Ազգային փոքրամասնությունները՝ Եղեռնի հիշատակին

13/05/2005

Հայաստանում կան 11 ազգային փոքրամասնություններ, որոնց մշակույթը եւ
սովորույթները աննկատ չեն հայերի համար: Ասորիները, հույները, հրեաները,
ռուսները, ուկրաինացիները, քրդերը, լեհերը, վրացիները մասնակցեցին Հայոց
եղեռնի 90-ամյակին նվիրված գեղանկարչական եւ կիրառական արվեստի
ստեղծագործությունների ցուցահանդեսին:

Բացման ժամանակ Հայաստանի Մշակույթի եւ երիտասարդական հարցերի
նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ Մանասյանն ասաց, որ առանց
ազգային փոքրամասնությունների մշակույթի՝ հայ արվեստն այդքան հարուստ ու
բազմազան չէր լինի: Ապրելով կողք կողքի՝ մենք նույն սպասելիքներն ու
դժվարություններն ունենք, եւ նաեւ՝ նույն երազանքները: Երազում ենք ապրել
խաղաղ ու բարյացակամ մթնոլորտում: Ցուցադրված նմուշների շարքում կային եւ
սիրողական աշխատանքներ, եւ բարձրարվեստ գործեր, եւ պարզապես գունեղ
էթնիկական ձեւավորում: Մեծ հաջողություն ուներ քրդական համայնքի անկյունը,
ձեռագործ աշխատանքներն ու տիկնիկները, նաեւ՝ ռուսական աղն ու հացը:
Պարոնյանի անվան թատրոնում այդ օրը կարելի էր տեսնել շատ գունեղ ու
հետաքրքիր մարդկանց: Իսկ ականջին հասնող խոսակցություններում՝ որսալ
լեզուների այնպիսի բազմազանություն, որը Երեւանի փողոցներում չես լսի:
Ապրելով միասին՝ ազգերը փոխազդում են եւ լրացնում միմյանց: Եվ կիսում
կողքինի ցավը:

Ն.Հ.