Վենիամին Սմեխովի պոետիկ թատրոնը

23/04/2008

Այս օրերին Երեւանում է գտնվում ռուս դերասան Վենիամին Սմեխովը, ով կինոսիրողներին առաջին հերթին ծանոթ է որպես խորհրդային արկածային «Երեք հրացանակիրները» ֆիլմի Աթոսի դերակատար։

«Բոլորն ինձ որպես Աթոս են ճանաչում, եւ դա ամենավատ փաստն է իմ կյանքում»,- ասաց Վ. Սմեխովը, ով բազմաթիվ դերեր է ստեղծել Մոսկվայի ամենահետաքրքիր եւ ուրույն պոետիկ ձեռագիր ունեցող Տագանկայի թատրոնում։ «Դերասանի համար հաճախ որոշիչ է լինում ոչ թե տաղանդը, այլ՝ պատահականությունների շղթան։ Դերասանի համար ողբերգություն է ոչ պահանջված լինելը»,- ասաց Վ.Սմեխովը, ով մի քանի մենաներկայացումների հեղինակ է։ Դերասանը Երեւանի Ստանիսլավսկու անվան թատրոնի թեմում ներկայացրեց «Իմ հիշողությունների թատրոնը» մենաներկայացումը, որի ընթացքում կարդաց հայտնի ռուս բանաստեղծների ստեղծագործություններն ու յուրահատուկ պոետիկ էքսկուրսիա կատարեց՝ դեպի ամենացայտուն պոեզիայով լեցուն 20 դարի սկիզբ։ Ռուսական գրականության համար բախտորոշ այդ տարիներին ազատագրվեցին ու ստեղծվեցին բազմաթիվ գրական ուղղություններ։ Այդ տարիները հայտնի էին՝ որպես պոեզիայի «արծաթե դար»։ Խորհրդային տարիների պոեզիան նաեւ ներկայացվեց վերջին տարիների հայտնի դարձած ռուս պոետների գործերով։ Վենիամին Սմեխովը, ով արդեն 68-ամյա դերասան է, զարմանալի հեշտությամբ ու պրոֆեսիոնալիզմով կարողացավ հայ հանդիսատեսի հետ կոնտակտ ստեղծել։ Գուցե դա տեղի ունեցավ առաջին հերթին լավ պոեզիայի շնորհիվ, որի կարիքը մենք զգում ենք։ Իսկ այդ երեկո լավ պոեզիան հանդիպեց լավ կատարմանը։ Դեկլամացիա՝ ասմունք կոչվածը մենք հաճախ շատ միակողմանի ենք ընկալում, քանի որ սովոր ենք լսել կամ միատոն, կամ էլ ծայրաստիճան պաթետիկ ընթերցումներ։ Իսկ պոեզիան մեկնաբանելու, իմպրովիզացիա անելու համար առաջին հերթին ինտելեկտ ու խաղալու ունակություն է հարկավոր, որպեսզի հնարավոր լինի մեկնաբանել ու «խաղալ» արդեն իսկ շատերին ծանոթ բառերի հետ։ Վ.Սմեխովը կարդում էր բանաստեղծությունները տարբեր ոճերով՝ ապացուցելով, որ պոեզիան կարող է լուրջ խաղ լինել։

«Պոեզիան առաջին հերթին մեղեդայնություն է»,- ասաց նա։ Նկատվում էր, որ այդ ծրագիրը ռուս դերասանը վաղուց է ստեղծել ու հաջողությամբ ներկայացրել է տարբեր երկրներում, սակայն նրա ներկայացման մեջ տեղ չէին գտել ոչ միայն հայկական բանաստեղծների գործերը, այլեւ՝ ռուս պոետների այն ստեղծագործությունները, որոնց մեջ հայկական հնչերանգ կա։ Կարելի էր հատուկ Հայաստանի հանդիսատեսի համար, օրինակ, Մանդելշտամի մի քանի բանաստեղծություն ընդգրկել։ Սակայն, կարելի է վստահ ասել, որ հայ դերասանները երեքժամյա նմանատիպ ներկայացում դժվար թե կարողանային անել՝ առանց հանդիսատեսի մոտ ձանձրույթ առաջացնելու։ Դա զուտ ռուսական դերասանական վարպետության օրինակ է, քանի որ ռուս դերասանները միշտ եղել են մի քիչ ավելին, քան զուտ դերասաններ։ Նրանք եղել են ժողովրդի խտացված սպասելիքների կրողները։ Նրանց ձայնը, թեկուզեւ՝ այլաբանորեն խոսող, բայց միշտ ունկնդիրներ է գտնում։