Բախումներ

23/04/2008

Հայ-թուրքական սահմանագծից ոչ հեռու` Թուրքիայի Կարսի նահանգում կիրակի օրը տեղի ունեցած բախումների հետեւանքով զոհվել է չորս քուրդ գրոհային եւ մեկ թուրք զինվոր: Ըստ «Ասոշիեյթեդ փրեսի»` եւս մեկ զինվոր վիրավորվել է: «Haberturk» հեռուստաալիքի փոխանցմամբ էլ` զինյալները եղել են Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունից, որը գործում է հիմնականում Թուրքիայի հարավ-արեւելքում: Ի դեպ, նույն օրը Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում ծեծկռտուք է տեղի ունեցել հայերի եւ հույների միջեւ: «Ասոշիեյթեդ փրեսի» վկայությամբ` տաճարում Ծաղկազարդի տոնակատարության ժամանակ նախ վրդովված հայ հոգեւորականը դուրս է քաշել հույն հոգեւորականին, ով, նրա կարծիքով, սահմանվածից երկար էր մնացել Տիրոջ գերեզմանի մոտ: Այնուհետեւ սկսվել է ծեծկռտուք` արդեն հավատացյալների մասնակցությամբ, որին, ի վերջո, միջամտել է Ոստիկանությունը: Երկու հայեր ձերբակալվել են: Հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ցույց են անցկացրել ոստիկանատան մոտ: Նշենք, որ Հայ Առաքելական, Հույն Ուղղափառ եւ Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների ներկայացուցիչների միջեւ պարբերաբար վիճաբանություններ են տեղի ունենում այն պատճառով, որ նրանք տնօրինում են Սուրբ Հարության տաճարի տարբեր հատվածներ: