Երեկ ԱԺ-ում ավարտվել են Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետների հետ քննարկումները՝ «Ժողովներ, երթեր, հանրահավաքներ եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքի շուրջ: Նաեւ ստորագրվել է հուշագիր եւ մինչեւ ապրիլի 25-ը փոփոխությունների նախագիծն ուղարկվելու է եվրոպական փորձաքննության: Փորձագետներն առաջարկել էին լրամշակել օրենքը: Առաջարկել են` հստակեցնել զանգվածային միջոցառման արգելման եզրակացության հավաստիությունը հաստատող հիմքերը, հստակեցնել իրազեկման քննարկման համար նախատեսված ժամկետները եւ սահմանել պայմաններ ինքնաբուխ միջոցառումների անցկացման համար: ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն «Ազատության» թղթակցի հետ զրույցում` անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի հետ երկխոսություն ծավալելու հնարավորությանը, ասել է. «Այն պահվածքը, որը գոյություն ունի, ակնհայտորեն ցույց է տալիս, որ Լ. Տեր-Պետրոսյանը եւ իր գլխավորած քաղաքական ուժը երկխոսության նպատակ երբեք չեն ունեցել եւ այսօր էլ չունեն»: Լ. Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանն էլ իր հերթին «Ազատությանն» ասել է, թե Տեր-Պետրոսյանը ՍԴ-ում արտասանած իր ճառում կողմ է արտահայտվել երկխոսությանը: «Մինչդեռ իշխանությունների կողմից որեւէ քայլ՝ ուղղված երկխոսությանը, բացի դատարկ կոչերից, չի եղել»,- ասել է Մուսինյանը: