Երեկ Երեւանի մի շարք տոնավաճառներում հագուստի վաճառքով զբաղվող քաղաքացիները բողոքի ցույց են կազմակերպել ՀՀ Կառավարության շենքի դիմաց: Հագուստ ներմուծողներին, իրենց խոսքերով, մաքսային կետերում տեղեկացրել են, որ հագուստի պարագաների համար վճարվող մաքսային տուրքը կրկնակի ավելացել է: Այդ կապակցությամբ երեկ ՄՊԿ լրատվական ծառայությունը տարածել է հաղորդագրություն, որում նշվում է, որ «Մաքսային պետական կոմիտեում մաքսային արժեքի ոչ մի փոփոխություն չի եղել, նույնն են մնացել նաեւ մաքսային դրույքաչափերը»: «Պարզապես ՀՀ ՄՊԿ-ում քայլեր են ձեռնարկվում՝ մաքսանենգության դեմ պայքարը խստացնելու եւ առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ»,- նշված է հաղորդագրությունում: Փաստորեն, իրականում, հագուստ ներմուծողներից կրկնակի անգամ ավելի տուրք են պահանջում «մաքսանենգության դեմ պայքարի խստացման» շրջանակներում: Այսինքն` ավելի շատ գումար, այնուամենայնիվ, գանձվում է, «պարզապես»՝ այլ անվան տակ: