Ստամբուլյան կինոմտորումներ

20/04/2008 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Ապրիլին անցկացվող Ստամբուլի կինոփառատոնի շրջանակներում տեղ գտավ նաեւ հայ-թուրքական համատեղ սեմինարը, որի ընթացքում երկու հանրապետությունների կինոստեղծագործողներն անցկացրեցին ֆիլմերի դիտումներ ու քննարկումներ։ Սեմինարի թեման՝ կինոն ու կինոյի միջոցով սեփական երկրի պատմությունը արտացոլելու փորձերն էին։

Հայաստանյան պատվիրակությունը Ստամբուլում ցուցադրեց Արտավազդ Փելեշյանի երկու վավերագրական ֆիլմերը, Ֆրունզե Դովլաթյանի «Երկունքը», «Այգեպար.Ալիբեյլի» հայ-ադրբեջանական երկու ֆիլմերից բաղկացած համատեղ նախագիծը, Տիգրան Խզմալյանի «Արմին Վեգներ» ֆիլմը։ Ուշագրավ է, որ թուրքական կինեմատոգրաֆիստները շեշտը դրել էին ու քննարկում էին ակնկալում խաղարկային ֆիլմերից, որոնցից շատերը կատակերգություններ էին։ Թուրքական «Ինտերնացիոնալ» ֆիլմն, օրինակ, Օսմանյան Կայսրության պատմությունն արտացոլող կոմեդիա էր։ Այդ ֆիլմը մենք, ամենայն հավանականությամբ, հնարավորություն կունենանք դիտել «Ոսկե ծիրան» փառատոնի ընթացքում։ Սեմինարն անցնում էր «Անատոլ կուլտուր» հիմնադրամի նախաձեռնությամբ, իսկ այդ հիմնադրամն արդեն մի քանի հայ-թուրքական նախագծերի սկիզբ է դրել, որոնց թվում են «Մեհրաբարեւ» ֆոտոնախագիծը եւ կերպարվեստի ոլորտի համատեղ ցուցադրումները։

Հայաստանյան «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար, կինոգետ Սուսաննա Հարությունյանը նշեց, որ քննարկումները շատ ավելի արդյունավետ էին լինում այն ժամանակ, երբ հեղինակն ինքն էր իր ֆիլմը ներկայացնում, քանի որ մասնակիցները հնարավորություն էին ստանում անմիջապես դիտումից հետո հարցեր տալ հեղինակին։ «Պարզ էր, որ երկու կողմերն էլ ցանկանում էին երիտասարդ ռեժիսորների աշխատանքները դիտել եւ պատրաստ էին ակտիվ քննարկել»,- ասաց նա։

Անշուշտ, Ստամբուլյան սեմինարը միտված էր երկխոսությանը եւ ընդհանուր մշակութային դաշտ ձեւավորելու նպատակ ուներ։ Իսկ երկխոսությունը կարող է կայանալ միայն այն դեպքում, երբ հասարակությունը պատրաստ է լինում ինքն իր առջեւ հարցեր դնել ու այդ հարցերի պատասխանները որոնել։ Ստամբուլ մեկնած կինոգործիչները նշում էին, որ հասարակական կարծիք ձեւավորելու ու խոսելու կուլտուրան բարձրացնելու գործում թուրքական հեռուստատեսությունները մեծ դեր ունեն. կլոր սեղանների, զրույց-շոուների, քննարկումների ժանրերը շատ պոպուլյար են Թուրքիայում։ Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, ում ֆիլմը մի քանի տարի առաջ ստացել է Ստամբուլի կինոփառատոնի գրան-պրին, ասաց. «Ես բարդ ու խորը տպավորություններ ունեմ Ստամբուլյան կինոսեմինարից։ Իհարկե, երկու կողմերն էլ գայթակղություն ունեն, ուզում են սեփական երկրի հասարակությունը մոնոլիտ ու կայուն տեսնել, բայց հարկավոր է ազատվել այդ պատրանքներից եւ դադարել առաջնորդվել ստերեոտիպներով։ Ոչ միայն թուրքական հասարակությունը մեր մասին շատ բան չգիտի, այլեւ՝ ինքներս մենք մեր մասին շատ քիչ բան գիտենք։ Եվ ուզենք թե չուզենք՝ պետք է ընդգրկվենք դիալոգի մեջ։ Ե՛վ թուրքական, եւ՛ հայաստանյան հասարակության մեջ առաջադեմ շերտեր կան, որոնք հասկանում են այդ երկխոսության անհրաժեշտությունը»։

Տ.Խզմալյանը համոզված է նաեւ, որ Եղեռնի հարցի ճանաչումը կարելի է լուծել մշակույթի միջոցով։ «Հաճախ հենց թուրքերն էին բարձրացնում Հայոց եղեռնի հարցը։ Ընդհանրապես այնպիսի տպավորություն էր, որ երիտասարդ թուրքերն ավելի ակտիվորեն են ցանկանում քննարկել ցավոտ հարցերը, ուզում են ավելի շատ բան իմանալ։ Նրանք չէին խուսափում հարցադրումներից։ Թուրքիայում հիմա մշակութային «տենդ» կա, եւ հասարակությունը ցանկանում է «մարսել» իրենց հասած մշակույթը։ «Երկունք» ֆիլմի դիտումից հետո, օրինակ, շատերը մոտենում էին ինձ ու հարցնում՝ ճի՞շտ է, որ Չարենցը Կարսում է ծնվել, իսկ ինչպե՞ս է կարողացել փրկվել։ Նրանք ուզում են ճանաչել պատմությունը»,- պատմեց «Այգեպար» ֆիլմի սցենարի հեղինակ, հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանը։

17 մլն բնակչություն ունեցող Ստամբուլում հասարակությունը խիստ բազմաշերտ է, մեր փոքր Երեւանում թերեւս՝ նույնպես։ Մեր տարածաշրջանում այնքան զարմանալի ու տարաբնույթ խմորումներ են տեղի ունենում, որոնք քննարկելիս կարելի է ճիշտ հարցերի շարանի սկիզբ դնել։ Իսկ ճիշտ պահին առաջ քաշած հարցերը հաճախ ավելի մեծ գործ են անում, քան պատրաստի պատասխանների «մերկ» ներկայացումը։ Կինոն հարցադրումների լայն դաշտ է բացում ու ակտիվ եւ վերլուծող հասարակություն ձեւավորելու գործում շատ մեծ դեր կարող է ունենալ։

Անցյալ տարիների «Ոսկե ծիրանի» նմանատիպ սեմինարները ցույց տվեցին, որ կարելի է հանգիստ ու պրոֆեսիոնալ զրույց ունենալ միմյանց հետ, ճանաչել եւ ճանաչել տալ սեփական պատմությունը։ «Մենք պատմաբաններ չենք, բայց մենք պատրաստ ենք քննարկել միմյանց արածը։ Իհարկե, քննարկումներին պատրաստ է հասարակության շատ նեղ շերտը, բայց այդ շերտը ինտելեկտուալ շերտ է եւ չի խուսափում մարդկային մակարդակի վրա խոսել հայոց պատմության մասին»,- ասաց Սուսաննա Հարությունյանը։

Պարզապես, հանդիպելուց, ծանոթանալուց ու զրուցելուց բացի, մեր տարածաշրջանում հարկավոր է գործնական կինոծրագրեր իրականացնել։ Եվ այս տարվա «Ոսկե ծիրանը», «Ռեժիսորներ առանց սահմանների» սեմինարից բացի, իր շրջանակներում կընդգրկի նաեւ կինոլրագրության ծրագրերն ու փորձ կանի շատ կոնկրետ ուրվագծել համագործակցության մոդելները։ Այս տարի երիտասարդ հայ ռեժիսորների համար վարպետության դասեր կանցկացնեն միջազգային հռչակ ունեցող ռեժիսորները։ Տասնօրյա վարպետության դասընթաց կվարի նաեւ կանադահայ հայտնի ռեժիսոր Ատոմ Էգոյանը։ «Դա շատ գործնական ծրագիր է լինելու։ Կինոն շատ ինտերնացիոնալ հանդիսատես ունի, իսկ մեր տարածաշրջանը շատ հետաքրքիր է աշխարհի համար»,- վստահեցնում է Ս. Հարությունյանը։

Սակավաթիվ կինոպրեմիերաներ ունեցող մեր հանրապետությունում կինոզարգացումը կարելի է խթանել համատեղ նախագծերով ու ակտիվորեն ընդգրկելով Կինոյի ինստիտուտի ուսանողներին։ Թուրքիայում, օրինակ, յուրաքանչյուր ուսանող իր ուսման ընթացքում պարտավոր է առնվազն երեք ֆիլմ նկարահանել, եւ այդ դեպքում քանակն անպայման որակի է հանգեցնում։

«Կինոհիմնադրամներից շատերը պատրաստ են համագործակցել ու աջակցել համատեղ ֆիլմերի արտադրությանը։ Ոչ մի պետություն միայնակ չի կարող գոյատեւել կինոշուկայում։ Հաջողության են հասնում միայն համատեղ նկարահանված ֆիլմերը, քանի որ գործում են աշխարհում միավորված կինոֆոնդեր եւ մշակված է համատեղ ֆիլմարտադրության ստրուկտուրան։ Վերջին 20 տարիների ընթացքում չի կարելի մեկ եվրոպական ֆիլմ գտնել, որը միայն մեկ երկրում արտադրված լինի, բոլոր ֆիլմերը համատեղ արտադրանք են»,- ասում է Ս.Հարությունյանը։