավարությունը` Սահակաշվիլիի հիմնական դաշնակիցը, չի ցանկանա քննադատությամբ հանդես գալ: «Մենք շատ դժվար իրավիճակում ենք` Վրաստանը եւ նրա ընտրությունները (ԱՄՆ) Հանրապետական կուսակցության նախագիծն են հանդիսանում: ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների նախաշեմին հանրապետականները չեն պատրաստվում հրապարակավ հայտնել, որ այս նախագիծը ձախողվել է»,- ասել է նա:
Թամար ԿԱԴԱԳԻՁԵ
Թբիլիսի
Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի (IWPR) Կովկասյան լրատու