ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի կարծիքով, Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ընդունած «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների վիճակի մասին» բանաձեւն այնքան էլ կոշտ չէ, սակայն դա, ըստ նրա` երկրորդական հարց է: «Ազատության» թղթակցի հետ զրույցում նա նշել է, որ եթե կատարվեն հենց այդ բանաձեւում արձանագրված քայլերը, ապա արդեն հնարավորություն կլինի, որպեսզի «այլ գործողություններով, երկխոսության միջոցով փորձենք նաեւ մնացած քայլերը կատարել»: «Այնուամենայնիվ, գտնում եմ, անկախ բանաձեւի խիստ կամ ավելի զուսպ լինելուց` կարեւոր է, թե մենք ինքներս ինչպիսի հետեւություններ ենք անելու` անկախ եվրոպացիներից կամ այլ միջազգային սուբյեկտներից, եւ ըստ դրա արդեն շարժվենք»,- ընդգծել է նա: Ինչ վերաբերում է իշխանություններին, ապա, ըստ Ա. Մարտիրոսյանի` «ցանկացած իշխանություն, որն ունի պետական մտածողության որոշակի ռեսուրս, անպայման պետք է այնպես պլանավորի իր հետագա գործողությունները, որ երբեւէ Հայաստանը նմանատիպ գնահատականի այլեւս չարժանանա»: Ի տարբերություն Ա. Մարտիրոսյանի` «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանի կարծիքով` ԵԽ ԽՎ հայտարարությունը բավականաչափ խիստ է, բայց ոչ «չարությամբ լի»: «Ես կարծում եմ, որ, իհարկե, այնտեղ սկզբունքային պահանջները ենթակա են կատարման, եւ առաջին հերթին Հայաստանին է պետք դրա կատարումը: Կարծում եմ` մենք այս երեք ամսվա ընթացքում գտնելու ենք հնարավորություններ, մանավանդ, որ ամենասկզբունքային հարցերի կապակցությամբ, որպիսիներից մեկը խաղաղ ցույցերի, երթերի մասին օրենքի լրամշակման, փոփոխման խնդիրն է, մենք արդեն սկզբունքային համաձայնություններ ունենք վենետիկյան հանձնաժողովի հետ: Մյուս հարցերում, կարծում եմ, քաղաքական կամքի դրսեւորում նույնպես լինելու է: Ամեն դեպքում, մենք կոալիցիայի ներսում տանելու ենք այն քաղաքականությունը, որ ազգային միասնության եւ քաղաքացիական համերաշխության ոգին Հայաստանում վերականգնվի, եւ դա դառնա գերիշխող»,- վստահեցրել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղարը` հավելելով, թե երկուշաբթի կամ երեքշաբթի օրը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդում քննարկվելու է ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ, ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Ավետ Ադոնցի հաշվետվությունը Ստրասբուրգից: