Սեփականաշնորհման ենթակա ձեռնարկությունների շարքն են անցել Պետկրկեսն ու
«Հայֆիլմը»։ Պետական գույքի կառավարման վարչությունը գնահատել է այդ
պետական ոչ առեւտրային ձեռնարկություններին ամրացված սեփականությունը,
դրանով իսկ արագացնելով վաճառքի գործընթացը։
«Գնահատել ենք ոչ թե սեփական գույքը՝ զգեստները, սարքավորումները,
արխիվները, այլ ամրացված գույքը՝ շենքերն ու շինությունները»,- ասաց
Գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանը։ Գույքն
օտարվել է: Երեք ամսվա ընթացքում կազմվելու է տարբեր նախարարությունների
մասնագետներից բաղկացած հանձնաժողով, որը պետք է որոշի մրցութային կարգով
հաղթող սեփականատիրոջը։ «Հայֆիլմի» շենքն ու դրան հարող 2,5 հա տարածքը
կարելի է գնել 267 մլն դրամով, իսկ Կրկեսը՝ 40 մլն 800.000 դրամով։ Դա
սպասվելիք մրցույթի մեկնարկային գինն է։ «Մեկնարկային գնի համար քիչ չէ։
Մենք շատ բարձր չենք գնահատել, քանի որ գինը չէ կարեւոր, այլ մի քանի մեր
առաջադրած պայմանների կատարումը»,- ասաց Ա. Մարկոսյանը։ Մինչ
կառավարությունը չի վավերացրել այդ փաստաթղթերը, դեռ հնարավոր է, որ լինեն
փոփոխություններ՝ եւ՛ գնային, եւ՛ ժամկետային։ Սակայն փաստ է՝ պետությունը
կարող է սեփականաշնորհել իր «վզին նստած» ոչ շահութաբեր
ձեռնարկությունները։ Ըստ տնտեսական հաշվարկի՝ դա տրամաբանական քայլ է։
Սեփականաշնորհումը տնտեսական լծակ է, ճիշտ օգտագործման դեպքում՝
պետությանը թույլ կտա ազատվել ոչ շահութաբեր պետական կառույցից, իսկ
փոխանցելով այն մասնավոր անձին, հնարավորություն կտա ձեռնարկությանը
կենդանի մնալ։ Ինչով են ավարտվում նման նախաձեռնությունները՝
անկանխատեսելի է, սակայն փոփոխությունները զուսպ լավատեսություն են
ներշնչում։ Ա. Մարկոսյանը հիշում է, թե ինչ մեծ իրարանցում սկսվեց այն
ժամանակ, երբ որոշվեց սեփականաշնորհել հաց թխող ձեռնարկությունները:
«Բոլորը ասում էին՝ ի՞նչ եք անում, հացի գինը կդառնա 1000 դրամ: Բայց
այդպես չեղավ: Եվ եթե մենք այսօր ունենք քիչ թե շատ զարգացած շուկա, դա
հացի արտադրությունն ու վաճառքն է»,- ասաց նա:
Կրկեսը՝ շուկայական պայմաններում
Ռուսաստանը մեկ տարի առաջ սկսեց իր կրկեսային տնտեսության գնահատումը՝
մտադրություն ունենալով սեփականաշնորհել իր 98 կրկեսները, սակայն
հետագայում հրաժարվեց նման մտքից՝ չկարողանալով երաշխավորել, որ կրկեսների
ապագա տերերը կպահպանեն ձեռնարկության գործունեությունը։ Կարելի է գնել,
քիչ անց սնանկացնել եւ այլ պրոֆիլով այնպիսի մի բան բացել, ինչը արագ ու
մեծ քանակի փող կբերի։ Փորձելով ապահովագրել «Հայֆիլմը» ու Պետկրկեսը
վերապրոֆիլավորումից, հանձնաժողովը ապագա գնորդի առջեւ մի քանի պայման է
դրել։ «Հայֆիլմը» պետք է կինոյով զբաղվի առնվազն 50 տարի, իսկ Կրկեսը՝
կրկեսային արվեստով՝ 25 տարվա ընթացքում։ «Չի բացառվում, որ
ձեռնարկությունները նշված ժամկետից հետո վերապրոֆիլավորվեն, – ասաց Ա.
Մարկոսյանը,- բայց եթե սեփականատերը մենաշնորհ գործունեություն ունի,
ինչո՞ւ պետք է ինքն իրեն վնաս տա։ Եթե պրոֆիլը փոխվի, չի բացառվում, որ
մեկ այլ գործարար այս ոլորտը մտնի»։ Շուկայական ազատ թռիչքի պատրաստվող
Կրկեսի 74 աշխատակիցները նոր տեր ունենալու դեպքում մեկ տարվա ընթացքում
կշարունակեն նվազագույնը 50.000 դրամ աշխատավարձ ստանալ: «Ի դեպ,
օրենսդրությունը դա չի պարտադրում: Մենք դա արել ենք, որպեսզի նոր
ձեռնարկատերը չորոշի միանգամից բոլորին գործից ազատել, ու կարողանա
հասկանալ՝ ով է իրեն պետք»,- ասաց Ա. Մարկոսյանը: Ե՛վ Ա. Մարկոսյանը, եւ՛
Պետկրկեսի տնօրեն Սոս Պետրոսյանը համոզված են, որ դա միայն շահեկան է
Կրկեսի համար, եւ նայում են այդ ոլորտին՝ որպես գործարարություն: «Մենք՝
Կրկեսի աշխատակիցները, փող կգտնենք մրցույթին մասնակցելու համար,- ասաց Ս.
Պետրոսյանը,- արդեն հայտ ենք ներկայացրել: Եվ համոզված ենք, որ
կառավարությունում առողջ ուժեր կան, որոնք մեզ կընդառաջեն, այլ ոչ թե
ուրիշ առեւտրականներին»: Կրկեսը գնելուց հետո Ս. Պետրոսյանը պատրաստ է
օգտագործել իր կապերը Գերմանիայում ու Ֆրանսիայում լուրջ ներդրումներ
անելու համար: «Ես կպայքարեմ, որ Կրկեսը ոչ թե 25 տարի իր ուղղվածությունը
պահպանի, այլ՝ ցմահ»: Աճուրդով սեփականաշնորհված նախկին Խորհրդային
Միության կրկեսների տերերը հիմնականում դարձել են նույն կրկեսների
տնօրենները: Այդպես են աշխատում Թբիլիսիի, Բաքվի կրկեսները: Մոսկվայի
Ցվետնոյ բուլվարում գտնվող մասնավոր կրկեսի տնօրեն Մաքսիմ Նիկուլինը
համոզված է, որ Պետկրկեսի նման հսկա կազմակերպություն չպետք է գոյություն
ունենա: «Թողեք կրկեսի աշխատողներն իրենք փող աշխատեն»,- ասել է նա:
Սպասվում է, որ սեփականաշնորհումից հետո Կրկեսի դերասաններն ավելի բարձր
կվարձատրվեն: «Եթե ձեռնարկատերը որոշի, որ ներկա տնօրենը լավ մենեջեր է,
նա կվարձի իրեն, ու կարող եք չկասկածել, որ մի քանի անգամ ավելի բարձր
կվարձատրի նրան: Անպայման չէ, որ տերը կրկեսի մասնագետ լինի», – ենթադրեց
Ա. Մարկոսյանը: Կրկեսը շահութաբեր ձեռնարկություն սարքելու համար անպայման
չէ միայն կրկեսային ներկայացումներ պատրաստել: Ինչպես ցույց է տալիս
մասնավորեցված ռուսական կրկեսների փորձը՝ կրկեսում սկսում են աճել
համերգային դահլիճները, սրճարանները, ռեստորանները, առեւտրային կետերը,
որոնք եւ շահույթ են բերում տերերին, իսկ կրկեսային ներկայացումների որակի
վրա դա չի ազդում: «Երգող-պարողների համար Հայաստանում շատ այլ վայրեր
կան,- ասաց Ս. Պետրոսյանը,- իսկ Կրկեսը միակն է»: Լավ կառավարիչ ունենալու
դեպքում Կրկեսը կկարողանա առավելագույնս օգտագործել ոչ միայն արենան եւ
հյուրասրահը, այլեւ վերին հարկերում գտնվող բավականին մեծ հյուրանոցային
տարածքը: Թվում է, որ սեփականաշնորհումը տրամաբանական է, եթե կարողանան
անցկացնել այն ինչպես հարկն է: Սեփականատեր կդառնա աճուրդում ավելի մեծ
գումար առաջարկո՞ղը, թե՞ Կրկեսի վերակենդանացման ավելի տրամաբանական
ծրագիր ներկայացնողը: Իսկ միգուցե կատարված գույքի օտարման գործընթացն
արված է արդեն որոշված կոնկրետ գործարարի՞ համար. սա է հետաքրքիր այսօր:
Կոմերցիան պետք է կրկես մտնի, սակայն ինչ ճանապարհներով՝ կորոշի ապագա
տերը: Պետությունը կրկեսի մենաշնորհը հանձնում է մասնավոր անձին:
«Պետությունը չի կարող կինոստուդիա եւ կրկես պահել: Դա ուտոպիա է:
Մարդկության պատմությունը ցույց է տվել, որ պետությունը վատ տնտեսվարող է:
10 մասնավորեցված ձեռնարկություններից 8-ն ավելի լավ են աշխատում:
Մասնավոր սեփականությունը իր կենսունակությունը ապացուցել է»,-
լավատեսորեն ասաց Ա. Մարկոսյանը: