ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակն (ԺՀՄԻԳ) ու Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը երեկ ողջունել են Հայաստանի իշխանությունների հետ ձեռք բերած համաձայնությունը` «Ժողովներ, երթեր, հանրահավաքներ եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում վերջերս կատարված վիճահարույց լրամշակումները վերանայելու մասին: «Այս համաձայնությունը եւս մեկ քայլ է հանրային ժողովների խնդրի շուրջ Հայաստանի հետ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եւ Վենետիկի հանձնաժողովի երկարատեւ համագործակցության ընթացքում»,- ըստ «Ազատություն» ռ/կ-ի, ասել է ԺՀՄԻԳ-ի տնօրեն Քրիստիան Շտրոհալը: Իսկ Վենետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղար Ջաննի Բուկիկիոն ընդգծել է, թե` «Վենետիկի հանձնաժողովն ու ԺՀՄԻԳ-ը սպասում են նոր լրամշակումների նախագծերին եւ պատրաստ են դրանք դիտարկել միջազգային չափանիշներին համապատասխանելու լույսի ներքո»: ԵԱՀԿ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ԺՀՄԻԳ-ն ու Վենետիկի հանձնաժողովը մարտի 28-ին լուրջ մտահոգություն են հայտնել վերը նշված լրամշակումների կապակցությամբ, որոնք կատարվել են մարտի 1-2-ի իրադարձություններից կարճ ժամանակ անց: Ապրիլի 15-16-ին, այցելելով Երեւան, ԺՀՄԻԳ-ի եւ Վենետիկի հանձնաժողովի պատվիրակները հանդիպել են ՀՀ իշխանությունների ներկայացուցիչներին, որոնց հետ ձեռք է բերվել համաձայնություն խաղաղ հանրահավաքների եւ, մասնավորապես, ինքնաբուխ հավաքների կազմակերպման համար անհրաժեշտ նախապայմանները խստացնող լրամշակումները չեղյալ հայտարարելու կամ փոխելու մասին: