Լեւոն Տեր֊Պետրոսյանի առաջադրումից հետո հայաստանյան նախագահական ընտրական գործընթացներն, իշխանության եւ ընդդիմության միջեւ ընթացող սովորական մրցապայքար ընկալվելուց բացի, գրեթե անմիջապես սկսեցին դիտարկվել նաեւ որպես աշխարհաքաղաքական որոշակի բեւեռների միջեւ ընթացող գլոբալ մրցակցության դրվագներից մեկը: Առնվազն գոնե իշխանական թեւի քարոզչական մարտավարությունը նախընտական եւ հետընտրական ամբողջ շրջանում նպատակաուղղված է եղել արմատական ընդդիմության շարժումը որպես գործող իշխանությունների վարած արտաքին քաղաքականությանն արեւմտյան այլընտրանք ներկայացնելուն: Ընդդիմությունն, իր հերթին, ակնհայտորեն դեմ էր «ժողովրդական շարժմանը» աշխարհաքաղաքական կողմնորոշումներ վերագրելուն: Ավելին, նրանք ամեն կերպ փորձում էին այդ հանրահավաքներին «համաժողովրդական նոր շարժում» ձեւակերպումը տալ, որպեսզի բացառեն արտաքին ուժերի միջամտության գործոնը: Ընդդիմությունը փորձում էր պահպանել իրենց գործողություններին աջակցություն խոստացողների բարեհաճ վերաբերմունքը, եւ, միեւնույն ժամանակ, աշխարհաքաղաքական նոր հակառակորդներ ձեռք չբերել:
Վերջին տասնամյակում քաղաքական տեխնոլոգիաների զարգացումները պարզորոշ վկայում են, որ գեոքաղաքական կենտրոններն աշխարհի այս կամ այն երկրի վրա հիմնովին ազդեցություն տարածելու նպատակով, ընդհանուր առմամբ, երկու` իրարից թե՛ իրենց տրամաբանությամբ, թե՛ արդյունավետությամբ բավականին տարբեր մոտեցումներով են առաջնորդվում:
Առաջին մոտեցումը ենթադրում է կոշտ` հաճախ ուղղակի միջամտություն այլ պետության ներքին գործերին: Այս դեպքում, սովորաբար, առանց տվյալ երկրի ժողովրդի կարծիքը հաշվի առնելու՝ «ռազմավարական դաշնակից» հանդիսացած վարչախմբերին ուղղակի քաղաքական, ֆինանսական եւ անգամ ռազմական աջակցություն է ցուցաբերվում: Կամ` ընդհակառակը, ոչ բարեկամ համարվող վարչախմբերը նույն մեթոդներով տապալվում են, եւ այլն:
Երկրորդ մոտեցումն աշխարհաքաղաքական տվյալ կենտրոնի սեփական նկրտումների եւ «թիրախ» ընտրված երկրի ժողովրդի կամքի ու նպատակների համադրման վրա է կառուցվում, ինչը վերջնական արդյունքում հնարավորություն է ստեղծում շահագրգիռ գերտերությանը՝ տվյալ երկրի ժողովրդի ձգտումներն օգտագործել սեփական նպատակների, շահերի իրագործման համար: Քաղաքական տեխնոլոգիական այս երկրորդ մոտեցումը վերջին շրջանում ավելի շատ անվանում են «գունավոր» կամ «թավշյա» հեղափոխություն:
Եթե հայաստանյան ընտրական եւ դրան հաջորդած քաղաքական պրոցեսները դիտարկենք վերոնշյալ երկու մոտեցումների տեսանկյունից, ապա հավանականության մեծ ճշտությամբ կարելի է ասել, որ Հայաստանի Հանրապետությունը վերջին ամիսներին տեխնոլոգիական այս երկու մոտեցումների փորձարկման հրաշալի փորձադաշտի էր վերածվել եւ շարունակում է մնալ այդպիսին նաեւ այսօր: Դժվար չէ ենթադրել, որ աշխարհաքաղաքական երկու կենտրոնները խորհրդանշող` Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը հայաստանյան բուռն քաղաքական գործընթացների սկսվելուց շատ ավելի վաղ էին սկսել հետեւել երկրում ծավալվող զարգացումներին: Սակայն հայաստանյան գործընթացների առանձնահատկությունն այն է, որ աշխարհաքաղաքական ազդեցությունների տեսանկյունից այս անգամ ամեն ինչ այնքան էլ միանշանակ եւ պարզունակ սցենարով չընթացավ: Իսկ աշխարհաքաղաքական հիմնական խաղացողների գործողությունները որոշ դեպքերում ոչ միայն մեծ անակնկալ, այլեւ խորը հիասթափության պատճառ հանդիսացան հայաստանյան ընտրական գործընթացի հիմնական մասնակիցների համար:
Առաջին հայացքից թվում էր, թե Ռուսաստանը Հայաստանում առաջնորդվել է տեխնոլոգիական առաջին սցենարով` ապավինելով իր, այսպես ասած, «ավանդական մեթոդներին»: Այսինքն` սեփական ազդեցությունը «ֆորպոստում» փորձելով պահպանել «ռազմավարական դաշնակցի» վարչախմբի «վերարտադրմամբ»: Մի խոսքով, վարվեց այնպես, ինչպես դա միշտ արվել է հետխորհրդային բոլոր «բարեկամ երկրներում»: Նման սպասումների ֆոնի վրա շատերի համար անակնկալ դարձավ նախընտրական շրջանում Ռուսաստանի ղեկավար շրջանակների որդեգրած ավելի քան զգուշավոր կեցվածքը: Սպասողական այդ մարտավարությունը սկսեց էլ ավելի նյարդայնացնել ՀՀ իշխանություններին, եւ ընդհակառակը, սկսեց ոգեւորել ընդդիմությանը, հատկապես, երբ հայտնի դարձավ Լ. Տեր-Պետրոսյանի` Մոսկվա կատարած խորհրդավոր հայտնի այցը: Պատահական չէ, որ մինչ օրս էլ ընդդիմության առաջնորդների շուրթերից որեւէ լուրջ քննադատական խոսք՝ «իշխանության թեկնածուին աննախադեպ աջակցություն ցուցաբերած» ՌԴ ղեկավարության հասցեին, ըստ էության, չի հնչել: Ի դեպ, հետաքրքրական է, որ Լ. Տեր-Պետրոսյանը Ռուսաստանի դիրքորոշումը նախընտրական շրջանում ռուսաստանյան թերթերին տված հարցազրույցներից մեկում բնութագրել էր՝ որպես «նեյտրալ, ինչը հավասարազոր է ընդդիմությանը աջակցելուն»:
Դժվար չէ ենթադրել, որ տեխնոլոգիական երկրորդ մոտեցումը վերագրվում է Արեւմուտքին, եւ, մասնավորապես, ԱՄՆ-ին: Սակայն, ի տարբերություն հեղափոխությունների բովով անցած այլ երկրների` Հայաստանում հենց այս աշխարհաքաղաքական բեւեռն է հայտնվել դաժանորեն քննադատվողի կարգավիճակում, եւ ոչ թե Ռուսաստանը: Եվ, իրոք, մինչ ՀՀ իշխանական շրջանակներն անգլոամերիկյան ֆինանսաքաղաքական շրջանակներին Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու փորձ կատարելու համար մեղադրանքներ են ուղղում, արմատական ընդդիմությունն, իր հերթին, շարունակում է դժգոհությունն արտահայտել նույն այդ շրջանակների եւ միջազգային կառույցների «անգործության եւ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ոչ ադեկվատ վերաբերմունքի եւ գործողությունների» կապակցությամբ: Այս դժգոհությունը, ինչպես հայտնի է, սկիզբ է առել դեռեւս հետընտրական առաջին օրերին, երբ միջազգային դիտորդները տվեցին ավելի քան «փափուկ» եզրակացությունը փետրվարի 19-ին կայացած ՀՀ նախագահական ընտրությունների մասին: Այդ օրերին Լեւոն Տեր-Պետրոսյանը միջազգային կառույցների կողմից Հայաստանի ժողովրդավարական գործընթացների նկատմամբ «երկակի» ստանդարտներ կիրառելու թեմայով նույնիսկ առանձին, խիստ քննադատական հանրահավաքային ելույթ ունեցավ: Անգամ մարտի 1֊ի իրադարձություններից հետո նույն միջազգային դիտորդական առաքելության կողմից հրապարակած հերթական միջանկյալ զեկույցում տեղ գտած ավելի քան կոշտ ձեւակերպումները եւ գնահատականները չմեղմացրին արմատական ընդդիմադիրների խորը դժգոհությունը միջազգային կառույցների եւ արեւմտյան որոշ երկրների դիրքորոշումների հանդեպ: Այդպիսով, ակնհայտ դարձավ, որ արմատական ընդդիմության սպասելիքներն Արեւմուտքից, ի տարբերություն Ռուսաստանից սպասելիքների, ի սկզբանե շատ ավելի մեծ էին: Եվ, ամենայն հավանականությամբ՝ արդեն փետրվարի վերջին, նաեւ տեր-պետրոսյանական ընդդիմության համար, ընդհանուր առմամբ, հասկանալի դարձավ «դրսից» նախագծված «հայաստանյան» իրական եւ ոչ թե նախապես խոստացված սցենարը: Ըստ այդմ Արեւմուտքը սկզբունքորեն առնվազն դեմ չէր ՀՀ-ում իշխանությունների վերարտադրմանը, բայց պայմանով, որ այդ վարչախմբի կողմից կիրականացվեն ավելի վաղ գործադրվող ճնշումների ներքո տրված խոստումները (ԼՀՂ հիմնահարցը, ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները, Իրանի հետ փոխհարաբերությունները, տնտեսության դիվերսիֆիկացիան, եւ այլն): Եվ չնայած Հայաստանում կայացած ընտրությունները եւ, առավել եւս, հետընտրական զարգացումները երբեք այս աստիճան մանրակրկիտ եւ առանձնակի «հոգատար» վերաբերմունքի չէին արժանացել միջազգային տարբեր հեղինակավոր կազմակերպությունների կողմից, այնուհանդերձ, արմատական ընդդիմության խիստ քննադատական վերաբերմունքը եւ գնահատականները վերջիններիս գործունեության հանդեպ այսօր էլ մնում են նույնը: Դա իր արտացոլումը գտավ օրերս Լ. Տեր֊Պետրոսյանի` հացադուլավորներին ուղղված կոչում, որում առանցքային տեղ էր տրված ընդդիմությանը հիասթափեցրած Արեւմուտքի գործելաոճին: Մասնավորապես, անդրադառնալով «խնդրո առարկային», Լ. Տեր-Պետրոսյանը հայտարարեց. «Արեւմուտքը բավարարվեց հայաստանյան իրադարձություններին վերաբերող արտաքուստ խիստ, բայց իրականում դատարկ ու անպատասխանատու հայտարարություններով, կամա թե ակամա նպաստելով հանցագործ իշխանությունների վերարտադրությանը: Եվրոպական կազմակերպությունները, առաջնորդվելով քաղաքական նկատառումներով եւ երկակի ստանդարտներով, բռնեցին ոչ թե ժողովրդավարության, ազատության եւ իրավական պետության գաղափարներով տոգորված Հայաստանի նոր քաղաքացիական հասարակության, այլ անօրինական վարչախմբի կողմը: Առերեւույթ կայունության ապահովման շահագրգռությամբ, բայց ծածկաբար ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Հայաստանի դիրքերը թուլացնելու նպատակով, Արեւմուտքը նախընտրեց մեր «երկրում ունենալ խոցելի լեգիտիմությամբ օժտված բռնապետություն, քան ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն»:
Ինչեւէ, իբրեւ ամփոփում՝ կարելի է ասել, որ Արեւմուտքն այսօրվա հետընտրական Հայաստանում իր մոտեցումներում առաջնահերթություն է տալիս հեռանկարային ծրագրերին, եւ, որ «Հայաստանի ժողովրդավարացման» համար հիմնական «ճակատամարտերը» դեռ առջեւում են: Իսկ այս փուլում Արեւմուտքն, իսկապես, կարծես թե առանձնապես դեմ չէ իշխանության վերարտադրմանը, եթե, իհարկե, իշխանության եկած նոր վարչախումբը չդրժի իր կողմից տրված ինչ-ինչ խոստումները: Այս առումով հատկանշական են Հայաստանում ԱՄՆ֊ի գործերի ժամանակավոր հավատարմատար Ջ. Փենինգտոնի այդ մասին հնչեցրած գրեթե ուղղակի ակնարկները, որ ԱՄՆ-ում համարում են, որ անհրաժեշտ է «հնարավորություն տալ Հայաստանի նորընտիր իշխանություններին` հուսալով, որ նրանք երկիրը ժողովրդավարական ուղի կվերադարձնեն»: Պատահական չէ, որ ամերիկյան դիվանագետն իր ասուլիսի ժամանակ խոսեց նաեւ «հայկական ժողովրդավարության զարգացման» ուղու «էվոլյուցիոն» բնույթի խոստումնալից հեռանկարների շուրջ…