Բանավիճում են ներկա ընկերները եւ «նախկին բարեկամները»

20/04/2008 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Մամուլի Ազգային ակումբը եւ ԱՄՆ ազգային ժողովրդավարության ինստիտուտը` NDI-ն, երեկ կազմակերպել էին «Քաղաքական մշակույթի ձեւավորումը եւ կայացումը Հայաստանում» թեմայով քննարկում:

Հիմնական բանախոսները ԱԺ պատգամավորներ, Հանրապետական եւ «Ժառանգություն» խմբակցությունների անդամներ Գագիկ Մինասյանն ու Ստեփան Սաֆարյանն էին: Մասնակցում էին նաեւ ԱԺ նախկին պատգամավորներ Աղասի Արշակյանը, Թաթուլ Մանասերյանը, ինչպես նաեւ՝ ՀԺԿ, ԱԺՄ եւ «Նոր Ժամանակներ» կուսակցություններից Ռուզան Խաչատրյանը, Հրաչ Սարգսյանը եւ Վարդան Վարդանյանը: Ս.Սաֆարյանը կատակով նկատեց, որ ներկաների 80 տոկոսն ընդդիմադիր կեցվածք ունի, իսկ դա նշանակում է, որ Հայաստանի քաղաքացիներն ընդդիմադիր են այդ նույն համամասնությամբ: Ընդ որում, ըստ նրա, սխալ է այն կարծիքը, թե ընդդիմադիր են միայն Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին քվեարկած 350.000 ընտրողները:

Երեկվա քննարկման թեման թեեւ զուտ քաղաքական էր, բայց իշխանության ներկայացուցիչ Գ.Մինասյանը բավականին լայն անդրադարձ կատարեց «Հայաստանի տնտեսության հաջողությունների» թեմային, խոսեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ծրագրերի, հասարակության ու իշխանությունների միջեւ «անվստահության պատը քանդելու» անհրաժեշտության մասին: Գ. Մինասյանը գտնում է, որ հասարակության ու քաղաքական ուժերի միջեւ առկա «պատը քանդելու» ցանկացած փորձ պետք է ողջունվի, իսկ հակառակ մոտեցման հանդեպ պետք է լինի բացասական վերաբերմունք: Հենց այստեղ էլ նա օրինակ բերեց վերջերս ռուսական «Նովիե իզվեստիա» թերթին տված Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը, որտեղ վերջինս ասել էր, թե իր անելիքը լինելու է օրենքի շրջանակում հնարավոր միջոցներով այնպիսի հասարակական կարծիքի ձեւավորումը, որը չի ճանաչի ներկայիս իշխանության լեգիտիմությունը:

«Այդպիսի գնահատական կամ այդպիսի մոտեցում ունեցող քաղաքական գործչի նկատմամբ, ես կարծում եմ, ողջ հասարակությունը պետք է միավորվի»,- ասաց Գ. Մինասյանը:

Նրան հակադարձեց ՀԺԿ ներկայացուցիչ Ռ. Խաչատրյանը. «Երկխոսության ու հանդուրժողականության այն խոստումները, որոնք հնչում ու ոգեւորում են, իրականում հայկական ավանդույթ են, երբ մի բան ասվում է եւ լրիվ այլ բան արվում` այդ արանքում կեղծելով ընտրությունները: Եթե խոսքը գնում է այն մասին, որ պետք է պատը քանդել, ապա եկեք քանդենք, պարոնայք, բայց արդյոք մինչեւ օրս քաղաքացիներին բերման ենթարկելը նպաստո՞ւմ է այդ պատը քանդելուն: ՀՀ քաղաքացիները դուրս են գալիս զբոսանքի եւ վայրագ ձեւով բերման են ենթարկվում: 10 ոստիկան ագռավների նման հարձակվում են եւ, կին, տղամարդ, երեխա, կարեւոր չէ, ձեռքերը ոլորում, քարշ տալով գցում են մեքենա: Ինչո՞ւ»,- Գ.Մինասյանին դիմելով՝ հարցրեց Ռ.Խաչատրյանը:

Ընդհանրապես երեկ Գ.Մինասյանը բավականին անհարմար վիճակում էր, որովհետեւ լինելով իշխանության միակ ներկայացուցիչը քննարկման մասնակիցների մեջ` ստիպված էր պատասխանել բոլոր հարցադրումներին, թեեւ հիմնականում՝ խուսափում էր կոնկրետ պատասխաններ տալուց: Իսկ երբ ելույթ ունեցավ նախկինում՝ Արտաշես Գեղամյանին, իսկ այս ընտրություններում էլ դաշնակցական Վահան Հովհաննիսյանին սատարող Աղասի Արշակյանը, Գ.Մինասյանը չկարողացավ զսպել վրդովմունքն եւ իր խոսքում Արշակյանին դիմեց «նախկին բարեկամ» որակումով: «Ինչքան էլ իշխանությունը խոսի երկխոսության ու հանդուրժողության մասին, միեւնույն է` հասարակությունն այժմ ունի կասկածներ, թե ինչ տեղի ունեցավ մարտի 1-ին: Ընդhուպ մինչեւ ոստիկանի ու զինծառայողի սպանությունը՝ դա իշխանության կազմակերպած սադրանքն էր: Ժողովուրդը չի հավատում այդ գործի քննությանը, եւ եթե այդ կասկածներն անաչառ հետաքննությամբ հիմնավորապես չփարատվեն եւ հանրությանն ինքնարտահայտման հնարավորություն չտան, ապա ստեղծված անելանելի վիճակը կմղի անկանխատեսելի քայլերի: Ընդ որում` այնպիսի քայլերի, որ կատարում են շահիդները: Ես ցավում եմ, բայց տեսնում եմ հնարավորությունը, որ Հայաստանում կարող են սկսվել հենց շահիդական շարժման դրսեւորումներ: Եվ հիշեք, որ Հայաստանում տարեկան 300 մարդ իր անձին վերջ է տալիս անելանելիության եւ ընտանիքի ապրուստը հոգալ չկարողանալու պատճառով: Դրանք հիմնականում միջին տարիքի տղամարդիկ են: Եվ հիմա կգտնվեն որսորդներ, եւ այդ 300 մարդուց 3-ին հայտնաբերելն, ինձ թվում է, ցանկության դեպքում, հնարավոր կլինի: Ես չեմ ուզում, որ վաղը-մյուս օրը մուտքերում ոստիկաններ, դատախազներ, դատավորներ սպանվեն: Իհարկե, ես տեսնում եմ, որ հուսադրող քայլեր արվում են, եւ ուզում եմ հավատալ, որ այդպես կլինի: Բայց դրանք քիչ են: Արմատական քայլեր են պետք։ Ոչ միայն կադրային քաղաքականությունը պետք է փոխել եւ ազնիվ մարդկանց տեղ տալ, այլեւ այդ անկարգներին պետք է պատժել: Ռոբերտ Քոչարյանն իր 10 տարվա իշխանության ընթացքում մեր երկրում արմատավորեց մի ահավոր սարսափելի բան: Ես դրա անունը դրել եմ՝ ցեղային ռասայականության քաղաքականություն՝ կադրային քաղաքականության մեջ»,- բորբոքված հայտարարեց Արշակյանը:

Ս.Սաֆարյանն էլ անդրադարձավ երկու օր առաջ ԵԽ ԽՎ ընդունած` «Ժողովրդավարական ինստիտուտների գործառույթը Հայաստանում» բանաձեւին: Նրա խոսքերով, Հայաստանում այսօրվանից սկսվում է մի շրջան, երբ տարբեր կողմեր այդ բանաձեւի տեքստը փորձելու են մեկնաբանել իրենց շահերից ելնելով: «Զեկույցն, ինչպես միշտ, Հայաստանում կարող է արժանանալ այն նույն ճակատագրին, ինչին արժանացել են նախորդները: Երբ իշխանությունը պարզապես այդ զեկույցից վերցնում եւ ներկայացնում է իրեն շահեկան հատվածները, ընդդիմությունն էլ փորձում է այն ներկայացնել իբրեւ իր հաղթանակ: Խնդիրն ինքնին որեւէ մեկի հաղթանակը չէ, քանի որ դա ամբողջ երկրի պարտությունն է, որովհետեւ սեփական երկրում չունենալով լուծումների բավարար քաղաքական կամք եւ սպառելով հնարավորությունները` լուծումները գտնվեցին Ստրասբուրգում»,- ասաց Ս.Սաֆարյանը` ավելացնելով, որ` թե՛ ԵԽ ԽՎ բանաձեւը, թե՛ ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան կոմիտեի հանձնաժողովի քննարկումների եզրակացությունը բավական մեծ ազդեցություն են ունենալու Հայաստանի իրադարձությունների հետագա զարգացման վրա: