Ջերմամատակարարման վերականգնման ծրագի՞ր, թե՞ կեղծիքների շարան …

13/05/2005 Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆ, Տեխնիկական գիտությունների թեկնածու

2002թ. սեպտեմբերի 5-ի թիվ 1384-Ն որոշմամբ ՀՀ կառավարությունը հաստատեց
Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ կատարած «Հայաստանի բնակավայրերի
ջերմամատակարարման ռազմավարություն» հնչեղ անունը կրող, բազմաթիվ
կեղծիքներով ու սխալներով լի ծրագիր-անհեթեթությունը։

Ըստ այդ ծրագրի, Երեւանի ջերմամատակարարման համակարգի վերականգնումը, որը
կիրականացվի 25 տարվա ընթացքում, նախատեսում է գոյություն ունեցող,
միլիոնավոր դոլարների արժողությամբ, կենտրոնացված, 8 հզոր շրջանային
կաթսայատներից բաղկացած համակարգի ոչնչացումը եւ նրա փոխարինումը՝
Երեւանում 30-35 տարի առաջ գոյություն ունեցած եւ բնապահպանության ու
անվտանգության տեսակետից իրավացիորեն մերժված, ապակենտրոնացված սխեմայով,
ենթադրելով յուրաքանչյուր 3-4 բազմաբնակարանային շենքի համար մեկ փոքր
կաթսայատան կառուցում։ Նման քանակությամբ (ավելի քան 1000) կաթսայատների
կառուցումը, որոնք անվտանգության նկատառումներով որոշակի հեռավորություն
(50 մ) պետք է ունենան բնակելի եւ հասարակական շենքերից, քաղաքի
կառուցապատման ներկա խտության պայմաններում անիրական է, իսկ նրանց ցածր,
20-25 մ բարձրությամբ ծխնելույզների հազարավոր տոննաների հասնող թունավոր
արտանետումները, բնապահպանության տեսակետից՝ խիստ վտանգավոր։ Առաջարկվում
է համատիրությունների ջանքերով կոլեկտիվ ջեռուցման իրականացում՝ վճարների
մուծման կոլեկտիվ պատասխանատվությամբ, եւ չվճարումների դեպքում՝ կոլեկտիվի
նկատմամբ պատժամիջոցների կիրառում՝ շենքի ամբողջությամբ անջատման միջոցով։

Շենքերում նախատեսվում է կարգավորման եւ հսկողության «պարզ» միջոցների
կիրառում, ջերմաչափերի, ծախսաչափերի, ճնշման կարգավորիչների, ինչպես նաեւ՝
բնակարանային հաշվիչների տեղադրում եւ այդ բոլորը՝ բնակիչների հաշվին, որը
միջին ընտանիքից կպահանջի ավելի քան 500 դոլարի ծախս։

Այս բոլորի արդյունքում, վճարելով ընդհանուր բնակմակերեսի յուրաքանչյուր
քառակուսի մետրի ջեռուցման համար մոտ 3 դոլար, բնակիչը կունենա 90-օրյա
(խորհրդային տարիներին՝ 151 օր) ջեռուցում եւ բնակարաններում 13 աստիճան։

Նախատեսվում է նաեւ բնակարանների մասնակի ջեռուցման հնարավորություն,
այսպես կարելի է վճարել ընդամենը 45.000 դրամ եւ բնակարանում ունենալ մեկ
գործող ջեռուցման մարտկոց։

Քաղաքակիրթ երկրներում հաջողությամբ գործող, իսկ Հայաստանում ոչնչացման
դատապարտված ջերմամատակարարման կենտրոնացված համակարգի, մեր պայմանների
համար` հետադիմական, ապակենտրոնացված համակարգով փոխարինելը հիմնավորելու
նպատակով, ծրագրում բերված է բացարձակ կեղծիքներով լեցուն տարբերակների
տեխնիկա-տնտեսական համեմատությունների իմիտացիա։

Այսպես, ապակենտրոնացված սխեմայի տարբերակում «սխալմամբ» մոռացված է ավելի
քան 1000 փոքր կաթսայատների արժեքը, յուրաքանչյուրը՝ 130-140.000 դոլար
արժեքով։ Մինչդեռ կենտրոնացված համակարգի շրջանային կաթսայատները իբր պետք
է կահավորված լինեն արեւմտյան արտադրության, թանկարժեք գազատուրբինային
կայանքներով (ԳՏԿ)։ Ընտրված տարբերակի համար ջերմության կորուստները
բաշխիչ ցանցում կազմում են 8%, իսկ կենտրոնացված համակարգի համար
ներկայացված է 25%, որն ավելի քան 3 անգամ մեծացնում է գազի անարդյունավետ
օգտագործումն այդ տարբերակի համար։ Նույն «սխալը» թույլ է տրված նաեւ տաք
ջրամատակարարման պարագայում։ Բացի դրանից, ընտրված տարբերակում տաք ջուր
տրվում է օրական 50 լիտր մեկ բնակչի հաշվով, մյուս դեպքերում՝ ԳՏԿ-ների
աշխատաժամերի կրճատման նպատակով՝ ընդամենը 20 լիտր, որպեսզի նվազեցվի
նրանց կողմից էլեկտրաէներգիայի արտադրությունը, եւ հետեւաբար՝
արդյունավետությունը։ Նույն նպատակով ԳՏԿ-ների հզորության «սխալ»
ընտրության հետեւանքով տաք ջրի մատակարարման տեւողությունը նախատեսվում է
օրական ընդամենը 2,8 ժամ՝ 15 ժամվա փոխարեն (ԳՏԿ-ների հզորության ճիշտ
ընտրության պայմաններում)։

Արտառոց է նաեւ հաջորդ «սխալը»։ ԳՏԿ-ների արտադրած էլեկտրաէներգիայի
արժեքը հաշվառված է 3,3 անգամ պակաս նրա իրական արժեքից եւ հետեւաբար
նույնքան անգամ էլ նվազեցված է եկամտաբերությունը։

Ստանալով ՀԲ-ից մեկ միլիոն դոլար վարկ, ՀՀ կառավարությունը մի քանի
պիլոտային նախագծերով սկսել է ապակենտրոնացված համակարգի ներդրման
աշխատանքները, միաժամանակ, «ծրագրի» համաձայն, բարձրացնելով մեկ քմ-ի
ջեռուցման վարձը մինչեւ 1870 դրամ։ Արդյունքում՝ ջեռուցման համակարգը
հանրապետության ամբողջ տարածքում դադարեց գործելուց։

Անհրաժեշտ է նշել նաեւ, որ Հայաստանն աշխարհում այն միակ երկիրն է, որտեղ
ջեռուցումն էլեկտրական էներգիայի միջոցով ավելի էժան է, քան
ջերմամատակարարման կենտրոնացված համակարգի մատուցմամբ (մոտ 13%-ով)։

«Ռազմավարություն» կոչված այդ անհեթեթությունից հրաժարվելու եւ միլիոնների
արժեք ունեցող կենտրոնացված համակարգի պահպանման եւ նրա շրջանային
կաթսայատները համապատասխան հզորությամբ գազատուրբինային կայանքներով
կահավորելու դեպքում՝ հանրապետությունը հնարավորություն կունենա.

1. Անհամեմատ փոքր միջոցների ներդրմամբ ձեռք բերել սպառիչների մոտ
տեղադրված ճկուն ռեժիմով աշխատող ՀԱԷԿ-ի մեկ բլոկի հզորության կեսին
համարժեք (մոտ 200 մվտ) գումարային հզորությամբ էլեկտրական եւ ջերմային
էներգիաների համատեղ արտադրության աղբյուրներ, որոնք ի վիճակի կլինեն
արտադրել 1,2-1,3 միլիարդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա՝ 30-35 միլիոն դոլար
տարեկան եկամտաբերությամբ։

2. Զգալիորեն (մոտ 30%-ով) տնտեսել գազի ձեռքբերման համար ծախսվող միջոցները։

3. 40-45%-ով իջեցնել ջեռուցման վարձը, միաժամանակ ապահովել ջեռուցման սեզոն՝ 139-օրյա տեւողությամբ։

4. Հրաժարվել ջեռուցման համար կանխավճարի պահանջից, ջեռուցման վարձի գանձումը կատարել 12 ամիսների ընթացքում։

5. Ջերմային եւ էլեկտրական էներգիաների արտադրությունն ու վաճառքը
կենտրոնացնել մեկ սուբյեկտի ձեռքում, որը սպառիչներին կմատակարարի էներգիա
երկու բաղադրիչներով՝ ջերմային եւ էլեկտրական։ Արդյունքում՝արտադրողը
հնարավորություն ունենա անջատել էլեկտրական հոսանքը՝ անհատ սպառիչի կողմից
ջեռուցման վարձի չմուծման պայմաններում։

6. 25 տարվա փոխարեն համակարգի վերակառուցումը կատարել 2-3 տարվա ընթացքում։

7. Բացառել Երեւանի ՋԷԿ-ի գազատուրբինային կայանքներով կահավորելու
նպատակով նախատեսվող ծախսումները (140 մլն ԱՄՆ դոլար) եւ աշխատանքները։

8. Օգտագործել ՌԴ եւ ուկրաինական գազատուրբինային կայանքներ արտադրող
ֆիրմաների շահագրգռվածությունը եւ նրանց կողմից արվող հետեւյալ
առաջարկությունները՝

ա) Դառնալ փայատեր հայ-ռուսական համատեղ ձեռնարկության՝ ներդրված ԳՏԿ-ների արժեքներին համարժեք փայով,

բ) կատարել ԳՏԿ-ների ապառիկ վաճառք՝ եկամուտ ստանալուց հետո վճարումները կատարելու պայմանով,

գ) մինչեւ 25% զեղչով վաճառք՝ վճարումը 3%-ով 2 տարվա ընթացքում։

Ծրագրում տեղ են գտնել նաեւ այլ սխալներ եւ մեր պայմանների համար
անընդունելի շատ դրույթներ, միտումնավոր կերպով անտեսվել է էներգակիրների
սեփական աղբյուրներից զուրկ երկրների համար վառելիքի տնտեսման
ամենաարդյունավետ միջոց հանդիսացող՝ էլեկտրական եւ ջերմային էներգիաների
համատեղ արտադրության օգտագործման հնարավորությունը։

 Վերջում ավելորդ չէ նշել, որ խորունկ զարմանք է առաջանում
արտասահմանցի մասնագետի ղեկավարության ներքո այդ ծրագրի կազմմանը
մասնակցած հայ մասնագետների կրավորական կեցվածքը, երբ հարազատ քաղաքին
պարտադրվում է հետադիմական եւ վնասակար համակարգ, իսկ երկրի
կառավարությանը՝ թյուր իմացության հետեւանք հանդիսացող որոշում…

Դա կարելի է բացատրել կամ հանցավոր անփութությամբ, կամ մասնագիտական գիտելիքների մակարդակով եւ կամ ստացած 30 արծաթով։

Ընտրությունը թողնված է իրենց։