Երկնիշից մեկ պակաս

23/04/2008 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2008թ. հունվար-մարտ ժամանակահատվածի նախնական տնտեսական ցուցանիշները։ Այս հրապարակումը խորհրդանշական է նրանով, որ նոր վարչապետի՝ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման օրոք առաջինն է։ Ուշագրավ է նաեւ այն, որ այդ առաջին հրապարակման արդյունքներով՝ մեր տնտեսությունը երկնիշ աճ չի արձանագրել. նախորդ տարվա հունվար-մարտի համեմատ ՀՆԱ-ն աճել է 9%-ով։ Նշենք, որ 2008թ. հունվար-փետրվարի (երբ Սերժ Սարգսյանը դեռ վարչապետ էր) տնտեսական աճը 9.9 տոկոս էր՝ գրեթե երկնիշ։

9 տոկոսանոց աճն էլ վատ ցուցանիշ չէ, պարզապես մեր իշխանությունները մեզ «փիս» են սովորեցրել՝ որ երկնիշ չի լինում, արդեն մի տեսակ անհանգստանում ենք պետության հեղինակության համար։ Ընթացիկ եւ անցյալ տարվա տնտեսական ցուցանիշները համադրելով՝ դժվար է հավատալ, որ 2008-ի փետրվարին տեղի են ունեցել նախագահական ընտրություններ եւ դրան հաջորդած քաղաքական ցնցումներ։ Ընտրությունները եւ քաղաքական անկայունությունը սովորաբար բացասաբար են ազդում տնտեսության վրա։ Առաջին հերթին՝ այդ ազդեցությունն իր վրա կրում է անշարժ գույքի շուկան, գները կտրուկ նվազում են։ Մեզ մոտ ոչ միայն նման երեւույթ չի նկատվում, այլեւ հակառակը՝ անշարժ գույքի գներն այս տարվա առաջին եռամսյակում նկատելիորեն բարձրացել են։ Ավելին, տրամաբանությունը հուշում է, որ քաղաքական անկայունությունը պետք է ազդի նաեւ շինարարության վրա, քանի որ ցնցումների ժամանակ մեծանում է արտագաղթի հնարավորությունը։ Իսկ եթե հնարավոր է արտագաղթ, ապա շինարարության ծավալներն էլ, տրամաբանորեն, պետք է որոշ չափով «զսպվեն»։ Սակայն, արի ու տես, որ այս տարվա հունվար-մարտին շինարարության աճն ավելի մեծ է՝ 22.5%, քան 2007թ. նույն ժամանակահատվածում՝ 16.4%։ Այս եւ անցյալ տարվա որոշ ցուցանիշներ համեմատական կարգով ներկայացված են աղյուսակում։

Աճի առումով, նախորդ տարվա համեմատ՝ դիրքերը զիջել են արդյունաբերության, գյուղատնտեսության եւ ծառայությունների ոլորտները։ Արդյունաբերական արտադրանքի աճը 2008թ. հունվար-մարտին կազմել է ընդամենը 0.2 տոկոս, մինչդեռ նախորդ տարի այդ ցուցանիշը 4.3 տոկոս էր։ Ծառայությունների եւ գյուղատնտեսության ցուցանիշները կարող եք համեմատել աղյուսակի օգնությամբ։

Տնտեսական վիճակի բացասական երանգները, սակայն, ամենից վառ արտահայտում են արտաքին առեւտրի ցուցանիշները։ 2008թ. հունվար-մարտի արտահանման աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է ընդամենը 1.5 տոկոս, իսկ ահա ներմուծումն աճել է 31.5 տոկոսով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները եղել են՝ արտահանում՝ 25.1% աճ, ներմուծում՝ 52.9%։ Սա եւս մի վկայություն է, որ Հայաստանը կայուն կերպով վերածվում է սպառող երկրի։ Միայն ընթացիկ տարվա առաջին երեք ամիսների ընթացքում Հայաստան է ներմուծվել 848.2 միլիոն դոլարի ապրանք, իսկ արտահանումը կազմել է 234.7 մլն դոլար։ Վիճակն ավելի պարզ է դառնում, երբ համեմատում ենք արտաքին առեւտրի բացասական հաշվեկշռի մեծությունը։ 2007թ. առաջին եռամսյակի բացասական հաշվեկշիռը կազմել է 414 մլն դոլար, իսկ այս տարվանը՝ 613.5 մլն դոլար։ Այս տեմպերով շարունակվելու դեպքում բացասական հաշվեկշիռը կարող է տարվա կտրվածքով գերազանցել 2.5 միլիարդ դոլարը՝ այն էլ լավագույն դեպքում։ Այսպես ենք ասում, որովհետեւ եթե Սերժ Սարգսյանի՝ Մաքսային պետական կոմիտեի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հնչած մտքերն իրականություն դառնան, ապա ներմուծման պաշտոնական տվյալները մեծանալու են՝ ներկայումս Հայաստան ներմուծվող մաքսանենգ ապրանքների օրինականացման հաշվին։ Եթե, իհարկե, մաքսանենգության դեմ պայքարը դեկլարատիվ բնույթ չկրի։