Ամեն ուրբաթ

20/04/2008

Հետընտրական շրջանում ձերբակալվածներին, այդ թվում` քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով երեկ մի քանի տասնյակ կանայք բողոքի ցույց էին կազմակերպել ՀՀ Գլխավոր դատախազության շենքի մոտ: Ցուցարարները պատրաստվում են Գլխավոր դատախազության շենքի մոտ նմանատիպ ակցիաներ կազմակերպել ամեն ուրբաթ եւ այնքան ժամանակ, քանի դեռ ազատ չեն արձակվել բոլոր ձերբակալվածները: Ակցիայի մասնակիցները, ովքեր հիմնականում ձերբակալվածների կանայք ու հարազատներն էին, իրենց պահանջներով նամակը վերջում հանձնել են Գլխավոր դատախազության քաղաքացիների դիմումներով զբաղվող վարչության պետ Ժաննա Կուտիկյանին: Վերջինս ասել է, որ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն անպայման կուսումնասիրի նամակն ու կպատասխանի նրանց: Ցուցարարները երեկ բողոքի ակցիա են կազմակերպել նաեւ ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան մոտ, որից հետո այցելել են Վանատուր թաղամասում հացադուլ հայտարարած Արշավիր Բոզինյանին: Երեւանից Վանատուր են գնացել մոտ 60 կին, նրանց հետ է եղել նաեւ ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, ով իր մասնակցությունը բացատրել է` «հարկ եղած դեպքում» «կանանց ոստիկաններից պաշտպանելու» հանգամանքով: Ի դեպ, երեկ կանանց այցը վերածվել է ինքնաբուխ միտինգի: