Արդեն «հայրենասեր» է

20/04/2008

ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը երեկ ՕԵԿ գրասենյակում ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլին եւ փոխդեսպան Գիդեոն Դյուհրսթին: ՕԵԿ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` հանդիպման ընթացքում քննարկվել է ՀՀ-ում ներքաղաքական զարգացումներին առնչվող հարցերի լայն շրջանակ: Կարեւորվել է «Հանրահավաքների, երթերի եւ ցույցերի մասին» օրենքում եվրոպական չափորոշիչներին համապատասխան փոփոխություններ կատարելու, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների կատարելագործումը: «Ա. Բաղդասարյանն ընդգծել է, որ կառավարությունում տեղի ունեցող մեծածավալ կադրային փոփոխություններին հաջորդելու են լայնածավալ բարեփոխումները բոլոր բնագավառներում: Կողմերը կարեւորել են բարեփոխումների եւ քաղաքական երկխոսության դերը քաղաքական կայունության ամրապնդման եւ երկրի զարգացման գործում»,- ասված է հաղորդագրության մեջ: Ի դեպ, հիշեցնենք, որ մինչեւ կոալիցիայի անդամ դառնալը, երբ ՕԵԿ-ը հանդես էր գալիս որպես արմատական ընդդիմադիր, նույն Մեծ Բրիտանիայի փոխդեսպանի հետ հանդիպել էր «Մարկո Պոլո» սրճարանում, ինչի համար Ռոբերտ Քոչարյանը նրան անվանել էր դավաճան: