Ուրախության արցունքները
Երբ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը 2007թ. դեկտեմբերին Շողակաթ Ա.-ին մեղավոր ճանաչեց խարդախության եղանակով հափշտակություն կատարելու համար եւ դատապարտեց 3 տարի 11 ամիս 8 օր ազատազրկման, ամբաստանյալի խոշոր աչքերից արցունքներ թափվեցին: Սակայն դատավորը դեռ շարունակում էր դատավճռի հրապարակումը: Եվ հուզված Շողակաթը դժվարությամբ ըմբռնեց, որ իր նկատմամբ պայմանական դատապարտություն է սահմանվում. պատիժը պայմանականորեն չկիրառելով, նշանակվում է փորձաշրջան՝ 2 տարի ժամանակով:
Ասել կուզի՝ Շողակաթը կատարած արարքի համար ազատազրկման ձեւով պատիժ էր ստացել: Միաժամանակ, դատարանը եկել էր եզրակացության, որ նրա ուղղվելը հնարավոր է նաեւ հասարակությունից չմեկուսացվելու պայմաններում: Նման իրավիճակում նշանակվում է փորձաշրջան, որի ընթացքում դատապարտյալը ենթակա է հսկողության: Եթե վերջինս փորձաշրջանում գտնվելու ժամանակահատվածում հակաօրինական վարքագիծ դրսեւորի, պայմանական դատապարտությունը օրենքով կարող է վերացվել, եւ անմիջապես գործի կդրվի ազատազրկում սահմանող պատժատեսակը:
Հանցավոր արարք կատարած յուրաքանչյուր դատապարտվողի համար էլ ՀՀ Քրեական օրենսգրքի 70 հոդվածով պայմանական դատապարտության կիրառմանը հասնելը որոշակի հաջողություն է, ուրախություն: Մարդը, ճիշտ է, մեղավոր է ճանաչվում, սակայն հասարակությունից, իր ընտանիքից չի մեկուսացվում:
Այլընտրանքային պատիժ
Պայմանական դատապարտություն ասվածն ինքնին մի փորձաքար է հանցանք գործած ու պատժված մարդու համար, որովհետեւ գործնականում ստուգվում է նրա կամքը, օրինահարգ մնալու նրա կարողությունը: Պատահում է, որ պայմանական դատապարտության ենթարկվածը, հսկողության ու փորձաշրջանի պայմաններում անգամ չի կարողանում զսպել իրեն ու դարձյալ հանցավոր արարք է կատարում: Նման դեպքում, արդեն նոր հանցանքի համար նրան դատապարտող դատարանը սահմանվող պատժին հաշվակցում է նաեւ նախորդ՝ պայմանականորեն չկրած պատժի մի մասը:
Պայմանական դատապարտության ենթարկվելը չի նշանակում անպատիժ մնալ, ինչպես կարծում են շատերը: Պայմանական դատապարտությունը պատժի տեսակ է նրանց համար, ովքեր տվյալ պահին հնարավորություն են ձեռք բերում չազատազրկվելու, մերձավորների կողքին իրենց մեղքը քավելու:
Սա, անշուշտ, ավելի մարդասիրական պատիժ է, ավելի թեթեւ պատժատեսակ: Համարվում է այլընտրանքային պատիժ, այլընտրանքային՝ ավանդաբար կիրառվող ազատազրկման ու հասարակությունից մեկուսացվելու համեմատ: Դրա համար էլ սահմանվում է օրենքով նախատեսված դեպքերում միայն, այլ ոչ թե՝ համատարած բոլորի նկատմամբ: Այն կիրառելիս դատարանը, գործի կոնկրետ հանգամանքներից զատ, մեծ ուշադրություն է դարձնում անձը բնութագրող հատկանիշներին, ինչպես նաեւ կատարած արարքի հետեւանքով պատճառած վնասների հատուցման փաստին:
Պայմանական դատապարտության ենթարկված մարդը պարտավոր է չխուսափել իր նկատմամբ հսկողություն իրականացնող մարմնից, պարբերաբար ներկայանալ ու հաշիվ տալ իր վարքագծի համար: Եթե նախկինում այդ հսկողությունն իրականացնում էր բնակության վայրի Ոստիկանության բաժինը, ապա հիմա արդեն՝ Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժինը՝ իր տարածքային բաժանմունքներով: Սակայն պրակտիկան ցույց է տալիս, որ մեր քաղաքացիները՝ ինչպես դատվողները, այնպես էլ դատվածները, այդ բաժնի մասին մշուշոտ պատկերացում ունեն եւ անտեղյակ են, թե պայմանական դատապարտության ենթարկվելու ուրախությունն ապրելուց ու սթափվելուց հետո ինչ կոնկրետ քայլեր են պարտավոր կատարել, որ չհամարվեն պատժից չարամտորեն խուսափողներ:
Անտեղյակ հետախուզվողը
Շողակաթ Ա.-ի ուրախությունը՝ պայմանական դատապարտության ենթարկվելու համար, երկար չտեւեց: Նախ նա որոշ ժամանակ բոլորովին չէր կողմնորոշվում, թե ինչ պիտի անի: Կարծում էր, թե հատուկ ծանուցում կստանա եւ կներկայանա՝ ուր որ կանչեն: Ծանուցումն ուշանում էր, Շողակաթի անհամարձակ զանգերին ի պատասխան՝ ոչ մի ստույգ տեղեկություն չէր տրվում: Շողակաթն էլ, համարյա քառամյա ազատազրկումը պայմանական դատապարտությամբ փոխարինված լինելու երջանկությանը տրված՝ զլանում էր դատավճիռն ավելի ուշադիր ու հասկանալով կարդալ: Այլապես ժամանակին կըմբռներ դատավճռի եզրափակիչ նախադասություններից մեկը, ըստ որի՝ դատավճռի կատարման նկատմամբ հսկողությունը դրվում էր Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Մալաթիա-Սեբաստիայի տարածքային բաժանմունքի վրա: Ինչ խոսք, երկար թվարկում է, բայց ներկայացված շղթայի ցանկացած օղակին եթե դիմեր, նրան, երեւի, ճիշտ ուղղություն ցույց կտային: Մինչդեռ Շողակաթը իրեն հսկողներին որոնում էր բոլորովին այլ կառույցներում:
Մի հանգամանք եւս անուշադրության էր մատնվել նրա կողմից: Դատավճռում ամրագրված էր, թե նա բնակվում է Երեւանի Անդրանիկի փողոցի բնակարաններից մեկում՝ վարձակալական հիմունքներով: Եթե Շողակաթը տրամաբանական մոտեցում ցուցաբերեր, պիտի ենթադրեր, որ իրեն ծանուցում ուղարկողները հենց այդ հասցեով պիտի դիմեին: Այդ հասցեում պիտի փնտրեին իրեն: Երեւանյան գրանցում չուներ, ընդհանրապես՝ գրանցում չուներ, որ ուր էլ տեղափոխվեր, գոնե գրանցմամբ հնարավոր լիներ գտնել նրան: Անդրանիկի փողոցում գտնվող բնակարանից տեղափոխվել ու վարձակալական հիմունքներով արդեն բնակվում էր Շերամի փողոցի մեկ այլ բնակարանում: Նույն՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքում էր, բայց եթե հաշվառված չէր, նրա հետքին ինչպե՞ս էին ընկնելու:
Այնուամենայնիվ, Շողակաթը տհաճ կանխազգացում ուներ: Եվ որոշեց այլեւս ծանուցման չսպասել, այլ իր նախաձեռնությամբ ներկայանալ Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչություն: Այս տեղեկատվությունն էլ վերջին պահին էր կարողացել ստանալ. բազմաթիվ զանգերից վերջինին քիչ թե շատ բանիմաց պատասխան էին տվել:
2008թ. մարտի 10-ին Շողակաթը ոտքը դրեց վերոհիշյալ ծառայություն թե չէ՝ իրարանցում սկսվեց: Հրավիրվեց այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Մալաթիա-Սեբաստիայի տարածքային բաժանմունքի աշխատակիցը, որն էլ տեղեկացրեց, որ դեռ փետրվարի 12-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Շողակաթը ճանաչվել է պատժից չարամտորեն խուսափող, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Ավելին: Վերացվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավճռով կիրառված պայմանական դատապարտությունը եւ որոշվել է ուժ տալ 3 տարի 11 ամիս 8 օր ազատազրկում սահմանող պատժատեսակին: Հենց տեղում Շողակաթը, որպես հայտնաբերված հետախուզվող, բերման ենթարկվեց Տարածքային ոստիկանություն, այնուհետեւ կալանքի տակ առնվեց՝ վերոհիշյալ պատիժը կրելու համար:
Թյուրիմացություն
Դեպքերի նման գլխապտույտ զարգացումը Շողակաթին անակնկալի բերեց: Համենայն դեպս, նա, օգտվելով փաստաբանական ծառայությունից, բողոքարկեց Մալաթիա-Սեբաստիա համայնքների ընդհանուր իրավասության դատարանի որոշման օրինականությունը:
Արդեն մեկ ամիս կալանքի տակ էր, երբ քրեական վերաքննիչ դատարանը ձեռնամուխ եղավ վերոհիշյալ որոշման դատական ստուգմանը:
Պարզ դարձավ, որ այլընտրանքային պատիժների կատարման բաժանմունքը մի քանի ծանուցագիր է ուղարկել Անդրանիկի փողոցի՝ դատավճռով հիշատակված բնակարան, սակայն պատասխանը եղել է այն, որ վարձակալն այլեւս այնտեղ չի բնակվում, ներկա բնակության վայրն անհայտ է: Պաշտոնական հարցումներն էլ արդյունք չէին տալիս: Շողակաթը ոչ մի տեղ հաշվառված չէր, ոչ մի տեղ նրան չէին գտնում:
Համանման դեպքերը հիմա հաճախ են պատահում, երբ քաղաքացին՝ առանց գրանցման, վարձակալական հիմունքներով բնակվում է այս կամ այն բնակարանում, ու պաշտոնապես նրան գտնելն էականորեն դժվարանում է: Քանի որ հենց այլընտրանքային պատիժների կատարման բաժանմունքում սա եզակի դեպք չէր, Շողակաթին հայտնաբերելու հույսերը կորցնելով՝ միջնորդությամբ դիմել էին տարածքի ընդհանուր իրավասության դատարան: Սակայն օրենքով պահանջվում է, որ կառույցը նման միջնորդությամբ դատարան դիմի գործը վարույթ ընդունելուց մեկ ամիս անց: Մինչդեռ Շողակաթի գործը բաժանմունքում վարույթ էին ընդունել հունվարի 30-ին, իսկ փետրվարի 12-ին ընդհանուր իրավասության դատարանը, ավելի շատ՝ ձեւական մոտեցում հանդես բերելով ու դատապարտյալին պատժից չարամտորեն խուսափող ճանաչելով, եւ՛ հետախուզում էր հայտարարել Շողակաթի նկատմամբ, եւ՛ նրան զրկել պայմանական դատապարտությունից ու ընթացք տվել ազատազրկման հետ կապված պատժին: Սակայն իրականությունն այն էր, որ քաղաքացին բոլորովին էլ չարամտորեն չէր խուսափել, պարզապես տեղեկացված չէր եղել, թյուրիմացաբար եւ իրավագիտակցության ցածր մակարդակի պատճառով իր պարտականությունները չէր կատարել:
Վերաքննիչ դատարանում Շողակաթը խոստովանեց, որ, ճիշտ է, իր դատավճիռը կարդացել էր, բայց բոլորովին չէր հասկացել, թե ինչ է նշանակում «այլընտրանքային» բառը: Եվ դրա համար էլ դատավճռի վերջին նախադասությունը պարզապես չէր ընկալել ու թյուրիմացության մեջ էր ընկել: Նա պնդեց, որ եթե չարամտորեն խուսափեր պատժից, ինքնակամ չէր ներկայանա Քրեակատարողական վարչություն: Ընդգծեց նաեւ, որ Անդրանիկի փողոցի բնակարանից տեղափոխվել էր ոչ թե պատժից ու հսկողությունից խուսափելու համար, այլ՝ պայմաններից ելնելով: Շերամի փողոցի բնակարանում ապրում է բացահայտ, առանց թաքնվելու: Ճիշտ է, նաեւ՝ առանց գրանցման:
Ընդհանուր իրավասության դատարանը խախտել էր Քրեակատարողական օրենսգրքի համապատասխան հոդվածի պահանջը, այն է՝ գործն այլընտրանքային պատիժների կատարման բաժին մուտք լինելուց եւ մեկամսյա ժամկետը լրանալուց հետո նոր միայն պիտի միջնորդություն ներկայացվեր ու քննվեր դատարանում՝ պատժից չարամտորեն խուսափելու վերաբերյալ: Կոնկրետ այս դեպքում, ըստ վերաքննիչ դատարանի, թե՛ հսկողությունն իրականացնող մարմինն էր զլացել ավելի գործուն քայլեր ձեռնարկել՝ քաղաքացուն հայտնաբերելու համար, թե՛ դատարանն էր շտապել միջնորդությունը բավարարելու հարցում:
Շողակաթ Ա.-ի շահերի պաշտպանի բողոքը բավարարվեց: Ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ Շողակաթի վերաբերյալ, վերացվեց: Կրկին ուժ տրվեց Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավճռին, որով Շողակաթի նկատմամբ պայմանական դատապարտություն էր կիրառվել՝ 2 տարի փորձաշրջանով: Մեկամսյա կալանքը, որ փաստացի ու թյուրիմացաբար կրել էր Շողակաթը, հաշվակցվեց նրա պատժի մեջ: Դատապարտյալը անհապաղ, դատարանի դահլիճում ազատ արձակվեց կալանքից ու ազգականուհիների գրկում կրկին սկսեց թափել իր ուրախության արցունքները: Իսկ կանանցից մեկն անընդհատ կրկնում էր. «Առաջին անգամն էր դատվել, որտեղի՞ց իմանար, թե ինչ պիտի անի»:
Պարզաբանման անհրաժեշտություն
Յուրաքանչյուրը, ով պայմանական դատապարտության է ենթարկվում, պետք է ուշադիր ընթերցի իր դատավճռի եզրափակիչ մասը, իմանա, թե այլընտրանքային պատիժների կատարման որ բաժանմունքն է իրականացնելու հսկողությունը: Դատավճռի պատճենը ստանալուց հետո, մի քանի օրվա ընթացքում, առանց հատուկ ծանուցագրի սպասելու, քաղաքացին պետք է ներկայանա այդ բաժանմունք եւ հաշվառման վերցվի: Այնուհետեւ ներկայանա ըստ պայմանավորվածության եւ ըստ կանչի:
Պրակտիկան ցույց է տալիս, որ Շողակաթը միակը չէ, ում նկատմամբ կայացվել է պայմանական դատապարտությունը վերացնելու որոշում: Մեծ ջանքեր գործադրելով պայմանական դատապարտության հասնելու ուղղությամբ ու դատավճռով վերջապես դրան հասնելով՝ մարդիկ, իրենց իրավունքների ու պարտականությունների տարրական չիմացության պատճառով հեշտությամբ կարող են զրկվել դրանից ու հայտնվել կալանավայրում: Պրակտիկան ցույց է տալիս նաեւ, որ այլընտրանքային պատիժների կատարման բաժինները հատկապես դժվարությամբ են հայտնաբերում պայմանական դատապարտության ենթարկված ու բնակության վայրում չգրանցված անչափահասներին: Վերջիններիս նկատմամբ դատարաններն ավելի հաճախ են պայմանական դատապարտություն կիրառում: Վատ չի լինի, որ դատավճռի հրապարակումից հետո փաստաբանները կամ, դրանց բացակայության դեպքում, դատարանը պարզաբանի պայմանական դատապարտության ենթարկվողի հետագա գործողությունները, որպեսզի դատապարտյալը ապագա թյուրիմացություններից զերծ մնա, եւ պայմանական դատապարտությունն անցանկալի կալանքով չփոխարինվի: