Թումանյանն ու կինը

23/04/2008

«Այսօր հայ կինն իր ազգային կերպարը կորցրել է: Հիմնականում կանայք շատ նյարդային են, ջղային եւ չկայացած»,- երեկ կայացած ասուլիսում նման կարծիք է հայտնել Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը` նկատելով, որ հայ կնոջ նյարդային լինելու պատճառը հիմնականում նրա կյանքի սոցիալական վատ պայմաններն են: Նրա կարծիքով՝ այսօր կանայք ընկած են ձեւի հետեւից` թե՛ կենսակերպում, թե՛ հագուստի ընտրության հարցում: Ըստ Ն. Թուխիկյանի, հայ կինը հոգեւոր արժեքները հասկանալու եւ գնահատելու խնդիր ունի: Անդրադառնալով թանգարանի առաջիկա ծրագրերին՝ Ն. Թուխիկյանը տեղեկացրել է, որ ապրիլի 19-ին Հ. Թումանյանի թանգարանում կբացվի «Մեծ եղեռնը եւ Հ. Թումանյանը» խորագրով ցուցահանդես, իսկ մայիսին նախատեսվում է բացել «Առաջին Հանրապետությունը եւ Թումանյանը» խորագրով ցուցահանդես:

Նա նաեւ տեղեկացրել է, որ առաջիկայում իրականացվելու է «Թանգարանային համալսարան» ծրագիրը: «Այդ ծրագրի շրջանակներում կանցկացվեն դասընթացներ այն թեմաների շուրջ, որոնք ուսումնասիրել է բանաստեղծ Թումանյանը»,- ասել է նա: