Չնայած Ադրբեջանի հակաղարաբաղյան քաղաքականությանը, խորհրդային տարիներին
Ղարաբաղում գյուղատնտեսությունը մեծ թափով էր զարգանում, հատկապես`
անասնապահության, խաղողագործության, հացահատիկի արտադրության ոլորտները:
Գյուղատնտեսության ոլորտում զբաղված 18.000 աշխատողներ 1980-ական
թվականներին արտադրում էին 114 մլն դոլարի ապրանք, հիմա 30.000 մարդ
արտադրում են 50 մլն դոլարի ապրանք:
Բայց այն ժամանակ էլ գիտեին, որ առանց ոռոգման համակարգի
գյուղատնտեսությունն իմաստ չունի, եւ փորձում էին զարգացնել համակարգը:
Ինչ-որ բան արվեց, հետո եղավ պատերազմը, որն իր հետքը թողեց նաեւ այս
բնագավառում. լիովին ոչնչացվեց ոռոգման համակարգը, իսկ եղած ոռոգվող
տարածքներն էլ ականապատվեցին:
Հետպատերազմյան տարիներին սկսվեցին բնագավառի զարգացմանն ուղղված
աշխատանքներ: Սեփականաշնորհումից հետո մարդիկ սկսեցին զբաղվել
հողագործությամբ, թափ ստացավ հացահատիկի արտադրությունը, սակայն ոռոգման
համակարգի զարգացման թույլ տեմպերն արգելափակում են գյուղատնտեսության
բոլոր ճյուղերի առաջընթացը: Եթե նախկինում Ղարաբաղի տարածքում ոռոգվում էր
25.000 հա, ապա հիմա` ընդամենը 2-3.000 հա հողատարածք: Ինչպես տեղեկացանք,
այս տարի Ղարաբաղի կառավարությունը 500 մլն դրամ է նախատեսել բյուջեում`
ոռոգման համակարգի վերականգնման համար: ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանի
հավաստմամբ, 2006-ի բյուջեով այդ ոլորտին, հատկապես` ջրամբարների
շինարարությանը, կտրամադրվի եւս 2 մլրդ դրամ: Ոռոգման համակարգի
վերականգնման ծրագրեր են իրականացնում նաեւ ԱՄՆ Կոնգրեսի` Ղարաբաղին
տրամադրված միջոցներով աշխատող Հայ օգնության ֆոնդը, այլ հումանիտար
կազմակերպություններ:
Ղարաբաղում ներկայումս հացահատիկի արտադրությամբ եւ ընդհանրապես
հողագործությամբ ոչ բոլորն են կարողանում զբաղվել. գյուղաբնակներից շատերն
իրենց հողատարածքները վարձակալության հիմունքներով տրամադրում են
ուրիշներին: Պատճառը հիմնականում այն է, որ գյուղացիները պետական վարկ
ստանալու համար գրավի առարկա չունեն: Որպես գրավի առարկա պետական վարկի
սպասարկող օպերատոր հանդիսացող «Արցախբանկը» ընդունում է գյուղտեխնիկա եւ
թանկարժեք իրեր, բայց չի ընդունում ոչ հողատարածք, ոչ էլ բնակարան`
գյուղական բնակավայրերում, թեեւ վերջինիս դեպքում լինում են նաեւ
անձնավորված մոտեցումներ:
Ինչպես վերջերս կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԼՂՀ գյուղնախարար
Վահրամ Բաղդասարյանը, խնդիրը լուրջ քննարկման առարկա է դարձել, եւ,
ամենայն հավանականությամբ, կառավարությունը կոլեկտիվ դիմումների
առկայության պարագայում ինքը կհանդիսանա վարկի երաշխավոր:
Մեր թղթակցի այն հարցին, թե Ղարաբաղում հացահատիկի արտադրության մեջ
որքանո՞վ են ներգրավված ՀՀ բնակիչները, նախարարը պատասխանեց.
«Շրջանառության մեջ գտնվող հողերից այժմ միայն 25 տոկոսն է
սեփականաշնորհված, եւ բնական է` ԼՂՀ բնակիչների կողմից: Մնացած տարածքները
մշակվում են վարձակալների միջոցով: Մենք նման վիճակագրություն չենք կազմել
եւ չենք էլ տարբերակում Ղարաբաղի եւ Հայաստանի վարձակալներին»:
Միաժամանակ` Վ. Բաղդասարյանի հավաստմամբ, դեռեւս կան հարկային դաշտից
դուրս մնացած տարածքներ: Երկու տարի առաջ ստեղծված հանձնաժողովի
աշխատանքների արդյունքում մոտ 15.000 հեկտար հող բերվել է հարկային դաշտ:
Աշխատանքները շարունակվում են եւ այժմ ստուգումներ են կատարվում
Մարտակերտի շրջանում:
Գյուղնախարարը տեղեկացրեց նաեւ, որ 2005-ին կշարունակվեն բույսերի
պաշտպանության միջոցառումները, որոնց համար տրամադրվելիք գումարն ավելացել
է: Միջոցառումների շրջանակներում ձեռք բերված մկնդեղը բաժանվում է
ֆերմերային տնտեսություններին` կրծողների դեմ պայքարի համար (մի քանի տարի
բերքի մի մասը ոչնչացրել են կրծողները): «Բույսերի պաշտպանության եւ
ագրոքիմիայի ընկերության միջոցով նախարարությունը մշտական
հետազոտություններ է կատարում բուսա-սանիտարական իրավիճակի հսկման եւ
վնասատուների տարածման օջախների հայտնաբերման ուղղությամբ»,- տեղեկացրել է
Վ.Բաղդասարյանը:
Որպես ինտենսիվ զարգացման տարր՝ իրականացվում են նաեւ սերմնաբուծության եւ
սելեկցիոն նվաճումների փորձարկման, պահպանության աշխատանքներ: Այս տարի,
նախարարի խոսքերով, ցորենի 10 նոր սորտ է փորձարկվելու. արդյունքում մի
քանի տարի հետո հացահատիկի արտադրությամբ զբաղվողներին հիմնավորված
խորհուրդ կտրվի, թե որ գոտում ինչ տեսակի հացահատիկ պետք է ցանել:
Գյուղատնտեսության զարգացման 2006-2010թթ. ծրագրով նախատեսված է
Ղարաբաղում արտադրել մոտ 5 անգամ ավել հացահատիկ: