ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հաստատել է կառավարության նոր կառուցվածքը եւ ավարտել նոր կառավարության ձեւավորումը: Փոխվարչապետ եւ տարածքային կառավարման նախարար է նշանակվել Արմեն Գեւորգյանը, որը մինչ այդ զբաղեցրել է նախագահի աշխատակազմի ղեկավարի եւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնները: Հովիկ Աբրահամյանը նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավար: ՕԵԿ ցուցակով ԱԺ պատգամավոր ընտրված Գուրգեն Սարգսյանը նշանակվել է տրանսպորտի եւ կապի նախարար: Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը վերանվանվել է Ֆինանսների նախարարություն, եւ նախարար է նշանակվել Տիգրան Դավթյանը, որը «Զարգացման հայկական գործակալություն» ընկերության գլխավոր տնօրենն էր: Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունը վերանվանվել է Էկոնոմիկայի նախարարություն, որի ղեկավարի պաշտոնում վերահաստատվել է Ներսես Երիցյանը: Ստեղծվել է արտակարգ իրավիճակների նախարարություն, որի ղեկավար է նշանակվել ՕԵԿ փոխնախագահ, պատգամավոր Մհեր Շահգելդյանը: Տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը եւ կառավարության աշխատակազմի ղեկավար Մանուկ Թոփուզյանը դարձել են նախագահի խորհրդականներ: Լեւոն Մարտիրոսյանը նշանակվել է նախագահի օգնական, իսկ Սամվել Ֆարմանյանը՝ նախագահի ռեֆերենտ: Դեռեւս անորոշ է Ոստիկանության եւ ԱԱԾ ղեկավարների հարցը: