Վերջին մի քանի օրերի ընթացքում ՀՀ Կառավարությանն առընթեր Մաքսային պետական կոմիտեն որոշում է կայացրել մի քանի անգամ բարձրացնել ներմուծվող հագուստի պարագաների համար վճարվող մաքսային տուրքը:
Այդ մասին պաշտոնական տեղեկատվություն չի տարածվել, սակայն հագուստի առեւտրով զբաղվող քաղաքացիներին ներքին կարգով տեղյակ է պահվել, որ այսուհետ ներկրված ապրանքի համար գանձվող տուրքերն ավելանալու են: Դա բողոքի առիթ է դարձել հագուստի առեւտրով զբաղվող քաղաքացիների շրջանում, ովքեր երեկ հավաքվել էին ՀՀ կառավարության շենքի դիմաց` իրենց անհամաձայնությունն արտահայտելու այդ որոշման կապակցությամբ:
Հավաքվածները վճռական էին տրամադրված, նրանցից շատերի խոսքերով` իրենք պայքարելու են այնքան, մինչեւ հարցը լուծվի հօգուտ իրենց: Հակառակ դեպքում, նրանց խոսքերով, ներմուծվող հագուստը մի քանի անգամ կթանկանա, ինչի արդյունքում կտուժեն եւ՛ վաճառողները, եւ՛ գնորդները: Օրինակ, եթե նախկինում 1 կիլոգրամ ապրանքի համար մարդիկ վճարում էին մոտ 3 դոլար մաքսատուրք` կախված ապրանքի տեսակից, ապա այսօր տուրքի գումարը հասել է 8 դոլարի: Իսկ, ասենք, Չինաստանից ներմուծվող հագուստի համար՝ նախկին 7 դոլարի փոխարեն, ներմուծողներն այսօր ստիպված են վճարել ավելի քան երկու անգամ շատ` 15 դոլար: «Սրանք (իշխանությունները.- Ն.Հ.) թող մտնեն առեւտրի մեջ, տեսնեն` իրենց արածը ճի՞շտ է, թե՞ սխալ: Չեն հասկանում, գիտեն, որ պետական բյուջե հարկեր ենք մուծում, դրանով հեշտ ու հանգիստ ամեն ինչ լինում է, կարող են 2-3 անգամ ավելացնել: Ղեկավարությունը պիտի տեսնի, թե հասարակ ժողովուրդն ինչ վիճակում է: Հո ստիպելով, պահանջելով չի՞: Մեր վիճակն էլ վիճակ չի, մենք էլ ենք ուզում ապրել»,- մեզ հետ զրույցում` առեւտրով զբաղվողների մտահոգությունը ներկայացրեց բողոքող կանանցից մեկը` խնդրելով չհրապարակել իր անունը: «Էդ նույն ապրանքները շատ մեծ դժվարությամբ ենք վաճառում, ամբողջ օրն անգործ նստած ենք, հիմա էլ որ կրկնակի դարձավ, ո՞նց է լինելու վիճակը: Իսկի էս գներով չէր վաճառվում, հիմա ընդհանրապես չի վաճառվի: Սա ամբողջ ազգաբնակչության խնդիրն ու պահանջն է: Եթե մարդը հիմա մի վերնաշապիկն առնում է 3000 դրամով, վաղը դա 6000-ով չի կարողանալու առնել»:
«Հարկեր ենք տալիս, որ թույլ տան, մենք առեւտուր անենք: Մաքսատանը մաքսվում է, տեղի փող ենք տալիս, հարկեր ենք տալիս: Ամեն հոգս մեր վրա է: Տեղի վճարը հազիվ ենք տալիս, հավաքված մարդկանցից շատ-շատերի տները գրավի դիմաց դրված է, եթե բանկերն այսօր աշխատում են, ապա դրանց մանր բիզնեսն է աշխատացնում: Անունը մանր բիզնես է, բայց իրականում գոյատեւող անձինք ենք: Չենք աշխատում` հարստանալու համար, կոպեկների համար ենք աշխատում: Ինչքան գնաց, մեր վիճակը վատացավ»,- շարունակում է «Հրազդան» տոնավաճառում հագուստի վաճառքով զբաղվող մեկ ուրիշ կին: «Մենք չգիտենք` վաղը մեր գլխին ինչ է գալու: Մարդ 100.000 դոլարանոց տունը գրավ է դրել, 20.000-ը վերցրել, գնացել է ապրանքի` Չինաստան: Եկել է, հիմա 30.000 պիտի տանի, ապրանքի քաշի փող տա: 20.000 դոլարի ապրանքին 35.000-ի ռաստամոժկի փող պիտի տա, որտեղի՞ց հավաքի: Ուզում են ժողովուրդը զզվի, երկրից գնա՞: Որ Հայաստանում բացի իրենցից մարդ չմնա, ո՞ւմ են ղեկավարելու»,- ասաց առեւտրով զբաղվող կանանցից մեկը:
«Թող թույլ տան` մեր ընտանիքները պահենք, թողեն աշխատենք: Էսպես ո՞ւր կհասնի: Վաղը կարող է շուկայի պետը գա, ասի. «Դու ինձ դուր չես գալիս, փակի, գնա էստեղից», ու վերցնի, իմ տեղը մեկ ուրիշին վաճառի: Սպունգի նման ժողովրդին, ինչքան հնարավորություն ունեն, սեղմում են, մինչեւ ճզմվի: Բայց արդեն ճզմվել ենք, էլի»,- վրդովված ասում էր առեւտրականներից մեկը: Ընդ որում, գրեթե բոլորը հրաժարվում էին ասել իրենց անունները: Բողոքողներից շատերը նշում էին, որ նախքան այս իրադարձություններն էլ իրենք պատրաստվում էին դիմել նորընտիր նախագահին` իրենցից գանձվող հարկերի նվազեցման խնդրանքով. «Բայց լրիվ հակառակն եղավ: Շաբաթն ուրբաթից շուտ եկավ, 3-4 անգամ բարձրացան գները: Գազն էլ թանկացրին: Իսկ եթե վառելիքը թանկանում է, ուրեմն մեխանիկորեն ամեն ինչը թանկանում է: Հոգնել ենք արդեն էսքան հարկեր տալուց: Թող մեր նախագահը թույլ տա` ապրենք, կամ էլ թող դռները բացեն, մենք գնանք: Ապրանքը եկել է այստեղ, չեն տալիս, մինչեւ չմուծենք իրենց ուզած հարկը: Թող պահեն իրենց»: Հավաքվածները կառավարության մոտից գնացել են Բաղրամյան փողոց՝ իրենց դժգոհությունն արտահայտելով նաեւ նախագահական նստավայրի դիմաց:
Հավաքվածները տեղեկացրին, որ եթե իրենց պահանջները չբավարարվեն (երեկ բողոքավորների ներկայացուցիչներին ընդունեցին Մաքսային կոմիտեում), չորեքշաբթի օրն ավելի մարդաշատ հանրահավաք կանցկացնեն Կառավարության շենքի դիմաց: