«Կազմաքանդում են կայացած կառույցը»

20/04/2008

Ինչպես հայտնի է` արդեն երկար ժամանակ է` ՀՀ մաքսային մարմինների ապօրինի գործողությունների պատճառով «Պարես-Արմենիա» ՍՊ ընկերության կողմից ներկրած «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ» ծխախոտատեսակները չի թույլատրվում մաքսամաքրել եւ ներմուծել երկիր: Ապրանքը, ինչպես ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ, դեռեւս գտնվում է մաքսային տերմինալում, որի պատճառով ընկերությունը կրում է խոշոր վնասներ` շուկայում իր դիրքերը զիջելով եւ անկայուն վիճակ ստեղծելով, ինչպես նաեւ տրանսպորտային ընկերությանը պարապուրդի տուգանքներ վճարելով ու հարվածելով սպառողների շահերին: «Ս.թ. փետրվարի 26-ից սկսած ընկերությունը դիմել է ՀՀ մաքսային պետական կոմիտեին ակցիզային դրոշմանիշներ ստանալու համար, որպեսզի կազմակերպվի ծխախոտի հետագա արտադրությունը, սակայն ընկերությանը պատասխանել են, որ այս երկու խնդրի կապակցությամբ «վերեւից» հրահանգավորված է չմաքսազերծել ապրանքը եւ չտրամադրել ակցիզային դրոշմանիշներ: Մաքսայինի չինովնիկների պաշտոնական «մերժումը» մեծ զարմանք առաջացրեց ընկերության մոտ: Մաքսային կոմիտեի նախագահի տեղակալ ՄԾ գնդապետ Կ.Մաթեւոսյանն ըստ էության հայտնել է, որ ընկերության կողմից ներմուծվող սիգարետների տուփերի վրա կատարված նշագրումները հակասում են «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 15 հոդվածի պահանջներին, ինչի կապակցությամբ կոմիտեն իբր դիմել է շահագրգիռ գերատեսչություններին եզրակացություններ ստանալու համար: Խնդիրը կայանում է նրանում, որ «Գովազդի մասին» ՀՀ օրենքը գովազդի կանոնների խախտման պատրվակով ներմուծման սահմանափակումներ չի նախատեսում, իսկ ՀՀ կառավարության 01.10.2001 թ. թիվ 917 որոշման համաձայն` գովազդի մասին օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող ՀՀ պետական կառավարման լիազորված մարմնի իրավասություններն արտաքին գովազդի մասով վերապահվել են` Երեւան քաղաքում` Երեւանի քաղաքապետին, իսկ Հայաստանի Հանրապետության մարզերում` մարզպետներին: Ինչպես տեսնում ենք, մաքսային կոմիտեն ընդհանրապես իրավասություն չունի գովազդի կանոնների պահպանման մասով վերահսկողություն իրականացնել»,- ասված է հաղորդագրության մեջ: Ի դեպ, ընկերության կողմից ներմուծվող «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ» ծխախոտատեսակների վերաբերյալ առկա է Ստանդարտների ազգային ինստիտուտի դրական եզրակացությունը: «Այսպիսով, մաքսային մարմինների անօրեն գործողությունների հետեւանքով վնասվում է մի ձեռնարկություն, որի վճարած հարկերը կազմում են 7.6 մլրդ դրամ, եւ որը ՀՀ խոշոր հարկատուների ցուցակի առաջին տասնյակի մեջ զբաղեցնում է 8-րդ տեղը: Հեռուստատեսությամբ ՀՀ նորընտիր նախագահը երեկ հանձնարարեց Մաքսային պետական կոմիտեի աշխատակիցներին հավասար դաշտ ստեղծել տնտեսավարող սուբյեկտների համար, սակայն տվյալ դեպքում նրա հանձնարարականը չի կատարվում: Իսկ դա նշանակում է, որ մաքսայինի աշխատակիցները կամ չեն կատարում նախագահի հանձնարարականը, կամ էլ ունեն ուրիշ հրահանգ` խոչընդոտելու «Պարես-Արմենիա» ՍՊԸ-ի աշխատանքները, որի 50 տոկոսի սեփականատերերն են Սուքիասյան եղբայրները: Իսկ ո՞ւր են շուկայական հարաբերությունների սկզբունքները, ո՞ւր է այն բարեփոխումների շարքը, որով պետք է հանրությունը առաջնորդվի, եւ որոնց մասին ամեն օր լսում ենք հեռուստատեսությամբ: Ո՞վ պետք է պատժի երկրին վնաս հասցնող այն չինովնիկներին, որոնք խոչընդոտելով «Պարես-Արմենիայի» աշխատանքը, հարված են հասցնում ՀՀ բյուջեին, կազմաքանդում են մի կայացած կառույց, որը ՀՀ-ում ունի ամենալուրջ դիստրիբուցիոն համակարգը: Վերջապես, ո՞վ պետք է արմատախիլ անի նման մերժելի երեւույթները»,- նկատել է ընկերության տնօրեն Հ. Դեմիրչյանը` հավաստիացնելով, որ ընկերությունը պաշտպանելու է իր բոլոր օրինական իրավունքներն ու շահերը տեղական եւ միջազգային ատյաններում` պայքարելով հանուն շուկայական առողջ տնտեսության եւ հավասար դաշտի ստեղծման: Ի դեպ, ընկերությունն ահազանգում է, որ երկու օրից նորից խուճապ կստեղծվի շուկայում` կախված ապրանքի դեֆիցիտի եւ դրանից բխող գների աճի հետ: