Մարտունիում պատրաստվում են գարնանացանին

20/04/2008 Հայկուհի ԲԱՐՍԵՂՅԱՆ

Չնայած Մարտունին քաղաք է, բայց այստեղ մարդիկ հիմնականում զբաղվում են հողագործությամբ: Մշակում են կարտոֆիլ, գարի եւ ցորեն: Այստեղ ամեն տարի մշակվում է մոտ 220 հա կարտոֆիլ, 150 հա գարի եւ 148 հա ցորեն:

Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանում շուտով կսկսվի գարնանացանը: Մարդիկ արդեն սկսել են սերմացուն նախապատրաստել ցանքի համար: Սակայն բնությունը շատերին տհաճ անակնկալ է մատուցել` շատերի կարտոֆիլի սերմացուն ձմռան ընթացքում ցրտահարվել է:

«Ոչ մի տարի էսպիսի դեպք չէր պատահել: Անելանելի վիճակ է: Երեւի մեկից պարտքով փող կխնդրեմ, կամ ոսկեղենս գրավ կդնեմ` նոր սերմացու գնելու համար: Ուրիշ ելք չկա: Ձմռանը որ կարտոֆիլ չլինի, բա ո՞նց պիտի ապրենք»,- ասում է Մարտունի քաղաքի բնակիչ Կարինե Բարսեղյանը:

Տիկին Կարինեն, սակայն, մտադիր է իր տնամերձ 15 ար հողամասից մշակել միայն 10-ը, որովհետեւ հազիվ այդքան սերմացու կարողանա ձեռք բերել:

Մարտունու քաղաքաշինության եւ գյուղատնտեսության բաժնի պետի տեղակալ Ավագ Ասպատուրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք այս տարի կարտոֆիլի տնկանյութի ցրտահարման մասին ահազանգեր բնակիչներից շատ են ստացել: Գրավոր բողոքներ, սակայն, չեն ընդունել, քանի որ առայժմ հույս չկա, որ կառավարությունը որեւէ փոխհատուցում կտրամադրի բնակիչներին: «Սա բնական աղետ չէ, ցրտահարությունը տեղի է ունեցել բնակիչների անզգուշության պատճառով: Բայց մենք, ամեն դեպքում, դիմել ենք մարզպետարան, Գյուղատնտեսության նախարարություն: Եթե անգամ մի փոքր հնարավորություն լինի, անպայման կօգնենք տուժած բնակիչներին»,- ասում է Ավագ Ասպատուրյանը: Իսկ առայժմ քաղաքապետարանը փորձում է մատչելի գներով սերմացու ապահովել բնակիչներին (գարնանացան գարու արժեքը 180-200 դրամ է, կարտոֆիլի արժեքը` 200-420 դրամ` առանց փոխադրավարձի): Քաղաքապետարանը պատրաստ է սերմացուի փոխադրման ծախսերը հոգալ, սակայն, ըստ Ա. Ասպատուրյանի, բնակչության կենսամակարդակն այնքան ցածր է, որ անգամ նման գներով չեն կարողանում սերմացու ձեռք բերել: «Մեր հողերը հիմնականում 3-րդ կարգի են, առանց բարձրորակ սերմի եւ պարարտանյութի, առանց կանոնավոր ոռոգման հնարավոր չէ լավ բերք ստանալ (տարեկան 1 հեկտարից միջինը ստանում են 25-30 ցենտներ գարի եւ ցորեն եւ 250-300 ցենտներ կարտոֆիլ): Իսկ բնակիչների սոցիալական դրությունը թույլ չի տալիս որակյալ սերմացու եւ պարարտանյութ ձեռք բերել: Այս ամենի պատճառով համայնքապատկան հողերից 170 հա չի մշակվում»,- նշում է պարոն Ասպատուրյանը` չբացառելով, որ այս տարի անմշակ հողերի քանակը կմեծանա:

Մարտունի քաղաքի բնակիչ Երազիկ Բաղդասարյանը մեկն է այն բնակիչներից, ով տուժել է ձմռան ցրտերի պատճառով: Նա ո՛չ կարող է իր մի կտոր հողամասն անմշակ թողնել, ո՛չ էլ սեփական միջոցներով սերմացու ձեռք բերել: Նա այժմ բարդ խնդրի առջեւ է կանգնած: «Կարտոշկա որ չունենամ, վեց-յոթ ամիս ձմեռ ա անում, բա ի՞նչ պիտի ուտենք: Հարազատներիցս մի քիչ կխնդրեմ, սրան-նրան մշակություն կանեմ, որ փոխարենը մի քիչ սերմ տան, ցանեմ: Աստված ողորմած ա, մի բան կանենք»,- ասում է տիկին Երազիկը: Իսկ, օրինակ, մարտունեցի Արամ Խաչատրյանն այս տարի ոչ միայն չի պատրաստվում հող մշակել, այլեւ մտադիր է հրաժարվել «Գոմեր» կոչվող տարածքի իր հողակտորից: Ըստ նրա` հող մշակելով հազիվ գոյատեւում են, որովհետեւ ծախսն ավելի շատ է լինում: Իսկ այս տարի, երբ կարտոֆիլի սերմացուն էլ է ցրտահարվել, հող մշակելը մեծ ծախսեր կպահանջի: Ա. Խաչատրյանը դեմ է նաեւ հացահատիկային բույսեր մշակելուն, քանի որ, ըստ նրա, բերքի կեսից ավելին կորցնում են բերքահավաքի ժամանակ տեխնիկայի ուշանալու կամ անսարքության պատճառով:

Խնդիրն այն է, որ անկախացումից հետո գյուղտեխնիկան սեփականաշնորհվել է: Մեխանիզատորներից շատերը, չկարողանալով դրանցով ապրուստ վաստակել, իրենց գյուղտեխնիկան վաճառել են այլ համայնքների: Իսկ նրանք, ովքեր այժմ գյուղտեխնիկա ունեն, չեն կարողանում դրանք նորմալ շահագործել, քանի որ տեխնիկան հին է ու մաշված, եւ նոր պահեստամասերի կարիք ունի: «Բնակիչներն ի վիճակի չեն մեխանիզատորին միանգամից վճարել ծառայության համար: Գումարը վճարում են մաս-մաս ողջ տարվա ընթացքում, ուստի մեխանիզատորներն էլ ի վիճակի չեն լինում նոր պահեստամասեր գնել տեխնիկայի համար: Ուստի դաշտային աշխատանքների ժամանակ դրանք հաճախ փչանում են»,- ասում է Ավագ Ասպատուրյանը:

Իսկ արդյունքում տուժում է հասարակ հողագործը: Ա. Ասպատուրյանի հավաստմամբ` այս պարագայում բնակչին կարող է օգնել միայն պետությունը: Եթե, օրինակ, բնակիչը կարողանա երկարաժամկետ վարկ վերցնել` առաջին մի քանի տարին առանց տոկոսադրույքի, ապա նա կկարողանա եւ՛ որակյալ սերմացու, եւ՛ պարարտանյութ գնել, եւ՛ հողը մշակելիս օգտվել գյուղտեխնիկայից ու ժամանակին վճարել մեխանիզատորին: Այս պարագայում, ըստ Ա. Ասպատուրյանի, բնակիչը նաեւ եկամուտ կունենա, եւ ստիպված չի լինի գոյատեւել հողը մշակելով: