Ընդդեմ ժողովրդավարական երկրների

20/04/2008

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեկ Արեւմուտքին մեղադրել է ՀՀ-ի եւ Ադրբեջանի նկատմամբ տարբերակված մոտեցում ցուցաբերելու մեջ: «Պետությունները, որոնք իրենց անվանում են ժողովրդավարության խորհրդանիշ եւ ուրիշների վզին են փաթաթում ժողովրդավարական սկզբունքները, չարձագանքեցին հարեւան Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին, որոնց արդյունքում արտակարգ դրություն հայտարարվեց, սպանվեցին տասնյակ խաղաղ բնակիչներ: Մինչդեռ, երբ Ադրբեջանում, որտեղ ապահովված է ժողովրդավարությունը, աննշան միջադեպեր են տեղի ունենում, աղմուկ է բարձրացվում, թե երկրում խախտվում են մարդու իրավունքները, խոսքի ազատությունը»,- հայտարարել է Ալիեւը: Նրա պնդմամբ` դա վկայում է տարածաշրջանի երկրների նկատմամբ տարբերակված մոտեցման մասին. «Մենք դա մերժում ենք եւ երբեք դրան չենք համաձայնի»: Ըստ նրա՝ իր երկրի նկատմամբ անարդարացի վերաբերմունքի հիմքում «տարբեր գործոններ են, այդ թվում անկախ քաղաքականություն վարելու Ադրբեջանի ձգտումը»: «Բայց մենք մտադիր չենք որեւէ մեկի ազդեցության տակ ընկնել կամ գործել որեւէ մեկի ցուցումով»,- ասել է նա: