Նաիրա Ալոյանը 36 տարեկան է: Ապրում է Վարդենիսում: 9 երեխա ունի՝ 3 տղա,
6 աղջիկ: Երեխաների ծննդյան թվերն անգիր չի հիշում: Որպեսզի արագ եւ հեշտ
լինի, բերում է «Փարոսի» գրքույկն ու սոցքարտերը, ուր կարդում ենք՝
Նունեյան Վահե. ծնվել է 1990 թվականին, Սուրեն՝ 1991թ., Արա՝ 1992թ.,
Լիլիթ՝ 1996թ., Քնարիկ՝ 1997թ., Լուսինե՝ 1999թ., Նունե՝ 2001թ., Նարինե՝
2003թ., Ալլա՝ 2004թ.: Նունեն հազիվ է հասցնում խնամել 9 երեխային եւ
վարել տնտեսությունը: Ամուսինը հիվանդ է, երկրորդ կարգի հաշմանդամ: Նա
Նաիրային ոչնչով չի կարողանում օգնել. «Ստամոքսի խոց ուներ՝ վիրահատել են,
բայց հիմա նորից աճել է, ոչ մի գործ չի կարողանում անել»: 11 հոգանոց
ընտանիքի եկամուտը մոտ 1000 քմ տնամերձից ստացված կարտոֆիլն է, մեկ
տասնյակ հավերի ածած ձվերը, որ հիմնականում տանում են խանութ ու
փոխանակում մթերքի հետ, միակ կովից ստացած կաթը, ամուսնու հաշմանդամության
թոշակն ու երեխաների նպաստը, որ միասին կազմում է 45.500 դրամ: Այսինքն՝
ընտանիքի յուրաքանչյուր անդամի ամսական հասնում է մոտ 4137 դրամ «չոր»
փող: Դպրոցահասակ երեխաներից միայն Քնարիկն է դպրոց հաճախում: Մնացածները
շոր, կոշիկ ու գիրք չունենալու պատճառով վաղուց մոռացել են դպրոցի
ճանապարհն ու օգնում են մորը՝ վարել աղքատիկ տնտեսությունը: «Վահես
ութերորդ դասարան պիտի լիներ արդեն, բայց դպրոց չի գնում, հրեն, կովը
տարել ա չոլ, որ կաթ ու մածուն լինի՝ գոնե մնացածներն ուտելու բան
ունենան»: Քնարիկն, արդեն մի քանի օր է, ամաչում է դպրոց գնալ, որովհետեւ
օրերը տաքացել են ու ոտքերը խաշվում են ձմեռային կոշիկների մեջ: Նորն էլ
դեռ չեն կարողանում գնել: «Հունվարից երեխաների նպաստը չեն տվել, ամեն օր
խաբում՝ էսօր-էգուց են անում»: Վարդենիսի սոցապբաժնում, որպեսզի նպաստը
շուտ տան, Նաիրայից «մաղարիչ» են պահանջել. «Ասացին՝ մի ամսվա փողը մեզ
թող, որ մնացած ամիսներինը շուտ տանք»: Սոցապբաժնի պետ Արամ
Հարությունյանը Գեղարքունիքի մարզպետ Ստեփան Բարսեղյանի քրոջ տղան է:
«Ասում է՝ քեզ ո՞վ ա խնդրել՝ էդքան էրեխա բերես-շարես, որ հիմա էլ չես
կարողանում պահել,- պատմում է Նաիրան: -Բերել եմ, որ վաղը բանակ տանեք՝
ձեզ պաշտպանի: Հետո էլ՝ ես հո չե՞մ գնացել իրենից փող ուզել, հաց ուզել,
ես իմ երեխեքի հասանելիքն եմ ընդամենը ուզել»: Մի անգամ էլ Նաիրան չի
ափսոսել, փող է պարտք արել, գնացել գավառ՝ մարզպետի մոտ: «Ասի՝ էսքան որ
փողեր եք ստանում տարբեր ծրագրերով, ամեն օր տելեվիզորով լսում ենք, ինչ
կլինի՝ մի քիչ էլ բազմազավակ ընտանիքներին օգնեք»: Մարզպետն օգնություն է
«գրել»՝ 5000 դրամ. «Էդ էլ իմ գնալ-գալու պարտքը փակեցի,- լացակումած
ասում է Նաիրան,- ամոթ էլ էր՝ էդ 5000 դրամը գետնին գցած լինի՝ ինքը չի
կռանա վերցնի»: Նաիրային միայն Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանն է
օգնում. «Ինչով կարողանում՝ օգնում է, էդ մարդն էլ մենակ հո բոլորին չի՞
կարա օգնի, գիտե՞ք իմ նման քանի-քանիսն են օրական մոտը վազում»:
Քաղաքապետի շնորհիվ ընտանիքն արդեն մեկ ամիս է, գազ ունի:
Նաիրան բազմաթիվ դռներ է ծեծել աջակցության հույսով. «Մի նամակ էլ Գագիկ
Ծառուկյանին գրեցի՝ բանի տեղ չանցավ,- պատմում է,- երեխեքիս բերանից
կտրում, գնում-հասնում եմ իրանց դուռը՝ հույսով, որ մի բանով կաջակցեն,
բայց իզուր, փողերս անտեղի ծախսվում են տրանսպորտի վրա»: Կարտոֆիլի ցանքսն
ավարտվի, Նաիրան պատրաստվում է գնալ ՀՀ նախագահի մոտ: Բազմազավակ մայրը
համոզված է, որ նախագահը գթասիրտ կլինի իր ընտանիքի հանդեպ. «Գոնե օգնեն
էրեխեքիս դպրոց ուղարկեմ՝ անգրագետ զինվորն ո՞ւմ ա պետք», կամ՝ «Գոնե մի
կովը երկուս սարքեմ, որ իրանց մուննաթին չմնամ էլ»: Նաիրան նախագահին էլ է
նամակ գրել, որ պետք է տանի, ու քանի որ իր գրած նամակները միշտ
անպատասխան են մնացել, սովորաբար կորել են տարբեր ընդունարաններում, հույս
ունի, որ թերթում տպագրելով՝ գուցեեւ չվրիպի նախագահի աչքից.
«ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին.
Ես՝ Նաիրա Ալոյանս, ապրում եմ Վարդենիս քաղաքում, ունեմ 9 անչափահաս
երեխա: Ապրում եմ սոցիալապես անապահով, չունեմ ոչ մի եկամուտ, տղաներիս
չեմ կարողանում դպրոց ուղարկել, չունեն ոչ կոշիկ, ոչ շոր: Ես խնդրում եմ
ձեզ, հնարավորության սահմաններում, եթե գաք Վարդենիս, այցելեք մեզ, մեր
պայմանները տեսեք: Ամուսինս երկրորդ կարգի հաշմանդամ է, չի աշխատում,
հնարավորություն չունեմ հացի փող վաստակելու: Խնդրում եմ միջոցներ ձեռք
առնել եւ օգնել մեզ՝ երեխաներիս առողջ մեծացնելու համար: Վաղը ձեզ պետք է
այսօրվա սերունդը: Բանակում առողջ զինվորներ են պետք եւ գրագետ»: