10-15 տարում

23/04/2008

«Թուրքիան կարող է Եվրամիության լիիրավ անդամ դառնալ 10-15 տարի հետո»,- այսպիսի կարծիք է հայտնել ԵՄ ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլի Ռենը` հավելելով, որ մինչ այդ Թուրքիան դեռ պետք է երկար ճանապարհ անցնի: «Եթե նա ակտիվորեն իրականացնի եվրոպականացման բարեփոխումներ, ապա, ես կարծում եմ, 10-15 տարի հետո Թուրքիան կարող է անդամակցել ԵՄ-ին,- ասել է ԵՄ ներկայացուցիչը,- 2005 թվականին սկսված ԵՄ անդամակցության բանակցությունների սկզբից ի վեր Թուրքիան բանակցային գործընթացում ապրում է ամենացավոտ ժամանակաշրջանը»: Եվրահանձնակատարը նաեւ կոչ է արել պաշտոնական Անկարային՝ արագացնել նախատեսված ժողովրդավարական բարեփոխումների անցկացումը: Օլի Ռենը, մասնավորապես, ընդգծել է մարդու իրավունքների, ազգային փոքրամասնությունների ու խոսքի ազատության պահպանման հետ կապված բարեփոխումների անհրաժեշտությունը: «Մենք սպասում ենք ցանկացած մարդու խոսքի ազատություն, կանանց եւ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանություն: Դրա համար անհրաժեշտ է ակտիվ ջանքեր գործադրել: Պետք չէ հույս ունենալ, որ այդ եւ այլ խնդիրները կլուծվեն իրենք իրենց»,- նշել է նա: Վերջինս նաեւ բացասաբար է արտահայտվել Թուրքիայի Սահմանադրական դատարանում «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցության գործունեությունը արգելելու վերաբերյալ: Նշենք, որ երկրի գլխավոր դատախազն իշխող կուսակցությանը մեղադրում է կրոնը քաղաքական նպատակներով օգտագործելու եւ շարիաթի ռեժիմ մտցնելու ձգտումների մեջ: «Կուսակցության արգելումը կարող է վնաս հասցնել բարեփոխումների գործընթացին»,- ասել է Օլի Ռենը: