Ստուգումները եւս` կամերալ

20/04/2008

Հարկային ոլորտում դեռեւս երկու տարի առաջ կատարված օրենսդրական փոփոխություններով Հայաստանում առաջին անգամ սկսել են իրականացվել կամերալ (գրասենյակային) ստուգումներ: Այդ աշխատանքների կապակցությամբ ՀՀ կառավարությանն առընթեր Հարկային պետական ծառայությունը մինչ օրս տնտեսվարող սուբյեկտներից դիմում-բողոքներ չի ստացել: ՀՊԾ պետի տեղակալ Արմեն Ալավերդյանն «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ կամերալ ստուգումները ոչ թե խոչընդոտում, այլ հեշտացնում են հարկ վճարողի գործը: «Կամերալ ստուգումներն ավելի շուտ վերլուծական աշխատանք են: Հարկային մարմինը կամերալ ստուգումներ իրականացնելիս պարտավոր է հարկ վճարողների հաշվետվության ցուցանիշները համեմատել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի թվերի հետ եւ թերացումներ բացահայտելու դեպքում տնտեսվարողին առաջարկել որոշակի ժամանակահատվածում ուղղումներ կատարել հաշվետվություններում»,- նշել է Ա. Ալավերդյանը` հավելելով, թե հանրապետությունում գործող խոշոր հարկ վճարողների 40 տոկոսի մոտ այսօր իրականացվում են կամերալ ստուգումներ: Այս աշխատանքներն, ըստ նրա` առայժմ չեն ընդգրկում ամբողջ դաշտը համապատասխան մասնագիտական փորձի բացակայության պատճառով: