Աշխարհի արձագանքը՝ ծաղրանկարների լեզվով

13/05/2005 Մարիաննա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հրաշալի կլիներ, եթե մարդկության երեւակայությունից ընդհանրապես վրիպեին
ցեղասպանություն, եղեռն… երեւույթները։ Այսօր մարդը, փորձելով որեւէ
բացատրություն գտնել, գրեթե միշտ պարտված է դուրս գալիս՝ լի սարսափի ու
թերահավատության զգացումով։ Կասկածից վեր է, որ դեռեւս ոչ վաղ անցյալում՝
ընդամենը 90 տարի առաջ, պատմությունն արձանագրեց մարդկության մեծագույն
ոճիրներից մեկը՝ Հայոց Մեծ եղեռնը։ Իսկ ի՞նչ էր կարծում եւ ի՞նչ է կարծում
աշխարհն այս մասին։

Մեծ Եղեռնի 90-ամյակին նվիրված միջոցառումների շարքում հետաքրքիր
մասնակցություն ցուցաբերեց Հայաստանի երգիծանկարիչների ասոցիացիան՝ ապրիլի
24-26-ը Սայաթ-Նովա 2 հասցեում (Պետական կոնսերվատորիայի շենքերի դիմաց)
կազմակերպելով «Լույսի լռություն» խորագրով ցուցահանդես-ակցիա։
Ցուցահանդեսի նպատակն էր երեւան հանել ջարդերի տարիներին (1890-ականից
1915-ական թթ.) Թուրքիայում եւ այլ երկրներում տպագրված թերթերի արխիվային
երգիծանկարները, որոնցով այդ ծաղրանկարների օտարերկրյա հեղինակները
(Շլինգ, Ռօտտեր եւ այլք) հանրության ուշադրությունն էին հրավիրում հայերի
հանդեպ կատարվող բռնությունների վրա։ Այդ աշխատանքները ողողված են դաժան
իրականությանը՝ օբյեկտիվ մեկնաբանությամբ, օտարի անտարբերությունը
քննադատող դիրքորոշմամբ։ Բովանդակային առումով նկարներում ակնհայտորեն
գերակշռում են գաղթի տեսարանները։ Առկա են նաեւ իրենց դաժանությամբ
սարսուռ առաջացնող նկարներ։ Գրեթե բոլոր աշխատանքներն ուղեկցվում են
սրամիտ վերնագրերով ու մակագրություններով։ Այդպիսիք են օրինակ՝
«Երիտթուրքերի դատավարությունը պատժում է կոտորածից ազատված հայերին»,
«Ներոնյան օրեր», «Կարեկցությո՛ւն արեք, մարդի՛կ, թշվառ, անտեր
գաղթականներ…»։

Ուշագրավ էին նաեւ Հայաստանի երգիծանկարիչների ասոցիացիայի անդամների
աշխատանքները, որոնք ընդգրկում էին երեւույթի ընկալման եւ մեկնաբանման
առավել լայն սահմաններ։