«Ես թողնում եմ մի կողմ, թե որքանով է ուժեղ հանդես եկել ընդդիմությունը, բայց մեր գնահատականն այսպիսին է, որ որոշումը մնացել է բավականին հատվածային քննության մակարդակում: Պատահական չէ, որ ՍԴ որոշումը նման արձագանք ունեցավ»:
Անդրադառնալով ԵԽ ԽՎ բանաձեւում արված այն առաջարկությանը, թե` Հայաստանի ընդդիմությունը պետք է ընդունի նախագահական ընտրությունների վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը, երեկ հրավիրված ասուլիսում հայտարարել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը: Նա նաեւ ասել է, որ «Ժառանգությունն» արդեն տվել է դրա գնահատականը` հիշեցնելով, որ իրենց խմբակցությունը երկխոսության անհրաժեշտության մասին խոսել է դեռեւս ԵԽ ԽՎ ընդունած զեկույցից առաջ: «Մենք ասում էինք, որ հարկավոր է Հանրային հեռուստատեսությամբ «Երկխոսություն» անվանումով հաղորդում պատրաստել, որտեղ ամբիոն կտրամադրվի ընդդիմության, ինչու չէ` նաեւ արմատական-ծայրահեղական ընդդիմության ներկայացուցիչներին, սակայն դրանք անարձագանք են մնացել»,- ասել է նա: Խոսելով ԵԽ ԽՎ զեկույցի մեկ այլ դրույթի մասին, ըստ որի՝ «Հայաստանի ընտրված նախագահը Սերժ Սարգսյանն է», Լ. Ալավերդյանը նշել է, որ Ս. Սարգսյանի երդման արարողությանը ներկա է եղել «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը` եւ «իրենց կուսակցությունը մինչեւ ապրիլի 9-ի կուսակցություն չէ»: Ըստ Լ. Ալավերդյանի` «Ժառանգությունն» ԱԺ-ում այն միակ կուսակցությունն է, որը կարող է հնչեցնել ընդդիմության ձայնը։ «Եվ պետք է ասել, որ պարոն Սարգսյանն ընդունել է դա, եւ դրա մեջ եղել է բավականին դրական մի ուղերձ»,- հայտարարել է «Ժառանգության» պատգամավորը: Վերջերս անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների շուրջ վերջին զարգացումներին եւ այդ հարցում ՀՀ ու ԼՂՀ ԱԺ գործունեությանը: «Պետք է ունենալ ԼՂ հարցով մշտական հանձնաժողով, որպեսզի խնդիրները լուծվեն աշխատանքային ռեժիմով: Հայաստանի ու ԼՂՀ միջխորհրդարանական հանձնաժողովը հենց այս եզրակացությանն է հանգել, եւ նիստի ժամանակ այս առաջարկն ընդունվել է»,- ասել է Լարիսա Ալավերդյանը: Ըստ նրա` այս հարցի կարեւորության վկայությունն այն է, որ այդ միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահները ՀՀ եւ ԼՂՀ ԱԺ նախագահներն են: Լ. Ալավերդյանը տեղեկացրել է, որ վերջերս կայացած միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի օրակարգում եղել է երեք հարց. ԱԺ նախագահի ներկայացրած ԼՂ հարցի կարգավորման հայտարարությունը եւ ԼՂՀ ԱԺ խմբակցությունների եզրակացությունը ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացի եւ դրանից բխող առաջնային քայլերի վերաբերյալ, ԼՂՀ եվրոինտեգրման գործընթացի մակարդակը եւ վիճակը: «Նշեմ, որ եզակի դեպք է, երբ չճանաչված պետությունը երկար տարիներ շարունակ հետեւողականորեն իրականացնում է ժողովրդավարացման եւ եվրոպական ստանդարտների համապատասխանեցման պրակտիկա»,- ասել է Լ. Ալավերդյանը: Վերջինիս հավաստմամբ` քննարկումների ընթացքում խնդիր է բարձրացվել այն մասին, թե արդյոք Հայաստանի եւ ԼՂՀ դիվանագիտական, արտաքին հարաբերությունների մոտեցումները համընկնո՞ւմ են, թե՞ ոչ: Հանձնաժողովը եկել է այն եզրահանգման, որ Հայաստանի ԱԺ-ն պետք է հանդես գա նոր հայտարարությամբ, որը որակապես պետք է տարբերվի նախորդից: Սակայն, Լ. Ալավերդյանի հավաստմամբ` դա չի նշանակում, որ «նախորդ հայտարարությանը կհակասի, այլ` նախորդը ավելի կհստակեցվի»: ՀՀ ԱԺ պատգամավորի փոխանցմամբ` ԼՂ կողմը նշել է, որ գոյություն ունի հարցերի շրջանակ, որոնք պետք է բարձրացվեն հենց ՀՀ ԱԺ-ի կողմից: «Քանի որ պատգամավորները ժողովրդի ընտրյալներն են, ես ողջունելի եմ գտնում այդ մոտեցումը: Ավելորդ չի լինի, որպեսզի ԱԺ մակարդակով բարձրացվի կամ ուղղակի իրականացվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչումը»: ԼՂ խորհրդարանականները հայտարարություն են ընդունել, որով առաջարկել են ավելի հետեւողական լինել ԼՂ հարցի միջազգային ճանաչման հարցում եւ այդ նպատակով լիարժեք ընդգրկել ԱԺ հնարավորություններն ու սփյուռքի ռեսուրսը: «Ես գտնում եմ, որ ԼՂ ԱԺ պատգամավորներն իրենց շատ պարկեշտ են պահում` թողնելով այդ հարցը Հայաստանի ԱԺ քննարկմանը»,- հայտարարել է Լ. Ալավերդյանը` հավելելով, թե ՀՀ կառավարության «նախաձեռնողականությունը» պետք է լինի ավելի կոշտ եւ ամուր եւ քննարկվի բարձր մակարդակով: «Եթե տեղի չունենա կուրսի փոփոխություն, ապա ավելի կամրապնդվենք նահանջողական, պաշտպանողական դիրքերում»,- ասել է ԱԺ ընդդիմադիր խմբակցության պատգամավորը: