«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը, ով նախօրեի գիշերn ազատ է արձակվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից` քաղաքից չբացակայելու մասին ստորագրությամբ, «Ազատությանն» ասել է, թե ակնկալում է, որ իր մյուս կալանավորված ընկերների նկատմամբ կիրառված խափանման միջոցը նույնպես կփոխվի: «Այն մարդիկ, ովքեր քաղաքական դրդապատճառով են ձերբակալվել, պետք է ազատ արձակվեն: Այնուամենայնիվ կսահմանազատեմ այն մարդկանց, ովքեր ձերբակալվել են գողություն կամ այլ բաներ անելու համար»,- ասել է նա: «Երբ երկրում կա քաղկալանավոր, եւ կան հանրահավաքների անցկացման արգելքներ, դա խոսում է իշխանության թուլության մասին: Եթե պետությունն իր մասով վերացնի մարտի 1-ի հետեւանքները, այն է` ազատ արձակի քաղկալանավորներին եւ վերանայի վերջին փոփոխությունները հանրահավաքների մասին օրենքում, նա կարող է դրանով իսկ քաղաքական հարթակ ստեղծել ընդդիմության հետ որոշակի խնդիրների շուրջ երկխոսություն սկսելու: Եթե չարեց այդ քայլերը, ուղղակի այս լարվածությունը պահպանվելու է»,- նկատել է նա` ընդգծելով, թե ընդդիմությունը «որոշ դեպքերում գործել է ոչ համարժեք», «որոշ դեպքերում ապավինել է ռեսուրսների, որոնք, ըստ էության, կարող է գոյություն չունենային». «Իհարկե, եղել են տակտիկական սխալներ, բայց, մեծ հաշվով, ընդդիմությունը, կարծում եմ, հասարակության հետ անկեղծ է եղել: Հասարակությունն այնքան միամիտ չպետք է լինի, որ կարծի, թե մեր տիպի երկրներում ռեժիմը մեկ հարվածից կարող է հեռանալ»: Ի դեպ, Ս. Սուրենյանցն ասել է, որ ինքը մեկ անգամ է ցուցմունք տվել եւ պնդել է, որ չի ընդունում իրեն առաջադրված («իշխանության յուրացում» եւ «բռնությամբ ուղեկցված զանգվածային միջոցառում կազմակերպելը») մեղադրանքը: