Հետեւելով նորանշանակ վարչապետի ելույթին` ուղղված կառավարության անդամներին, գերատեսչությունների ղեկավարներին, տպավորությունն այնպիսին էր, որ նա զրուցում է ՊՏՈՒ-ի (պրոֆտեխուսումնարանի) սաների հետ, որոնց պետք է խիստ, բայց դանդաղ եւ հանդարտ բացատրել, որ համակարգչից օգտվել չիմանալը կամ ինքնակրթության գործոնն անտեսելն ամոթ է ու վատ: Որ պետք է աշխատել ինքնազարգացման ուղղությամբ. չիմանալն ամոթ չէ, չսովորելն է ամոթ: Թեեւ այս դեպքում հարց է առաջանում` ինչո՞ւ պետք է այն մարդիկ, ովքեր նոր պետք է սովորեն համակարգչից օգտվելու, միջազգային չափանիշներով աշխատելու կարգը, դա սկսեն սովորել պաշտոնավարման ընթացքում եւ ոչ իրենց տանը` գործազուրկի կարգավիճակում, եւ ինչո՞ւ հնարավոր չէ միանգամից բարձր պաշտոնների նշանակել նրանց, ովքեր համակարգիչն օգտագործում են ամենեւին ոչ թղթախաղում կոմպյուտերին ջախջախիչ պարտության մատնելու նպատակով: Պետք է ենթադրել, որ վարչապետի արտաբերած հաջորդ միտքն է թերեւս տալիս այս հարցի պատասխանը: Նա ասաց. «Մենք բոլո՛րս պիտի սովորենք»` նկատելով, որ ինքը եւս որոշակի կորեկցիայի կարիք ունի: Մի խոսքով, կառավարության նիստին Տիգրան Սարգսյանը հանրահայտ մի շարք ճշմարտություններ փորձեց նորովի ներկայացնել` այդպես գուցե հիմնավորելով, թե ինչու կառավարության նիստին ներկա որոշ նախարարների համար այդ նիստը լինելու է վերջինը:
Նորանշանակ վարչապետի շուրթերից հասարակությունն ու հատկապես բարձրաստիճան չինովնիկությունը հնարավորություն ունեցավ լսել նաեւ «տգետ» եւ «անդաստիարակ» բառերը: Այսինքն` այն քաղաքական կամ պետական գործիչները, ովքեր տգետ են եւ անդաստիարակ, չպետք է տեղ ունենան կառավարման համակարգում: Այն տոնը, որով ասվեցին այս բառերը, շատ պաշտոնյաների կստիպի մտածել` որքանո՞վ են իրենք համապատասխանում վերոնշյալ ոչ պատվաբեր կատեգորիաներին, հետեւաբար` որքանո՞վ շանս ունեն մնալու իրենց պաշտոններում: Կոալիցիոն հուշագիրը, որը կառավարության կազմում հարմար տեղավորվելու հնարավորություն է տվել հուշագիրը ստորագրած բոլոր չորս կուսակցություններին, այնուամենայնիվ, վերջնական երաշխիք չէ նրանցից եւ ոչ մեկի համար` երկար ու երջանիկ տարիներ անցկացնել պաշտոնում: Վարչապետը, որ կուսակցական չէ եւ իր հրապարակային ելույթներում պատկառանքով տալիս է միայն Սերժ Սարգսյանի անունը, դժվար թե երկար աշխատի նրա հետ, ով բերանացի չգիտի Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագիրը: Ընդ որում, այն ձեւակերպմամբ, որով Տիգրան Սարգսյանը կառավարության նիստին գտնվող պաշտոնյաներին առաջարկեց որպես սեղանի գիրք ունենալ նախեւառաջ Սերժ Սարգսյանի նախընտրական բուկլետը, կոալիցիայի` պայմանականորեն ասենք` գործընկերներին հասկացնել տվեց, որ ինքն աշխատում է բացառապես Սերժ Սարգսյանի՛ ծրագրերն իրագործելու համար: Այնպես որ` ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանի երդումները, թե ինքը կոալիցիա է մտել բացառապես ժողովրդի կյանքն իր ծրագրով թեթեւացնելու համար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տարբեր աստիճանի ներկայացուցիչների ակնարկները, թե Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի կարեւորագույն գլուխներն արտագրված են ԲՀԿ-ի ծրագրից, ՀՅԴ-ի թեթեւ ու անկաշկանդ տոնով պնդումները, թե եթե իրենց ծրագրերը հնարավորություն չլինի իրականացնել, ոչինչ չի պատահել, իրենք նույն թեթեւությամբ, որով մտել են կոալիցիա, դուրս կգան, էական նշանակություն չունեն: Նրանց առանց այլեւայլությունների հասկացնում են, որ Սերժ Սարգսյանն իշխանության է հասել բացառապես սեփակա՛ն հեղինակությունը հարվածի տակ դնելու, սեփակա՛ն ռեսուրսների, մարտի 1-ի իրադարձությունների գնով, հետեւաբար՝ պարտական չէ ոչ մի քաղաքական ուժի, եւ, որ նրա մեկնած ձեռքն էլ սոսկ բարի կամքի արտահայտություն է, այլ ոչ թե քաղաքական աջակցության ակնկալիք կամ խնդրանք:
Ամեն դեպքում, կառավարությունը թարմացրած որոշ դեմքեր` մասնավորապես, կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանը, արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը, եւս մի քանիսը, մի փոքր մեղմացնում են այն ապատիան, որ կա մինչ օրս: Սակայն օդում կախված են անպատասխան հարցեր: Որքան էլ նորանշանակ վարչապետը, բարձր գիտակցություն ունեցող կադրերը փորձեն նոր հարթություն տեղափոխել մեր պաշտոնյաների կոնսերվատիվ մտածողությունն ու դոգմատիկ աշխատաոճը, որքան փորձեն ներկայանալ որպես լիբերալ արժեքների կրող, այդ քայլերը հասարակական արձագանք չեն գտնի, քանի որ տեղի են ունենում այն երկրում, ուր մարդու իրավունքները գրոշի արժեք չունեն, ուր անմեղ մարդկանց դատապարտում են բազում տարիների ազատազրկման, ուր բանտերը լցված են քաղբանտարկյալներով: Եվ հետո, Սերժ Սարգսյանը դեռեւս չի ասել ժողովրդին ամենակարեւորը: Նա չի տվել մարտի 1-ի իրադարձություններին իր պատասխանատվության մասին բացատրությունները: Նա, հենց նա պետք է ասի, թե ինչպես է այդքան մարդ զոհվել հրազենից, ովքեր են կրակել ժողովրդի վրա եւ ինչու են պատասխանատվության ենթարկվում ոչ թե կրակողները, այլ նրանք, ովքեր փորձել են պաշտպանվել այդ կրակոցներից: Ո՞րն է եղել այս ամենին իր դերակատարությունը: Ամեն օր հերթական վիրավորված զինվորի կամ քաղաքացու մահվան լուրը թեժ է պահում անհնազանդության ու անվստահության մթնոլորտը:
Ակնկալել, որ ԵԽ ԽՎ դիտարկման հանձնաժողովի զեկույցում բարձրացված խնդիրները, մասնավորապես՝ մարտի մեկի իրադարձությունների անաչառ քննությունը, քաղաքացիների ազատությունները սահմանափակող օրենքների վերանայումն ու քաղբանտարկյալների ազատ արձակումը տեղի կունենան, միամտություն է: Հիշենք, թե քանի-քանի սպանությունների, կոռուպցիայի դեպքերի, ընտրակեղծիքների անաչառ քննությունն ու մեղավորների արագ բացահայտումն են պահանջել միջազգային կազմակերպությունները: Ունենալով դատաիրավական այն համակարգը, ուր ոչ մի գործ առանց կաշառքի չի լսվում, ուր դատավորների արդարադատության ընկալումները պայմանավորված են բացառապես ստանալիք կաշառքի չափով, ուր դատավորներն իրենք են տասնյակ հազարավոր դոլար կաշառք տալով՝ նշանակվում պաշտոնների, թույլ չի տա կատարել միջազգային եւ ոչ մի կառույցի պահանջ: Եվ այս ամենը գիտենալով, այնքան էլ հասկանալի չէ նորանշանակ վարչապետի` Արդարադատության նախարարին ներկայացնելիս արած այն դիտարկումը, թե` գիտե՞ք, ասում են` հասարակության մեջ որոշակի անվստահություն կա դատաիրավական համակարգի հանդեպ: Վարչապետի խոսքն ավելի վստահելի ու արժեքավոր կլիներ, եթե նա, ով հանգիստ տոնով խոսում է կառավարությունում տգետների եւ անդաստիարակների տեղ չունենալու մասին, նշեր, որ դատական համակարգը Հայաստանում կոռումպացված է ոտքից գլուխ, եւ, որ դրա դեմ կոշտ եւ կոնկրետ քայլեր են նախատեսվում: Եվ տգետներից ու անդաստիարակներից բացի` կառավարությունում պիտի որ տեղ չունենան կոռումպացված չինովնիկները:
Թեեւ վերջին օրերին էկրաններին դժվար է նկատել Սերժ Սարգսյանին (նա հիմնականում երեւում է էպիզոդներում), ավելի հաճախ, կարելի է անգամ ասել, շատ հաճախ իր նոր աշխատաոճով եւ հետաքրքիր մտքերով երեւում է վարչապետը: Գուցե հեռուստադիտողները եւս նկատել են մի, կարծում ենք, ոչ այնքան անհետաքրքիր միտում. Սերժ Սարգսյանն ու Հայ Առաքելական եկեղեցու խորհրդի անդամ, վարչապետ Տիգրան Սարգսյանը պաշտոնական լեքսիկոն են ներմուծել մի արտահայտություն, որը վերջին 10 տարիներին բարձրաստիճան որեւէ պաշտոնյայի շուրթերից չէր լսվել` «Տա Աստված»: Կարծում ենք, Սերժ Սարգսյանի նախընտրական տրակտատը սերտելուց հետո, Տիգրան Սարգսյանը կառավարության անդամներին կստիպի աշխատանքից ազատ ժամերին աստվածաշնչյան ընթերցումներ անցկացնել, իսկ նիստերից առաջ շշնջալ «Հայր մերը»: Իսկ ժողովրդի համար առայժմ ամենահրատապը, թերեւս, «Պահպանիչ» աղոթքն է: