Երկու կաթողիկոսները` նախագահականում

23/04/2008

Երեկ Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը եւ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը ՀՀ նախագահական նստավայրում հանդիպել են նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Նախագահի մամլո գրասենյակի հաղորդմամբ, նշելով, որ հանգամանքների բերումով չի կարողացել մասնակցել նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանն, Արամ Ա կաթողիկոսն ասել է, որ ՀՀ է ժամանել Ս. Սարգսյանին անձնապես շնորհավորելու եւ իր զորակցությունը հայտնելու նպատակով: «Եկեղեցին ու հայրենիքը, հավատ ու հայությունը մեզ համար մեկ ամբողջություն են, որի շրջանակում մենք պետք է գործակցենք»,- ասել է նա: Ամենայն Հայոց կաթողիկոսը վստահություն է հայտնել, որ այսօր որդեգրած ընթացքը որոշ ժամանակ անց, անկասկած, տալու է իր արդյունքը, եւ մարդիկ տեսնելու են, որ հստակ քայլեր են ձեռնարկվում` կառուցելու բոլորիս ցանկությունների ու սպասումների հայրենիքը: Ս. Սարգսյանի խոսքով` թիկունքում ունենալով «զույգ կաթողիկոսների զորակցությունը», կարելի է շատ բան անել եւ շատ մեծ արդյունքների հասնել: Ընդգծելով, որ պետությունը հետայսու եւս զորակցելու է Հայ Առաքելական եկեղեցու ամրապնդմանը, Ս. Սարգսյանն ասել է, որ ազգային եկեղեցին պետք է շարունակի մնալ հայոց ոգու եւ ազգային ինքնության հիմնասյուներից մեկը: Ամենայն Հայոց եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսները վստահություն են հայտնել, որ Ս. Սարգսյանը մեծ պատասխանատվությամբ ու նվիրումով շարունակի ծառայել հայրենիքի ու մեր ժողովրդի ընդհանրական ու գերագույն շահերին: «Նրանք իրենց աթոռներով պատրաստակամություն են հայտնել ըստ ամենայնի օժանդակել եւ զորավիգ լինել բոլոր այն բարի մտածումների իրականացմանը, որ ունի նախագահը մեր երկիրն առաջ տանելու գործում»,- ասված է հաղորդագրության մեջ: