Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ ԼՂՀ հակամարտության կարգավորման շուրջ հանդիպումը հնարավոր է «ամենամոտ ժամանակներս»: Այդ մասին նախօրեին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի գործերով օգնականի տեղակալ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան` ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովում ՀՀ-ի իրավիճակի հարցով լսումների ժամանակ: Նա միանշանակ պատասխան չի տվել օրենսդիրների խնդրանքին՝ ճշտելու, թե կոնկրետ երբ կարող են կայանալ բանակցությունները: Բրայզան նշել է, որ այդ հանդիպման կազմակերպումը «կարող է ամիսների գործ լինել»: Ըստ նրա՝ Ադրբեջանի եւ ՀՀ ԱԳ նախարարները, որոնք պետք է նախապատրաստեն 2 երկրների նախագահների բանակցությունները, «կարող են հանդիպել մոտավորապես մեկ ամիս հետո»: Ամերիկացի դիվանագետը եւս մեկ անգամ հավաստել է, որ, Վաշինգտոնի տեսանկյունից, ԼՂՀ հակամարտությունը ռազմական լուծում չունի: «Ըստ ԱՄՆ-ի՝ ՀՀ-ի եւ Ադրբեջանի նախագահները պետք է փոխզիջումային քաղաքական համաձայնությունների հասնեն»,- ԱՄՆ Կոնգրեսին առընթեր գործող Հելսինկյան հանձնաժողովի նիստում հայտարարել է Մ. Բրայզան: Նա նաեւ համաձայն չէ այն գնահատականների հետ, թե Մինսկի խմբի գործունեությունն այլեւս արդյունավետ չէ: Ըստ նրա՝ խմբի աշխատանքն ունի «հսկայական արժեք եւ շատ օգտակար է»: