Ալե՜, հո՛պ

20/04/2008 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Ընթերցողներից ոմանք երեւի տեսել են «Կարգին հաղորդման» սյուժեներից մեկը՝ Մաքսայինի մասին։ Մաքսային կետերից մեկի պետը, իմանալով, որ ինչ-որ հարցով իր մոտ եկած անձնավորությունն աճպարար է, խնդրում է մի «ֆոկուս» ցույց տալ։ Հետո որոշում է ինքն էլ ցույց տալ իր ունակությունները աճպարարության բնագավառում։ Ու ցույց տալով բակում կանգնած բեռնատարներից մեկն՝ ասում է` «տես, էստեղ սեւ իկրա է»։ Հետո նստում ինչ-որ թուղթ է ստորագրում ու ասում է. «Էս էլ քեզ ֆոկուս, սեւ իկրան դառավ գարոխ»։

Իրականում մաքսավորների մի մասը միշտ էլ զբաղված է նմանատիպ ֆոկուսներով՝ ձկնկիթը «դարձնում» են ոլոռ, թանկարժեք օծանելիքը՝ խոզի կեր կամ մեկ այլ բան։ Ոչ, նրանք չեն զվարճանում կամ չեն պատրաստվում հյուրախաղերի, այլ ընտանիք են պահում «ֆոկուսնիկությամբ»։ Ներկայացումների տոմսերն էլ բավական թանկ են։ Ասենք՝ մեկ բեռնատարի հետ կապված ֆոկուսը կարող է արժենալ 10 հազար դոլար։ «Հանդիսատեսի» պակաս էլ չկա՝ տոմսերը ձեռքից ձեռք են խլում, ծանոթ են մեջ գցում, որովհետեւ շահավետ է։ Օրինակ, նույն «սեւ իկրա» ներմուծողը գիտի, որ պետք է մաքսազերծման համար վճարի, ասենք, 30 հազար դոլարի չափ գումար։ Ֆոկուսի արդյունքում «իկրան» դառնում է ոլոռ, որի համար պետք է վճարել 5000 դոլար։ 10 հազար էլ տալիս է «ֆոկուսի» համար եւ վերջ։ Ինքն էլ է շահում (30 հազարի փոխարեն վճարում է 15 հազար), ֆոկուսնիկն էլ (զրոյի փոխարեն ստանալով 10 հազար դոլար)։ Կորցնում է ո՞վ՝ իհարկե, պետական բյուջեն։

Սա «ֆոկուսների» հարուստ զինանոցից ընդամենը մի փոքրիկ նմուշ է։ Իսկ մեր ֆոկուսնիկները շա՜տ տաղանդավոր են, նրանք ունեն բազում-բազում համարներ։ Իսկ «տոմսերի վաճառքից» ստացած հասույթի մի մասն էլ ուղղվում է ոչ թե մանկատներին, այլ` վերեւներին։ Վերեւներին կարելի է պայմանականորեն ասել՝ «Ֆոկուսնիկների ատեստավորման կոմիտե» (ՖԱԿ), որն էլ «փայ է հանում» ավելի վերեւ, նրանք՝ ավելի ու ավելի։ Ի դեպ, ՖԱԿ-ը բավականին բարդ կառույց է` տարբեր ստորաբաժանումներով, որպեսզի կարողանա վերահսկել ոչ միայն Մաքսային, այլեւ բոլոր ոլորտների ֆոկուսնիկներին՝ Հարկային, Ճանապարհային ոստիկանության, Սոցապի եւ մարդկանց փողերի հետ գործ ունեցող այլ կառույցների։

Չէ, այս ամենը պետք չէ որպես կատակ ընդունել։ Ընդհակառակը՝ լուրջ հարցադրումներ են առաջանում՝ մանավանդ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` 2 օր առաջ կառավարությանն առընթեր Մաքսային պետական կոմիտեի ղեկավարության հետ հանդիպումից հետո։ Այդ հանդիպման մասին պատմող հեռուստառեպորտաժը դիտելիս կարելի է անել մի քանի եզրակացություն. ա) Ս. Սարգսյանը միայն վերջերս է իմացել, որ Մաքսայինում սրբեր չեն աշխատում։ Այս պնդմանը դժվար է հավատալ, որովհետեւ նա 1 տարի եղել է վարչապետ, դրանից առաջ էլ՝ կառավարության անդամ։ Եվ բացի այդ ամենից՝ պարզապես Հայաստանում ապրող մարդ։ Իսկ Հայաստանում ապրող ցանկացած մարդ գիտի այս մասին: բ) Վաղուց գիտեր, ցանկանում էր պայքարել, բայց չէր կարողանում։ Թե ինչո՞ւ, ո՞վ էր խանգարում, այլ հարց է։ Հիմա արդեն ոչ ոք չի կարող ասել, որ Սերժ Սարգսյանը չգիտի Մաքսայինում (ենթադրում ենք, որ այլ կառույցներում եւս) տիրող հոռի բարքերի, կոռուպցիայի եւ հովանավորչության մասին։ Հիմա նա երկրի թիվ մեկ պաշտոնյան է, այնպես որ` խանգարող էլ չկա։ Եվ ասում է, որ վճռական է տրամադրված, ցանկանում է լուծել խնդիրները։ Այս պարագայում՝ երբ մարդը գիտի խնդիրը, ունի իշխանություն, լծակներ այդ խնդիրը լուծելու համար եւ ամենակարեւորը` ցանկություն, ի՞նչը կարող է նրան խանգարել։ Ճիշտ է` միայն հրաշքը։ «Ձեզանից շատերն այս խնդրի մասին գիտեն, նույնիսկ վստահ եմ, որ ոմանք գիտեն, թե կոնկրետ ովքեր են դրանով զբաղվում, բայց միջոցներ չեն ձեռնարկում»,- ասել է նա Մաքսայինի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։ Մենք կարող ենք կոնկրետ միջոց առաջարկել: Օրինակ, թող Սերժ Սարգսյանի գիտությամբ՝ սովորական, շարքային որեւէ քաղաքացու բյուջեից միջոցներ հատկացնեն եւ ուղարկեն արտասահմանից որեւէ ապրանք՝ դիցուք, մի քանի բեռնատար շաքարավազ ներկրելու։ Համոզված ենք՝ այդ քաղաքացին հետո ամենայն մանրամասնությամբ կբացատրի՝ կոնկրետ ովքեր եւ ինչպես են քայքայում հայրենի բիզնեսի, հետեւաբար եւ՝ պետականության հիմքերը։ Մնացածն, ինչպես ասում են, տեխնիկայի գործ է՝ իսկական «քայքայիչ-ֆոկուսնիկներին» եւ նրանց ասիստենտներին ուղարկում են հյուրախաղերի ուղղիչ-աշխատանքային հիմնարկներ՝ այնտեղից նախապես բաց թողնելով այն մարդկանց, ովքեր բարձրաձայնում էին այդ երեւույթների մասին։

Ուրիշ եղանակներ էլ կան. օրինակ՝ հարցեր Մաքսային ծառայությունների պետերին։ Կարելի է սկսել Արտավազդ քեռու մեղմ հարցից՝ «Տղա ջան, աշխատավարձդ ինչքա՞ն ա»։ Իսկ հաջորդ հարցն ավելի խիստ՝ «Ա՛յ տղա, բա էդ «Համմերդ» որտեղի՞ց» (կարելի է եւ առանց հեռուստախցիկների)։ Ոմանք կասեն՝ չի կարելի այդպիսի հարցեր տալ, որովհետեւ պատասխանողն էլ նույնպիսի հարցեր կարող է տալ հարց տվողին։ Կարող է տալ, իրավունք ունի տալ, բայց… չի տա։ Որովհետեւ նման հարց տալու համար պետք են որոշակի մարդկային որակներ, իսկ այդպիսի որակներ ունեցող պետական պաշտոնյան հաստատ «Համմեր» չի քշի։

Իհարկե, դժվար է հավատալ, որ հանրապետական մասշտաբների «ֆոկուսնիկությանը» վերջ կտրվի, լուրջ քայլեր կձեռնարկվեն. նման խոստումներ միշտ էլ տրվել են ու կտրվեն։ Սակայն մի քիչ հույս կա, որովհետեւ, ի տարբերություն նախորդ անգամների, լուրջ քայլեր ձեռնարկելն առաջին հերթին պետք է ոչ թե հասարակությանը, այլ իրենց՝ իշխանություններին՝ հասարակության աչքում վստահություն ձեռք բերելու համար։ «Վստահե՞լ, թե՞ ոչ» հարցը մեքենա ներմուծողը որոշելու է ոչ թե Մաքսայինի հետ հանդիպման մասին պատմող ռեպորտաժի հիման վրա, այլ սահմանի վրա իրեն դիմավորող մաքսավորի վարքագծից, վարորդը՝ ճանապարհային ոստիկանի բարեւելու ձեւից, գործարարը՝ հարկային տեսուչի դեմքի արտահայտությունից։ Այնպես որ, շատ մեծ ջանքեր են պետք, քանի որ վստահության հարցում ֆոկուսները չեն օգնում։