Նախագահական ընտրություններին չմասնակցելով եւ որեւէ թեկնածուի չսատարելով` Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը տակտիկական քայլ արեց` ժողովրդին ցույց տալով, թե իրականում ով ով է: Այս մասին երեկ «Փաստարկ» ակումբում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի Կոմկուսի ղեկավար Ռուբեն Թովմասյանը` ավելացնելով, որ վերջապես պիտի պարզվեր ընդդիմադիր դաշտը, քանի որ բոլորը խոսում էին ընդդիմության անունից: Այսօր, ըստ նրա, կարելի է հստակ տարբերակել` ով էր ընդդիմություն, ով` ոչ. «Մենք արդեն 18 տարի Հայաստանում չենք տեսնում այնպիսի ընտրություն, որն անցնի այնպես, ինչպես ժողովուրդն է ցանկանում, գոնե անցնի փոքր դժգոհությամբ եւ ոչ թե համաժողովրդական ընդվզմամբ: Ու այս ընտրական համակարգը երբեք էլ չի տանի լավ ընտրությունների, որովհետեւ այն կուտակվել է մի խումբ կուսակցությունների ձեռքին` սկսած հանձնաժողովների կազմումից, վերջացած ձայների հաշվառումով ու ընտրական տեղամասերում կեղծիքներով, մարդկանց ահաբեկելով եւ այլն»: Ռ. Թովմասյանի կարծիքով` այս համակարգը դատապարտված է եւ երկար կյանք ունենալ չի կարող: Անդրադառնալով մարտի մեկի իրադարձություններին` Կոմկուսի ղեկավարը նշեց, որ գործազրկությունը, աղքատությունը, մարդկանց նկատմամբ անուշադրությունը ժողովրդի մեջ կուտակել էին մի զայրույթ, որն արտահայտվեց մարտի մեկի դեպքերով. «Այսօր հանրապետությունում խորը քաղաքական, տնտեսական ճգնաժամ է, եւ դրա ապացույցներից են Եվրախորհրդի կողմից ընդունված համապատասխան որոշումները: Սրանք ծանր բեռ են, որոնք դրված են հանրապետության ղեկավարության ուսերին, ու դրա տակից 3 ամսվա ընթացքում դուրս գալը լուրջ աշխատանք կլինի: Չնայած ես երբեք չեմ ընդունել «եվրոպաներին», Արեւմուտքին, որովհետեւ ինքներս կարող ենք մեր սխալներն արագ շտկել: Կոմկուսն էլ է ասել, որ պետք է կալանավորներին ազատել, որ մարդուն չի կարելի ձերբակալել, ինչ է իշխանությունների հասցեին մի քանի դառը խոսք է ասել: Բայց քանի որ դա Կոմկուսն է ասել, երբեք ընդունելի չի»,- ասաց Ռ. Թովմասյանը: Թեեւ, ընդհանուր առմամբ, վերջինիս այս համակարգից ոչինչ չի բավարարում, քանի որ այն հակաժողովրդական է, այնուամենայնիվ, Ռ. Թորոսյանը Տիգրան Սարգսյանի` վարչապետ նշանակվելուն դեմ չէ: Նրա խոսքերով` իրեն դուր չի գալիս, երբ նոր նշանակված մարդուն անմիջապես սկսում են վարկաբեկել: Իսկ Տիգրան Սարգսյանը, բանախոսի գնահատմամբ` բավական հայտնի անձնավորություն է մեր երկրում ու ֆինանսական աշխարհում. «Ոչ մեկս թերություններից զերծ չենք: Ես մտածում եմ, որ վարչապետը ճիշտ է ընտրված, որովհետեւ երկար տարիներ նա տիրապետում էր ֆինանսական վիճակին, աշխարհի ֆինանսական իրադրությունը շատ լավ գիտի: Չնայած նրան այսօր վերագրում են, որ ոսկին ինքն է վաճառել: Լավ, նա կարո՞ղ էր մեկուկես տոննա ոսկին ինքնակամ դնել ու վաճառել: Կամ ասում են` դոլարի խաղերը: Դոլարի կուրսն իրոք եղել է ժողովրդին թալանելու միջոց, բայց դա մի մարդու վերագրելը շատ կոպիտ սխալ կլինի, պետք է նայենք դրա արմատները»: Նորանշանակ վարչապետը հայտարարել էր, որ կոռուպցիայի եւ «ստվերի» դեմ լրջորեն պայքարելու է: Ռ. Թովմասյանը, սակայն, պրակտիկ գործողություններ է ակնկալում. «Եվ ոչ թե միկրոֆոնային նախադասություններ լինեն: Ժամանակը ցույց կտա, թե վարչապետն ու նոր կառավարությունը իրենց կարդարացնեն, թե չէ: Այսօր կոալիցիան դեռեւս պորտֆելներ է բաժանում, որեւիցե քայլ չի արվել` ժողովրդի հետ կապված: Բայց ժամանակը ցույց կտա, կարիք չկա դեռեւս ոտքի չկանգնած` սկսենք հեղինակազրկել»: Ի պատասխան հարցին` կոռումպացվածին անհրաժե՞շտ է դատել, թե՞ ոչ, Կոմկուսի ղեկավարը նշեց. «Չինաստանում կաշառակերության համար գնդակահարում են, մեզ մոտ աշխատավարձն են բարձրացնում»:
Ռ. Թովմասյանն իշխանության եւ ընդդիմության միջեւ երկխոսության թեմա չի տեսնում: Նրա կարծիքով` երկխոսության հարցն ուշացել է, այն պետք է տեղի ունենար փետրվարի 20-ից մինչեւ մարտի մեկը. «Խելոք իշխանությունները պետք է զգային, որ վերջում այսպես է լինելու: Այսօր, երբ մեջտեղում թափված արյուն կա, եւ երկու կողմն էլ պատասխանատու են դրա համար, ի՞նչ երկխոսության մասին է խոսքը: Ի՞նչ պիտի ասեն, ո՞վ կարող է զոհված երիտասարդի մորը սփոփել այդ երկխոսությամբ: Ի՞նչ խոստումներ պիտի լինեն, Լեւոնին պիտի առաջարկեն պաշտոն, նա էլ ասի` համաձայն եմ եւ վե՞րջ եմ տալիս: Այս վերքը մեր ժողովրդի վրա շատ ծանր է նստել, եւ մենք դարձել ենք համաշխարհային խոսակցության թեմա»:
Լեւոն Տեր-Պետրոսյանը վերջերս հայտարարել էր, որ պայքարը չի ավարտվել, այն նոր փուլ է թեւակոխելու: Ռ. Թովմասյանի կարծիքով` Եվրախորհրդի որոշման այն կետը, ըստ որի` պետք է հանել շտապողականորեն ընդունած օրենքները, կնպաստի ժողովրդական շարժման ակտիվացմանը: «Այդ օրենքների հենց ընդունումը սխալ էր, չպետք է այդպիսի որոշումներ ընդունվեին: Հենց դա էր, որ երկխոսությունը բացառեց: Եվրախորհուրդն այդ կետով նպաստելու է, որ այդ շարժումը նորից բարձրանա: Հարց է, թե որքանով խելոք կլինեն երկու կողմերը, որպեսզի թույլ չտան, որ ամեն ինչ հունից դուրս գա, եւ նորից արյուն թափվի, մարդիկ նորից չգնան այդ ճանապարհով»,- հայտարարեց Հայաստանի Կոմկուսի ղեկավարը: