– Տիկին Նադեժդա, ժամանակին ակտիվ քաղաքականությամբ էիք զբաղվում, երկրորդ գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր էիք: Վաղուց է արդեն, որ Հայաստանում ներքաղաքական որեւէ իրադարձության ոչ միայն չեք մասնակցում, այլ անգամ չեք արձագանքում: Ի՞նչն է Ձեզ ետ պահում քաղաքականությունից, եթե հաշվի առնենք, որ դրանով այսօր Հայաստանում զբաղվում են նրանք, ովքեր ընդգծված ծույլ չեն:
– Երբ ես պատգամավոր էի, մեր պետությունը նոր-նոր էր ստեղծվել, եւ բոլորս էլ պարտավոր էինք ինչ-որ ձեւով, յուրաքանչյուրս մեր հնարավորությունների, գիտելիքների չափով օգնել մեր երկրին: Կարող եմ ասել, որ զբաղվել եմ թե՛ սոցիալապես անապահով ընտանիքների հարցերով, թե՛ մշակութային ոլորտում բազմաթիվ օրինագծերի վրա եմ աշխատել: Առաջինը երեւի թե ես եմ բարձրացրել հեղինակային իրավունքի պաշտպանությունն օրենքով կարգավորելու հարցը: Սակայն այդ օրենքը մինչ օրս էլ թերի է` այն կատարողների իմաստով: Ցավոք, ինձ քաղաքականությունից հետ մղեց այն, որ ես ժամանակ չէի ունենում զբաղվել իմ սիրած գործով: Ամեն մարդ պետք է մեկ գործ անի եւ լավ անի: Քանի որ արդեն քաղաքական դաշտը սկսեց ավելի բարելավվել, թող պրոֆեսիոնալ քաղաքագետները զբաղվեն քաղաքականությամբ: Համենայնդեպս, ես ավելի պրոֆեսիոնալ եմ իմ գործում եւ ավելի պրոֆեսիոնալ կատարում եմ իմ գործը, որի արդյունքը, հուսով եմ, երեւում է:
– Արդեն երկար ժամանակ է` քաղաքականությամբ չեք զբաղվում, սակայն նման դեպքերում ասում են` երբ չես զբաղվում քաղաքականությամբ, քաղաքականությունն ինքն է քեզնով զբաղվում: Մասնավորապես, Հայաստանում փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո երկրում շիկացած, լարված մթնոլորտ էր, որին հաջորդեցին արդեն մարտի 1-ի ողբերգական իրադարձությունները: Ենթադրում եմ, Ձեզ նույնպես անհանգստացնում է այն մթնոլորտը, որը կա երկրում:
– Ցավոք, այդ օրը ես քաղաքում չէի, գործով մեկնել էի Մոսկվա: Բոլոր քաղաքացիների համար էլ ցավալի է այն, ինչ տեղի ունեցավ: Ինձ համար ամենամեծ ցավն այն է, որ օտար ազգերը մեր մասին վատ կմտածեն: Ես շատ երկրներում եմ լինում, եւ գիտեմ` ինչպես են հայերիս սիրում՝ որպես խելացի, մշակութային, տաղանդավոր ազգ: Ախր, մեր երկրում ամեն ինչ սկսել էր ոտքի կանգնել, կամաց-կամաց վիճակը, կարող եմ ասել, բարելավվում էր: Պետք է ավելի կիրթ ձեւով այդ ամենն անել: Ես չէի ուզենա, որ տեղի ունենար այն, ինչ տեղի ունեցավ մարտի մեկին: Թե հիմա ով է մեղավոր, ով` անմեղ, չեմ ուզում ենթադրություններ անել, քանի որ այդ օրն այստեղ չեմ եղել, իսկ այլոց կարծիքը լսելով` եզրակացություններ անել չեմ ցանկանում: Ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան տասն անգամ լսել: Համենայնդեպս, կցանկանայի, որ ամեն ինչ գեղեցիկ կերպով անցներ: Ես այն քայլերի համար, որոնք ձախողվում են կամ անհաջողության են մատնվում, նախեւառաջ ինձ եմ մեղադրում: Կարծում եմ, յուրաքանչյուրը պետք է փորձի գտնել մեղքի իր բաժինը եւ քննադատությունը սկսի նախ իրենից:
– Դուք ասացիք, որ մարտի 1-ին քաղաքում չեք եղել, սակայն խնդիրն այն է, որ մինչեւ մարտի 1-ը եղել է փետրվարի 19-ը, նախագահական ընտրությունների օրը: Փետրվարի 19-ին, երբ քաղաքում էիք, հնարավորություն ունեիք եզրակացնել` ինչ է, ի վերջո, տեղի ունենում:
– Մենք մինչ այսօր դեռ զարգացման շրջանում ենք: Քաղաքական վերլուծություններ անել չեմ կարող, քանի որ մասնագիտությամբ ոչ թե քաղաքագետ եմ, այլ երգչուհի: Կարող եմ ասել իմ կարծիքը` որպես քաղաքացի. եթե մի գործ պետք է սկսվի, այն պետք է ունենա իր սկիզբը, զարգացումը: Մենք պետություն ենք կառուցում, եւ այդ պետությունն ուներ իր սկիզբը: Հիմա մենք զարգացման փուլում ենք. ունենք եւ՛ բացթողումներ, եւ՛ առաջընթաց:
– Ենթադրում եմ, որ Ձեզ համար այս թեմայով խոսելը փոքր-ինչ բարդ է այն առումով, որ Դուք, փաստորեն, աշխատել եք Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք, Սերժ Սարգսյանի հետ էլ լավ հարաբերություններ ունեք:
– Ես իրո՛ք աշխատել եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք, աշխատել եմ Ռոբերտ Քոչարյանի օրոք եւ այսօր աշխատում եմ Սերժ Սարգսյանի օրոք: Տեր-Պետրոսյանին շատ եմ գնահատում. ինչպե՞ս մոռանալ, որ նրա կառավարման շրջանում մենք շահեցինք պատերազմը: Նրան գնահատում եմ որպես խելացի անձ: Իսկ սխալ քայլեր բոլորս էլ ունենք, եւ ոչ ոք ապահովագրված չէ սխալներից: Նա, ի վերջո, եղել է մեր երկրի առաջին նախագահը, անցել է մեզ հետ շատ դժվար օրեր ու ճանապարհ, բայց դե պետք է առաջ գնալ: Եվ տեսնում եմ այդ առաջընթացը: Իսկ պարոն Սարգսյանին գիտեմ դեռ ա՜յն ժամանակներից, շփվել ենք: Նրան ճանաչում եմ թե՛ որպես մարդ, թե՛ որպես պետական գործիչ: Ավելին, վստահում եմ նրան եւ հավատում:
– Արվեստի մարդիկ, հատկապես երգիչ-երգչուհիները, մի տեսակ, շատ սահմանափակել են իրենց դերը: Նրանք բացառապես երգում են, համերգների մասնակցում, սակայն՝ որպես այս երկրի քաղաքացիներ` երբեւէ որեւէ դիրքորոշում չեն հայտնում: Երբ տարբեր թերթերի լրագրողները փորձել են նրանցից պարզել` ի՞նչ են մտածում մարտի մեկի իրադարձությունների կապակցությամբ, բոլորը միաձայն պատասխանել են, որ կա՛մ քաղաքում չեն եղել, կա՛մ քաղաքականությամբ չեն հետաքրքրվում:
– Ես ուզում եմ երգիչներին չմեղադրել: Կան երգիչներ, որոնք ունեն իրենց հստակ կողմնորոշումը: Մեր երգիչ-երգչուհիներից շատերն էլ իրենց աշխատանքն են ապահովում: Չի կարելի մեղադրել, ամեն մարդ սիրում է իր աշխատանքը, բեմը: Թող երգեն: Իսկ թե ում կողմից՝ թող իրենք որոշեն:
– Նախագահական ընտրություններից առաջ, երբ մեր շատ երգիչ-երգչուհիներ սկսեցին երգել` հօգուտ իշխանական թեկնածուի, այսինքն` քարոզարշավի ընթացքում պաշտպանում էին Սերժ Սարգսյանի թեկնածությունը, սփյուռքահայ շատ գաղթօջախներում որոշեցին բոյկոտել մեր «աստղերի» համերգները, այսինքն` որոշեցին նրանց չհրավիրել եւ կամ չգնել նրանց համերգի տոմսերը: Չե՞ք կարծում, որ սա լուրջ հարված է մեր երգիչների թե՛ հեղինակությանը (ով այն ունի, իհարկե), թե՛ գրպանին:
– Չեմ լսել: Ժամանակ էլ չունենք լսելու:
– Թեեւ մեր զրույցի հետ իմ հաջորդ հարցը որեւէ առնչություն չունի, սակայն Ձեզ այդ հարցը չտալ չեմ կարող: Օրերս ցուցադրեցին մի տեսահոլովակ` մի գեղեցիկ աղջիկ տեսախցիկի առաջ կոտրատվում է, իսկ երիտասարդը «երգում» է` «Կյա՜նք, քո ցավը տանեմ»: Խնդիրն այն է, որ երբ փորձեցի դաշնամուրով «վերծանել» երգը, պարզվեց, որ այն կազմված է ընդամենը մեկ նոտայից: Կրկներգին ավելանում է նաեւ երկրորդ եւ վերջին նոտան: Դուք այդ երգը պատահաբար չե՞ք լսել:
– Այդ երգն ընդհանրապես չեմ լսել: Այո՜, մեկ նոտա… Ժամանակակից երգարվեստն այսպես է`այսօր կա, վաղը չկա: Բայց այդ նույն ժամանակակից երգարվեստում կան գործեր, որոնք մնայուն են: Ձեր նշած երգի տիպի երգերն ունեն մի քանի օրվա կյանք: Կարո՞ղ ենք նույն բանն ասել, ասենք, Ռոբերտ Ամիրխանյանի մասին: Իհա՛րկե ոչ: Նրա ստեղծագործությունների մասին կարելի է ասել, որ երբեք չեն մոռացվի, որ մնայուն են: Կա այսօր ժանրային մի ոլորտ, որի նպատակը մարդկանց զվարճացնելն է: Այդ մեկ նոտայանոց երգերն ամբողջ աշխարհում են երգում, եւ մեր երիտասարդությունն էլ ցանկանում է նմանվել: Խնդիրը մեկ նոտան չէ, այլ` անճաշակությունը, անգրագիտությունը: Երգ պետք է ստեղծի գրագետ, մասնագիտական կրթություն ստացած մարդը: Մեր նորանշանակ վարչապետն օրերս ասաց, որ տգետ, անկիրթ մարդը վտանգավոր է: Շատ լավ միտք էր: Մարդ պետք է սովորի: Անընդհատ, ամբողջ կյանքի ընթացքում: Սակայն այս միտքը հասկացնելն է դժվար, եւ ոչ միայն մեր երաժիշտներին: