«ՀՀ Մաքսային պետական կոմիտեում փորձում են հնարավորինս պարզեցնել եւ հստակեցնել մաքսային ընթացակարգերը, իսկ փաստաթղթաշրջանառության ժամանակահատվածը նվազագույնի հասցնելու համար ՄՊԿ նախագահի պաշտոնակատարի կողմից սահմանվել է դիմումների ընթացքն ապահովելու արագացված ընթացակարգ»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ՀՀ Մաքսային պետական կոմիտեի Մաքսային գործի կատարելագործման եւ միջազգային հարաբերությունների վարչության պետ Կարեն Բեգլարյանը: Ըստ նրա, ՀՀ ՄՊԿ ինտերնետային կայքէջում այսուհետ հնարավորություն է ընձեռված բոլոր քաղաքացիներին եւ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներին էլեկտրոնային փոստով գրություններ հղել ՀՀ կառավարությանն առընթեր Մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատարին: Կարեւոր փոփոխություններից Կարեն Բեգլարյանը նշել է այն, որ կայքում պարբերաբար տեղադրվելու են նաեւ ՀՀ ներքին շուկայում ապրանքի միավորի իրացման գնի հիման վրա որոշվող մաքսային արժեքների մեծությունները: «Մաքսային արժեքի մեծություններին պետք է տեղյակ լինեն արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողները մինչ ապրանք ներմուծելը»,- անցած շաբաթ ՀՀ նախագահի մոտ կայացած խորհրդակցությունից հետո հայտարարել է Մաքսայինի պաշտոնյան: Երեկվանից արդեն ինտերնետային կայքում տեղակայված են 100 առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների մաքսային արժեքները: Այսինքն` տնտեսվարող սուբյեկտները մինչեւ ներմուծումը կարող են տեղեկանալ, թե ի՞նչ մեծություն է ֆիքսվել տվյալ ապրանքատեսակի համար, եւ թե որքա՞ն մաքսային վճարում են կատարելու: Վարչության պետի խոսքով, այս ցանկում է նաեւ շաքարավազը: Մոտ մեկ ամսվա ընթացքում կայքէջում կտեղադրվի եւ հանրության համար մատչելի կլինի շատերի դժգոհության առարկան եւ տարաբնույթ խոսակցությունների առիթ դարձած ներմուծվող ավտոմեքենաների մաքսային արժեքների մասին տեղեկատվություն: Ըստ Կ. Բեգլարյանի, աշխատանքը բավականին ծավալուն է, ուստի մի փոքր պետք է սպասել: Նշենք նաեւ, որ ՀՀ Մաքսային պետական կոմիտեում գործում է թեժ հեռախոսագիծ` 53-55-73 հեռախոսահամարով, որի միջոցով հնչեցվող բողոքների եւ առաջարկությունների վերաբերյալ զեկուցվելու է անմիջապես ՄՊԿ նախագահի պաշտոնակատարին: Ապահովելով անձի գաղտնիությունը` հնարավորություն կստեղծվի այդ բողոքների եւ առաջարկությունների հետագա ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ հետադարձ կապի միջոցով տեղյակ պահել քաղաքացիներին եւ ԱՏԳ (արտաքին տնտեսական գործունեություն) իրականացնողներին: