Տեղեկությունները, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նեղացել է իշխանություններից այն բանի համար, որ սատարելով Սերժ Սարգսյանին եւ ի սկզբանե մաս կազմելով կոալիցիային՝ ստանում է նույնքան նախարարական պորտֆելներ, որքան ընդդիմադիր դիրքերից հանդես եկած ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն, չեն համապատասխանում իրականությանը: Երեկ հրավիրված ասուլիսում ԲՀԿ հավաքական «հոգեվիճակի» մասին նման հայտարարություն է արել կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը:
Իսկ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած կուսակցությունն, ըստ նրա` նեղացած չէ իշխանություններից՝ ոչ այնքան մեծահոգությունից, որքան «ծրագրային» դրույթներից ելնելով: «Որովհետեւ, ինչպես գրված է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագրի առաջին էջում, մենք ազգային համաձայնության եւ հասարակական համերաշխության դիրքերից հանդես եկող կուսակցություն ենք եւ այդ առումով պաշտպանել ենք քաղաքական կոալիցիայի ստեղծումը, որի նպատակն է եղել հասարակության հնարավորինս մեծ զանգվածի ընդգրկել որպես քաղաքական այն հենարան, որն ունի այսօրվա իշխանությունն իր գործունեության համար»,- բացատրեց Արամ Սաֆարյանը, ում կարծիքով՝ այսօրվա կադրային նշանակումները ցույց են տալիս, որ քայլեր են արվում թարմ շունչ հաղորդելու եւ փոփոխություններ կատարելու ուղղությամբ, ինչը ԲՀԿ-ն ողջունել է: Արամ Սաֆարյանի անձնական կարծիքով, վարչապետը երկրի տնտեսության եւ ընթացիկ քաղաքականության պատասխանատուն է, իսկ քաղաքական պատասխանատվությունը պետք է կրի քաղաքական կոալիցիան, որի գործակցության մակարդակից ու որակից է կախված բարեփոխումների արդյունավետությունը: Նա կարեւոր է համարում, թե ինչ ծրագիր կներկայացնի կոալիցիան եւ, իհարկե, այն, թե այդ ծրագրում որքանով ընդգրկված կլինեն ԲՀԿ նախընտրական ծրագրում ամրագրված մոտեցումները: «Մենք համոզված ենք, որ բահի, քլունգի ժամանակներն անցել են, եւ ով որ կարծում է, որ պարզապես շատ աշխատելով կարող է մեծ արդյունքի հասնել, նա սխալվում է: Նոր կառավարման տեխնոլոգիաների կիրառմամբ, մենք կարծում ենք, որ պետք է օգտագործենք կոալիցիոն չորս կուսակցությունների ինտելեկտուալ պոտենցիալը»,- ըստ էության` մեջբերելով վարչապետ Տիգրան Սարգսյանի` «սովորելու մասին» ելույթը, հայտարարեց Ա. Սաֆարյանը` վստահեցնելով, որ ԲՀԿ-ն ունի այդպիսի պոտենցիալ: Երեք նախարարով ընդգրկվելով իշխանության առաջին օղակում, ըստ կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղարի, ԲՀԿ-ն հայտարարում է, որ պատրաստ է նաեւ մյուս մակարդակներում տրամադրել պրոֆեսիոնալ, գիտակ կադրեր, քանի որ ԲՀԿ կադրային ներուժը մեծ է: «Կուզենան օգտագործել` շատ լավ, չեն օգտագործի` ոչինչ»,- ասաց Արամ Սաֆարյանը` եւս մեկ անգամ ընդգծելով, թե ԲՀԿ-ն նեղացած չէ, դժգոհ չէ, եւ չի դրել դժգոհելու խնդիր: Իսկ հարցին, թե արդյոք դա նշանակո՞ւմ է, որ դժգոհելու պատճառ կա, պարզապես նման խնդիր չի դրվել, Արամ Սաֆարյանը պատասխանեց. «Նույնիսկ դժգոհելու պատճառ չկա»:
Ինչ վերաբերում է ներքաղաքական լարված իրավիճակին, ապա, Արամ Սաֆարյանի կարծիքով, այսօրվա գերխնդիրը հասարակական հաշտության եզրեր գտնելն է, քանի որ, ըստ նրա` նույնիսկ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովն է արձանագրել, որ Հայաստանում հասարակությունը բաժանված է երկու մասի, եւ այդ մասերի միջեւ կա ատելության հասնող անհանդուրժողություն, որը պետք է հաղթահարվի: Իսկ հաղթահարելու ճանապարհը, ըստ Ա.Սաֆարյանի, երկխոսությունն է` առաջին հերթին խորհրդարանական ընդդիմության հետ (իմա` «Ժառանգության»), սակայն, դրանից բացի, պետք է եզրեր գտնել նաեւ արտախորհրդարանական ընդդիմության հետ: Խոսելով ելքերի մասին, Ա. Սաֆարյանը, որքան էլ տարօրինակ է, չցանկացավ անդրադառնալ մարտի 1-ի իրադարձություններին եւ խոսել դրա մեղավորների մասին, քանի որ այժմ անհրաժեշտ է հաղթահարել հասարակական երկփեղկվածությունը, որն, ըստ նրա` խաթարում է տարածաշրջանում Հայաստանի կարեւոր դիրքը: Իսկ վերջինիս առանձնահատկությունը, կրկին, ըստ Ա. Սաֆարյանի` այն է, որ մեր Հայաստանը միշտ եղել է Ամերիկայի, Եվրոպայի եւ Ռուսաստանի միջեւ հավասարակշռող պետություն, այդպիսով կատարելով նաեւ տարածաշրջանում հավասարակշռության կարեւոր գործառույթ (՞): Իսկ հարցին` արդյոք հնարավո՞ր է, որ հասարակական ատելությունն անցնի ու երկփեղկվածությունը վերանա, եթե չպատժվեն մարտի 1-ի սպանությունների մեղավորները, Ա. Սաֆարյանը պատասխանեց. «Մենք միշտ էլ հանդես ենք եկել բաց, թափանցիկ դատական պրոցեսների օգտին, որտեղ կուսումնասիրվեն եւ հանրությանը պարզ, բաց կփաստվի, թե ով ինչ չափով է մեղավոր: Հիմա մյուս կողմից էլ՝ Եվրոպայի խորհուրդը դնում է անկախ քննչական մի մարմնի ստեղծման, անկախ հետաքննող մարմնի ստեղծման խնդիրը: Ես կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները դրական կվերաբերվեն այդ որոշմանը, մասնավորապես այնտեղ բնագավառներ կան, որ ուղղակի անխուսափելի է այդպիսի մասնագետներ հրավիրել: Օրինակ, բալիստիկայի բնագավառում, օրինակ` փողոցային անկարգությունների կանխման բնագավառում` միջազգային փորձի իմաստով: Այդ մասնագետներին մենք ուզած-չուզած պետք է հրավիրենք: Իսկ թե այդ կազմակերպությունն ինչ ձեւ կընդունի, ես կարծում եմ, որ մենք կխոսենք կառավարության ձեւավորման գործընթացից հետո: Մենք կողմ ենք այդպիսի հետաքննությանը, որի արդյունքում հասարակությունը պարզ ու անկեղծ կիմանա, թե ով ինչ չափով է մեղավոր եղել այդ իրադարձությունների ժամանակ»: Իսկ ի՞նչ դիրքորոշում կցուցաբերեն իշխանությունները, եթե այդ միջազգային փորձագետների եզրակացությունը լինի ոչ հաճելի իշխանությունների համար: Ի պատասխան այս հարցի, Արամ Սաֆարյանը նախ ասաց, թե այդպիսի բան չի լինի, հետո էլ ավելացրեց, որ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ ձեւաչափ կունենա այդ հետաքննական մարմինը:
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը երեկ անդրադարձավ նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի շուրջ վերջին զարգացումներին: Նա մասնավորապես հայտարարեց, որ եթե Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի քաղաքականությունը չփոխվի, չդառնա ավելի ակտիվ ու նախաձեռնողական, ապա կարգավորման գործընթացում մեզ սպասում է անհաջողություն, ինչը կռահելն այդքան դժվար չէ:
«Ես ակնկալում եմ, որ նոր նախարարն ու նախարարությունը էական, սկզբունքային փոփոխություններ արտաքին քաղաքականության մեր ուղղություններում չեն իրականացնելու: Բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ լավ է եղել: Այդպես չի եղել: Օրինակ, ԼՂ հիմնախնդրի լուծման ուղղությամբ հայկական դիվանագիտությունը հայ հասարակությանը պարտք է եւ նա հիմա խնդիր ունի այդ պարտքը լրացնելու»,- ասաց նա: Անդրադառնալով ՄԱԿ-ի կողմից ընդունված ոչ հայանպաստ բանաձեւին, նա հայտարարեց. «Եթե մեր դիվանագիտությունն ավելի լավ աշխատեր, ավելի մեծ ռեսուրս ներգրավված լիներ, ավելի շատ հնարավորություններ ու աշխատանք դրված լիներ, այդ թվում նաեւ մեր քարոզչական, բացատրական աշխատանքի հիմքում, կարող էին արդյունքներն այլ լինել»:
Դիտարկմանը, թե ինչո՞ւ Արամ Սաֆարյանն այդքան հեշտ կռահելին չէր կռահում, կամ եթե կռահում էր, ապա չէր ասում մինչեւ Ռոբերտ Քոչարյանի` նախագահի պաշտոնից հեռանալը, եւ արդյոք իր ասածը չի՞ նշանակում, որ Ռ.Քոչարյանն ու Վարդան Օսկանյանը ԼՂ-ի հարցում վարել են սխալ քաղաքականություն, Ա. Սաֆարյանն ասաց, թե ինքն այդպես չի կարծում, քանի որ վերջին 10 տարիների ընթացքում ՀՀ արտաքին քաղաքականությունը «պարտություն չի գրանցել», իսկ ՄԱԿ-ի բանաձեւն էլ «ավելի շուտ մարտի 1-ի դեպքերի հետեւանք էր»: