Տարին առայժմ բարենպաստ է

13/05/2005 Արսեն ԲԱՐՍԵՂՅԱՆ

Բուսաբուծության վարչության պետ Գառնիկ Պետրոսյանը գտնում է, որ Արարատյան
դաշտում, շնորհիվ գարնանային տեղումների, առայժմ ոռոգման խնդիր չի
առաջացել, սակայն այլ կարծիքի են ծանր-կավային հողատարածքներ զբաղեցնող
գյուղացիական տնտեսություններում, որտեղ ջրի խնդիրն օրհասական են
համարում: Հավելենք նաեւ, որ ոռոգման ժամկետների եզրակացություններ տվող
Գյուղնախարարությունը զարմանալիորեն կապ չունի այդ գործընթացն իրականացնող
ջրային տնտեսության հետ: Ստացվում է, որ նախարարության ջրօգտագործման հետ
կապված մասնագիտական եզրակացությունները պարտադիր չեն: Ինչեւէ, անկախ այս
ամենից, գարնանային գյուղատնտեսական աշխատանքներն ընթացքի մեջ են:
Նախնական կանխատեսումների համաձայն` բարձր բերք պետք է ակնկալել պտղատու
եւ խաղողի այգիներից, հացահատիկային եւ բանջարանոցային մշակաբույսերից:
Ինչպես ասում է Գյուղնախարարության պաշտոնյան, եթե հետագայում
բնակլիմայական պայմանները լուրջ բարդություններ չառաջացնեն, ապա լավ բերքը
երաշխավորված է: (Սա նման է այն հումորին, որտեղ հիվանդը հարցնում է
բժշկին, թե որքան կապրի, իսկ բժիշկը պատասխանում է` եթե մինչեւ մեռնելը
ոչինչ չպատահի` կապրի): Իսկ ջերմաստիճանային ռեժիմի անկումներ սպասվում են
ապրիլի 18-25-ը, ինչը, սակայն, Բուսաբուծության վարչության պետի
լավատեսությամբ նոր անակնկալներ չի մատուցի:

Եղանակի հաջորդ քմահաճ վտանգը կարկտահարությունն է: Նախկինում, ԽՍՀՄ
տարիներին, բոլոր կարկուտավտանգ շրջաններում գործում էին հակակարկտային
ջոկատներ, որոնք զենիթային հրանոթներով էին կահավորված եւ յուրաքանչյուր
համազարկի ժամանակ 150-200 արկ էին կրակում: Բացի այն, որ այս ջոկատները
բարդ ու ծախսատար էին, դրանք նաեւ սպառվեցին, քայքայվեցին ու թալանվեցին:
Այս հարցն էլ կարծես իր լուծումն է ստանում եւ, ըստ հանրապետության
գլխավոր բուսաբույծի, Հայաստանում փորձ է արվում կիրառել հակակարկտային
արգենտինյան մոդելը, որն ավելի անվտանգ է ու մատչելի: Օրերս կավարտվեն
արդեն ներկրված 15 հակակարկտային տեղակայանքների մոնտաժման աշխատանքները
եւ փորձարկումների դրական արդյունքների դեպքում դրանք կտարածվեն ու
կզարգանան: Աչքի տակ ունենալով Հայաստանում տարբեր միջոցների ներդրման
դառը փորձը, դեռեւս հայտնի չէ, թե որքան թանկ կնստի արգենտինյան մոդելը
հայ գյուղացու վրա:

Գյուղատնտեսության նախարարությունը եւս երկու կարեւոր խնդիր է վերցրել իր
վրա` մորեխների եւ կրծողների դեմ պայքարը: Այս տարի շուրջ 18 տ մկնային
թունաքիմիկատներ անվճար կտրամադրվեն համայնքներին, որի նպատակով
պետությունը կվճարի 70 միլիոն դրամ, նախարարությունը 20-22 միլիոն դրամ
տրամադրել է մորեխների դեմ պայքարի միջոցառումների իրականացման համար:
Պայքարի միջոցառումները դեռեւս չեն սկսվել, մնում է միայն հուսալ, որ
անվճար տրամադրվող այս թունաքիմիկատները գյուղացուն չեն վերավաճառվի հմուտ
գործարարների կողմից:

Գյուղացուն հուզող թերեւս կարեւորագույն խնդիրներից մեկը պարարտանյութերի
ձեռքբերումն է: Եթե անտեսենք ֆոսֆորական եւ կալիումական խիստ կարեւոր
պարարտանյութերը, ապա ազոտականի հարցը եւս նախարարությունն իր վրա է
վերցրել:

Ըստ Բուսաբուծության վարչության պետի` կառավարության աջակցությամբ 21.500
տ ազոտական պարարտանյութ է ներկրվում Հայաստան, իսկ ավելի ստույգ, «Դվին»
հոլդինգն իր կողմից ներկրած պարարտանյութերից այդ խմբաքանակը հատկացնում է
մարզերին, որոնք էլ նախօրոք ներկայացրած հայտերի հիման վրա այն բաց են
թողնում համայնքներին` 1 տոննայի դիմաց գանձելով 74.000 դրամ, այսինքն` 1
պարկը` 3700 դրամ: Սակայն այդ պարկերը, հասնելով գյուղացուն, դառնում են
3900 դրամանոց: 200 դրամ լրավճարները գյուղական համայնքներում
մեկնաբանվում են որպես տեղափոխման եւ բեռնավորման վրա կատարված ծախսերի
փոխհատուցում: Սա կարելի էր համարել նորմալ, եթե չլինեին հետեւյալ
հանգամանքները: Նախ, շուկայում պարարտանյութերի առքուվաճառքով զբաղվողները
վստահեցնում են, որ մեկ պարկը 4400 դրամով վաճառվող ամոնիումական սելիտրան
իրենք ձեռք են բերում 4200 դրամով` յուրաքանչյուր պարկի մեջ աշխատելով
հենց նույն 200 դրամը: Հայրենի կառավարությունը բավականաչափ մեծ գումարներ
է հատկացնում յուրաքանչյուր պարկի դիմաց հենց 200 դրամի տարբերությունը
«սուբսիդավորելու» նպատակով: Իսկ սույն գործընթացը վերահսկող
նախարարությունում այս հանգամանքն անտեսվում է: Պարարտանյութերի
առքուվաճառք իրականացնող «Դվին» հոլդինգի առաքման բաժնի պետ Սերգեյ
Մուրադյանը վստահեցնում է, որ ազատ վաճառքի դեպքում 1 պարկ սելիտրայի
արժեքը միջին հաշվով կազմում է 3900-4000 դրամ: Կրկին անգամ ստանում ենք
այդ նույն 200 դրամի տարբերությունը: Պարզվում է նաեւ, ինչպես փաստում են
պարարտանյութ վաճառողները, ամռանը, ցորենի բերքահավաքից հետո եւ
ձմեռնամուտին պարարտանյութի գինը նվազում է` 4400-ից հասնելով 4200-4000
դրամի: Ամփոփելով այս բարդ թվաբանությունը, կարող ենք եզրակացնել, որ
պետական միջոցներից 21.500 տ պարարտանյութի խմբաքանակի 1 պարկը 200 դրամով
«սուբսիդավորելու» նպատակով հատկացվող հաշվարկային 86 միլիոն դրամը
ծախսվում է աննպատակ, մինչդեռ կարելի է ուղղակի վերահսկողություն սահմանել
շուկայում տիրող գնային քաղաքականության վրա, հատկապես այն պարագայում,
երբ վաճառքի հանված ապրանքները չեն մրցակցում որակական առումով, քանզի
բոլոր դեպքերում շուկան ողողված է նույն վրացական անորակ սելիտրայով:
Ինչպես ժողովուրդն է ասում` պետությունը 86 միլիոնի ձեռքը կրակն է ընկել:
Իսկ այս խոշոր գումարի հասցեատեր «Դվին» հոլդինգի առաքման բաժնի պետը մեկ
անգամ եւս ապացուցեց շուկայի անվերահսկելիությունը: Եթե հաշվի առնենք, որ
ամոնիումական սելիտրան պետպատվերի շրջանակներում վաճառվում է 1 պարկը 3700
դրամով, իսկ ազատ վաճառքի դեպքում՝ միջին հաշվով 3900-4000 դրամով, ապա
անհասկանալի է, թե ինչու պարոն Մուրադյանը տավուշցիներից 1 տոննա
պարարտանյութի դիմաց պահանջեց 84.000 դրամ, այսինքն` 1 պարկը 4200 դրամ: